Ցեղասպանության ճանաչման օրակարգը պատմականորեն գերագնահատել ենք. Սինանյան

Լիա Ավագյան
Սփյուռքում մենք պատմականորեն գերագնահատել ենք Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման օրակարգը, իսկ այդ ուղղությամբ տասնամյակների աշխատանքը Հայաստանի և Սփյուռքի համար տեսանելի դրական արդյունք չի ապահովել։ Այս մասին ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Հանրային հեռուստաընկերության՝ կիրակի երեկոյան հեռարձակած հարցազրույցում։
«Ցեղասպանության ճանաչումը, իհարկե կարևոր է, չնայած, իմ կարծիքով, մենք պատմականորեն,- հիմա արդեն որպես նախկին սփյուռքահայ եմ խոսում,- պատմականորեն այդ հարցը գերագնահատել ենք և սխալ ձևով ենք ձևակերպել»։
Նա վիճարկել է Սփյուռքի ավանդական քաղաքական օրակարգի մի շարք առանցքային դրույթներ՝ Հայոց ցեղասպանության ճանաչման նշանակությունից մինչև սփյուռքյան կառույցների՝ Հայաստանի կառավարության հետ հարաբերությունները և ամբողջ Սփյուռքի անունից խոսելու նրանց մանդատը։
Նրա խոսքով՝ Ցեղասպանությունը պատմական փաստ է և դա «ճանաչելու խնդիր» չկա։ Սինանյանը հարց է բարձրացրել նաև այն մասին, թե տարբեր պետությունների կողմից ցեղասպանության հաստատումից հետո ինչ գործնական արդյունք է ստացվել։
Նա նշել է, որ արևմտյան բազմաթիվ երկրներ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, սակայն այդ գործընթացից հետո դրանից այն կողմ ոչինչ չի եղել։
«Դա ինչի՞ է բերել, ինչ-որ դրական արդյունք ունեցե՞լ է, ասենք, Սփյուռքի կյանքում, սփյուռքահայերի կյանքում, Հայաստանի Հանրապետության վրա ունեցե՞լ է դրական ազդեցություն։ Ես չեմ կարողանում տեսնել այդ դրական ազդեցությունը»,- ասել է Սինանյանը։
Սինանյանը պնդել է, որ Հայոց ցեղասպանության փաստը հայերի համար առաջին հերթին պատմական իրողություն է, որից պետք է դասեր քաղել։ «Հայոց ցեղասպանությունը տեղի ունեցավ, որովհետև մենք չունեինք պետություն, որը կարողանար իր բնակչությանը պաշտպանել»,- ասել է նա։
Սինանյանը հիշատակել է նաև ԱՄՆ նախագահների տարբեր մոտեցումները։ Նա նշել է, որ Ջո Բայդենը օգտագործել էր «ցեղասպանություն» եզրը, իսկ Դոնալդ Թրամփը կրկին կիրառում է «Մեծ եղեռն» ձևակերպումը։ Նրա խոսքով՝ սա ևս ցույց է տալիս, թե ինչու այլ պետությունների քաղաքական դիրքորոշումները չեն կարող հայկական օրակարգի ինքնանպատակ լինել։
«Մեր շահը մեր ապագան է... Անցյալը ինքնին նպատակ չի կարող լինել կամ նույնիսկ անցյալի վերահաստատումը չի կարող լինել ինքնին նպատակ, մանավանդ՝ այլ երկրների կողմից»,- ասել է Սինանյանը։
Քննադատություն Հայ դատի կառույցների հասցեին
Սինանյանը հարցականի տակ է դրել նաև Հայ դատի հանձնախմբերի աշխատանքի ավանդական ուղղությունը։ Նրա խոսքով՝ եթե բազմաթիվ երկրներում Հայոց ցեղասպանության պատմական փաստն արդեն հաստատվել է, անհրաժեշտ է հասկանալ, թե որն է հաջորդ նպատակը։
«Եթե Ֆրանսիայում, Ավստրալիայում ու ևս մի քանի տասնյակ եվրոպական երկրներում այդ հաստատումը արդեն շուտվանից տեղի է ունեցել, ինչի՞ վրա են աշխատում հիմա, հաջորդը ի՞նչ է»,- ասել է նա։
Սինանյանի խոսքով՝ մեկ հարցի վրա անընդհատ կենտրոնանալը տեղի է ունենում մյուս խնդիրների հաշվին։ Նա նշել է, որ Սփյուռքում մարդիկ ունեն ինչպես կենցաղային, այնպես էլ հայապահպանման խնդիրներ։ Ըստ Սինանյանի՝ Սփյուռքի երիտասարդների հայկական ինքնությունը չպետք է կառուցվի միայն Ցեղասպանության ճանաչման կամ վերահաստատման գործընթացի շուրջ. «Եթե դու երիտասարդներին համոզում ես, որ մեր ինքնությունը կախված է Ցեղասպանության այս վերահաստատման կամ ճանաչման գործընթացից, ուրեմն ճանաչման պահից դու երիտասարդներին զրկում ես ապագա որևէ նպատակից»։
Սինանյանը նշել է, որ հայերն ունեն պատմություն, լեզու, մշակույթ և պատմական հայրենիք, և հենց դրանք պետք է շարունակեն հատկապես Սփյուռքի երիտասարդներին կապել իրենց ինքնության հետ։ Նրա խոսքով՝ ինքն ավելի շատ կուղղորդեր աշխատանքը երիտասարդներին Հայաստանի և Հայաստանի Հանրապետության հետ կապելու վրա, քան «երբեմն բարոյական ինչ-որ հաղթանակներ տանելու»։
Նա նաև ասել է, որ այն երկրների քաղաքական գործիչները, որտեղ հայկական համայնքներ կան, հասկացել են, որ կարող են հայկական միջոցառումներում անընդհատ խոսել Ցեղասպանության մասին, իրականում շոշափելի արդյունք չապահովել հայերի համար և այդ կերպ շահել նրանց համակրանքն ու ձայները։
Սինանյանը, որը նախկինում քաղաքական գործունեությամբ է զբաղվել Միացյալ Նահանգներում, ասել է, որ իր աչքով է տեսել, թե ինչպես են կոնգրեսականներն ու սենատորները տարին մեկ անգամ ելույթ ունենում Կոնգրեսում Ցեղասպանության ճանաչման մասին, ինչից հետո հայերը շարունակում են նրանց նվիրատվություններ անել և քվեարկել նրանց օգտին։ «Դա աշխարհի ամենաէժան ձևն է հայկական աջակցությունը ապահովելու համար»,- ասել է նա։
Սփյուռքյան կառույցները պետք է համահունչ լինեն Հայաստանի շահերին
Հայ դատի հանձնախմբերի գործունեության մասին խոսելիս Սինանյանը պնդել է, որ սփյուռքյան կառույցները պետք է իրենց աշխատանքը համահունչ դարձնեն Հայաստանի Հանրապետության շահերին։ «Մեր սփյուռքյան կառույցները պետք է համահունչ աշխատեն Հայաստանի Հանրապետության շահի հետ»,- ասել է նա։
Սինանյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը կոնկրետ քաղաքական միավոր է՝ սահմանված տարածքով, բնակչությամբ և պետական համակարգերով, և կարող է «խոսել մեկ ձայնով», քանի որ ժողովրդավարական ընտրությունների արդյունքում ձևավորվում է կառավարություն, որը ներկայացնում է Հայաստանի շահերը։
Սփյուռքը, նրա կարծիքով, նման միասնական շահ ներկայացնելու հնարավորություն չունի, քանի որ տարբեր երկրներում ապրող հայերը հասարակական և քաղաքական տարբեր միջավայրերում են և չունեն կենտրոնական, ժողովրդավարորեն ընտրված ներկայացուցչական մարմին։ «Խոսել Սփյուռքի շահի մասին, իմ կարծիքով, շատ դժվար է և պարզապես ճիշտ չէ»,- ասել է նա։
Սինանյանը կասկածի տակ է դրել նաև սփյուռքյան որոշ ավանդական կառույցների ներկայացուցչական մանդատը։ Ֆրանսիայի օրինակը բերելով՝ նա ասել է, որ մի կառույցի երկու համանախագահները վերընտրվել են 989 ձայնով, մինչդեռ երկրում, նրա գնահատմամբ, ապրում է 500-600,000 հայ։
«Պետությանը աջակցելը նշանակում է նաև կառավարությանը աջակցել»
Սինանյանի պնդմամբ՝ եթե Հայաստանի ժողովուրդը ժողովրդավարական ընտրությունների միջոցով ձևավորում է կառավարություն, ապա Հայաստանի Հանրապետությանը աջակցելը ենթադրում է նաև այդ կառավարությանն աջակցել։
«Եթե Հայաստանի ժողովուրդը ընտրում է ինչ-որ կառավարություն, ինքնին Հայաստանին աջակցել, Հայաստանի Հանրապետությանը աջակցելը նշանակում է նաև կառավարությանը աջակցել»,- ասել է նա։
Սինանյանը նշել է, որ դա չի նշանակում անպայման համաձայնել կառավարության բոլոր քայլերի հետ, կիսել նրա գաղափարախոսությունը կամ նույնիսկ նպատակները։ Նրա խոսքով՝ սակայն պետք է առնվազն հարգել այն փաստը, որ Հայաստանում ապրող և իրենց քաղաքական որոշումների հետևանքները կրող մարդիկ ընտրել են այդ կառավարությանը։
Նա այս առումով հակադրել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունները Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի իշխանություններին։ Սինանյանի խոսքով՝ ինքը նախկինում չի ընդունել Քոչարյանի և Սարգսյանի կառավարությունները, քանի որ, իր գնահատմամբ, դրանք ժողովրդավարորեն ընտրված չեն եղել և չեն արտահայտել ժողովրդի կամքը։
Փաշինյանի գլխավորած վերջին երեք կառավարությունների մասին Սինանյանն ասել է, որ դրանք ձևավորվել են ժողովրդավարական ընտրությունների արդյունքում, և, նրա պնդմամբ, այդ փաստը որևէ մեկը չի վիճարկում։ Նրա խոսքով՝ եթե Սփյուռքի հայերը ցանկանում են աջակցել և համագործակցել պետության հետ, ապա պետք է նաև աջակցեն և համագործակցեն կառավարության հետ։
Որոշ կառույցների գործունեությունը «ապազգային» է
Հարցազրույցում Սինանյանը կոշտ քննադատություն է հնչեցրել նաև Հայաստանի կառավարության հետ հակադրության մեջ գտնվող սփյուռքյան որոշ կազմակերպությունների հասցեին։
Նրա խոսքով՝ Հայաստանի պաշտոնյաների արտասահմանյան այցերի ժամանակ որոշ կառույցներ փորձել են բոյկոտել հանդիպումները, հայկական կազմակերպություններին հորդորել են չհանդիպել նրանց հետ, իսկ որոշ դեպքերում դիմել են նաև օտարերկրյա պաշտոնյաների։ Ֆրանսիայի օրինակը բերելով՝ Սինանյանն ասել է, որ հայկական կառույցներին զանգահարել են՝ հորդորելով չհանդիպել Հայաստանից ժամանած ներկայացուցիչների հետ, իսկ ֆրանսիացի պետական պաշտոնյաներին կոչ են արել չհանդիպել նրանց հետ։
«Մեր պետության դեմ պայքարելը լավ բան չէ, չպիտի անեն նման բան, չպիտի շարունակեն այս սխալ ուղու վրա իրենց գործունեությունը, որովհետև դա ապազգային է, որովհետև դա վնասակար է»,- ասել է նա։
Սինանյանը նաև պնդել է, որ որոշ կառույցներ «ուղղորդվում են մի երրորդ պետության կողմից»։ Նա չի նշել այդ պետության անունը, սակայն ասել է, որ այն մեծ ազդեցություն ունի հայկական Սփյուռքի մեծ զանգվածի, ինչպես նաև մի կառույցի վրա, որն ունի նաև քաղաքական ներկայություն Հայաստանում։
Սինանյանի խոսքով՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մինչև մոտավորապես 2024 թվականը փորձել է տարբերություն չդնել սփյուռքահայ կառույցների միջև, իսկ ինքը իր այցերի ժամանակ հանդիպման հրավերներ է ուղարկել նաև Հայ հեղափոխական դաշնակցության և Հայ դատի կառույցներին։ Նրա պնդմամբ՝ մի պահ հասկացավ, որ համագործակցության համար մեկնած ձեռքը չի ընդունվում, և շարունակվում են «սադրանքներն» ու «սաբոտաժները»։
Նրա խոսքով՝ իր գրասենյակն ունի սահմանափակ ժամանակ և ռեսուրսներ, ուստի դրանք այժմ ուղղում է այն կազմակերպություններին և անհատներին, որոնք, իր ձևակերպմամբ, «իրոք պետականամետ են» և աջակցում են Հայաստանի ժողովրդի կամարտահայտությամբ ձևավորված կառավարությանը։ Սինանյանն ասել է, որ վերջին շրջանում այլևս մեծ ջանքեր չի գործադրում այդ կառույցների հետ հանդիպելու համար։
«Սփյուռքը պատմականորեն հզորացել է Հայաստանի հաշվին»
Սինանյանը պաշտպանել է նաև Ազգային ժողովում օրեր առաջ հնչած այն պնդումը, թե Սփյուռքը պատմականորեն հզորացել է Հայաստանի հաշվին։ Նա պարզաբանել է, որ հատկապես Սփյուռքի թվաքանակի աճը տեղի է ունեցել Հայաստանի բնակչության արտահոսքի հաշվին։
«Պատմականորեն Սփյուռքը հզորացել է Հայաստանի հաշվին, դա աքսիոմատիկ ճշմարտություն է»,- ասել է նա՝ որպես օրինակ բերելով պատմական տեղահանությունները, Հայոց ցեղասպանության հետևանքով Սփյուռքի ձևավորումը, ինչպես նաև վերջին տասնամյակներին Հայաստանից զանգվածային արտագաղթը։
«Մենք երբևէ չենք ուզում, որ Հայաստանի հաշվին Սփյուռքը մեծանա»,- ասել է Սինանյանը։ Նրա խոսքով՝ Սփյուռքի թվաքանակը չի կարող ինքնին ուժի չափանիշ լինել, իսկ կազմակերպված, ավելի կենտրոնացած և Հայաստանի հետ համահունչ աշխատող Սփյուռքը կարող է ուժեղ համարվել։
Սինանյանի խոսքով՝ հզոր Հայաստանի գոյությունը կարող է նպաստել ավելի կազմակերպված, կենտրոնացած, նպատակասլաց և Հայաստանի նպատակներին համահունչ Սփյուռքի ձևավորմանը։
«Կլինի պետություն, կլինի և՛ կրոն, և՛ լեզու, չի լինի պետություն, ոչինչ չի լինի»,- ասել է նա։










