Գլխավոր Լրահոս

Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և վճարված գումարները վերադարձնելու տարբերակ. նախարար

Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և վճարված գումարները վերադարձնելու տարբերակ. նախարար

Կառավարությունը քննարկում է եկեղեցին հարկելու և վճարված հարկերը եկեղեցուն վերադարձնելու մոտեցումը՝ նրա ծրագրերն ու միջոցառումները ֆինանսավորելու համար։ Այս մասին BOON TV-ի հետ շաբաթ օրը հրապարակված հարցազրույցում ասել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Նախարարի խոսքով՝ հարցը քննարկվում է Ազգային ժողովի գործընկերների հետ, սակայն կարգավորման մանրամասները դեռ պետք է հստակեցվեն։

«Եկեղեցին պետք է հարկեր վճարի այնպես, ինչպես բոլորը»,– ասել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ են առանձին կարգավորումներ՝ վճարված հարկերը եկեղեցուն վերադարձնելու համար։

Նրա խոսքով՝ նպատակը եկեղեցու հարկման միջոցով բյուջեի եկամուտներն ավելացնելը չէ։ Վճարված գումարները նախատեսվում է վերադարձնել եկեղեցուն՝ նրա միջոցառումներն ու ծրագրերն իրականացնելու համար։

Հովհաննիսյանը չի բացառել, որ եկեղեցին կարող է վճարված հարկերից ավելի մեծ ֆինանսավորում ստանալ, եթե իրականացնի պետության և հանրության համար ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրեր։

Հարկման շրջանակի մասին հարցին պատասխանելիս նախարարը հիշատակել է ծիսական պարագաներն ու այլ ձեռնարկատիրական գործունեությունը։ Նա նշել է, որ ընդհանուր քաղաքական նպատակը ձևակերպված է, սակայն այն իրականացնելու ճիշտ ձևը դեռ պետք է գտնել։

Հովհաննիսյանը փոփոխությունների ուժի մեջ մտնելու կոնկրետ ժամկետ չի նշել։ Նրա խոսքով՝ դրանք կիրականացվեն հարկային օրենսգրքի փոփոխությունների համար նախատեսված ընթացակարգերի շրջանակում։

Նախարարի ներկայացմամբ՝ հարկային պայմանները վատթարացնող փոփոխությունները պետք է ընդունվեն ուժի մեջ մտնելուց վեց ամիս առաջ, սակայն հարկային արտոնության վերացման դեպքում այդ պահանջը չի գործում։

Հաղորդավարի հարցին՝ արդյոք դա նշանակում է, որ փոփոխությունը տեսականորեն կարող է կիրառվել արդեն հաջորդ ամսվանից, Հովհաննիսյանը պատասխանել է․ «Դժվար մյուս ամսվանից, որովհետև, այնուամենայնիվ, որոշակի հանրային քննարկման կարիք կլինի»։

2007-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության և Հայ առաքելական եկեղեցու հարաբերությունների մասին օրենքով հարկումից ազատ են եկեղեցու ստացած նվիրատվություններն ու ընծաները, ինչպես նաև ծիսական պարագաների արտադրությունն ու իրացումը։ Հարկային օրենսգիրքն էլ ԱԱՀ-ից ազատում է կրոնական ծիսակատարությունների ծառայություններն ու կրոնական պարագաների վաճառքը։ Այս արտոնությունները չեն նշանակում բոլոր հարկերից ազատում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում