Գլխավոր Լրահոս

Բանակում մահերի պատճառը պետք է փնտրել հրամանատարական օղակում․ Գրիգորի Սահակյան

Բանակում մահերի պատճառը պետք է փնտրել հրամանատարական օղակում․ Գրիգորի Սահակյան

Հայաստանի զինված ուժերում վերջին շրջանում գրանցված մահվան դեպքերը կրկին օրակարգ են բերել բանակում կարգապահության, քրեական ենթամշակույթի և հրամանատարական պատասխանատվության հարցերը։ Պահեստազորի գնդապետ Գրիգոր Սահակյանի համոզմամբ՝ խնդրի լուծումը պետք է փնտրել առաջին հերթին ոչ թե պատժիչ մեխանիզմների խստացման, այլ ստորաբաժանումներում ծառայության ճիշտ կազմակերպման և հրամանատարական օղակի կայացման մեջ։

2026-ի առաջին ամիսներին բանակում գրանցված մահերը դարձել են նաև կադրային փոփոխությունների պատճառ։ Օգոստոսին պաշտոններից ազատվեցին Ռազմական ոստիկանության պետն ու ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչության պետը։ Պաշտպանության նախարարությունը հայտարարում է նաև բանակում քրեական ենթամշակույթի դեմ պայքարի և վերահսկողական մեխանիզմների ուժեղացման մասին։

Սահակյանը, սակայն, կարծում է, որ բանակում խաղաղ պայմաններում տեղի ունեցող դեպքերի համար պատասխանատվության առաջնային օղակը հրամանատարներն են՝ սկսած դասակի և վաշտի հրամանատարներից մինչև գումարտակի ու զորամասի ղեկավարություն։

Դիրքում քնելը պատճառ չէ, այլ հետևանք

Վերջին քննարկումներում բանակում միջադեպերի պատճառներից մեկը նշվում է դիրքում զինծառայողների քնելը։ Սահակյանի գնահատմամբ՝ խնդիրը միայն քնած զինվորը չէ։

Եթե զինծառայողը դիրքում քնում է, պետք է հասկանալ՝ մինչ այդ ինչպես է կազմակերպվել նրա ծառայությունը, ստացել է արդյոք նախատեսված հանգիստը, պահպանվել է հերթափոխի գրաֆիկը և ընդհանրապես՝ օրվա կարգացուցակը։

«Ամենակարևոր խնդիրը օրվա կարգացուցակի պահպանումն է»,- ասում է Սահակյանը՝ շեշտելով, որ մարտական հերթապահությունը, ներքին ծառայությունը և զինծառայողի հանգիստը սահմանող կանոնները պարզապես ձևական փաստաթղթեր չեն։ Դրանց խախտումների կուտակումն է, որ վերջում կարող է արտահայտվել դիրքում քնելով, կոնֆլիկտով կամ ավելի ծանր միջադեպով։

Քրեական ենթամշակույթը նաև թույլ հրամանատարության հետևանք է

Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «պատերազմ է հայտարարել» բանակում քրեական ենթամշակույթի դեմ։ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանի խոսքով՝ դրան զուգահեռ ուժեղացվում են Ռազմական ոստիկանության վերահսկողական մեխանիզմները և սպա-հոգեբանի ինստիտուտը։

Սահակյանը չի ժխտում քրեական ենթամշակույթի առկայությունը։ Նրա խոսքով՝ կան նաև դեպքեր, երբ ոչ ֆորմալ ազդեցություն ունեցող զինծառայողները կարող են իրենց փոխարեն ծառայություն կրել պարտադրել մյուսներին։

Սակայն գնդապետը հարցին նայում է մեկ քայլ ավելի խորքից․ ինչպե՞ս է հնարավոր դառնում, որ զորամասում կամ ստորաբաժանումում ոչ ֆորմալ հարաբերությունները գերակայեն զինվորական կանոնների նկատմամբ։

Նրա պատասխանն է՝ երբ չի աշխատում հրամանատարական համակարգը։

Սահակյանի խոսքով՝ այսօր առանցքային խնդիրներից մեկը հատկապես դասակ-վաշտ օղակում չկայացած սպայական կազմն է։ Հենց այս մակարդակի սպաներն են ամեն օր անմիջականորեն աշխատում զինվորի հետ։ Վերադաս վարչությունները կարող են վերահսկել, ուղղորդել և աջակցել, սակայն զինվորի առօրյան կազմակերպողը դասակի, վաշտի և գումարտակի հրամանատարությունն է։

Երբ հրամանատարը փորձում է «լավ տղա» լինել

Սահակյանը խոսում է նաև երիտասարդ սպաների պատրաստվածության խնդրի մասին։ Նրա խոսքով՝ կան սպաներ, որոնք ռազմական ինստիտուտից զորքեր հասնելուց հետո չեն կարողանում հեղինակություն ստեղծել զինվորական կանոններով և ընտրում են այլ ճանապարհ՝ փորձում են զինվորների շրջանում հեղինակություն ձեռք բերել ոչ կանոնադրական հարաբերությունների միջոցով։

Այդ դեպքում սպան ոչ թե փոխում է ստորաբաժանումում գոյություն ունեցող ոչ ֆորմալ հարաբերությունները, այլ ինքն է դառնում դրանց մասնակից։

Սահակյանի խոսքով՝ խնդիրը նոր չէ։ Սակայն հենց այստեղ պետք է աշխատի համակարգը․ երիտասարդ լեյտենանտին ևս պետք է սովորեցնել, ուղղորդել և օգնել կայանալ որպես հրամանատար։

Հակառակ դեպքում կարող է ստեղծվել իրավիճակ, երբ ստորաբաժանումը փաստացի ղեկավարում է ոչ թե նշանակված հրամանատարը, այլ զինվորների շրջանում հեղինակություն ունեցող անձը կամ խումբը։

«Արդեն ոչ թե լեյտենանտն է կառավարողը դառնում, այլ լեյտենանտին են կառավարում»,- նկարագրում է Սահակյանը։

Նման միջավայրում ոչ կանոնադրական հարաբերությունները կարող են վերածվել կոնֆլիկտների, իսկ դրանց հետևանքն արդեն կարող են լինել մարդկային կյանքերը։

Զինվորին պետք է ճանաչել առաջին օրվանից

Սահակյանը որպես կանխարգելման միջոց առանձնացնում է նաև յուրաքանչյուր զինծառայողի հետ անհատական աշխատանքը։

Իր հրամանատարության տարիներին, պատմում է նա, զորամաս եկած յուրաքանչյուր նորակոչիկի հետ անձամբ զրուցել է՝ ուշադրություն դարձնելով նրա վարքին, խոսքին, արտաքին տեսքին և փորձելով հասկանալ, թե ինչ միջավայրից ու ինչ խնդիրներով է նա եկել բանակ։

Դրանից հետո համապատասխան հրահանգներ են ստացել նաև ստորադաս հրամանատարները՝ հասկանալու համար, թե որ զինվորի նկատմամբ ինչպիսի ուշադրություն է անհրաժեշտ։

Նրա կիրառած մեթոդներից մեկն էլ զինվորների ծնողների հետ անմիջական կապն էր։ Սահակյանի խոսքով՝ գրեթե բոլոր նորակոչիկների ծնողների հետ անձամբ խոսում էր և նրանց տալիս իր հեռախոսահամարը։

Նպատակը միայն խնդիր առաջանալու դեպքում ծնողին զանգահարելը չէր։ Այդ շփումը հնարավորություն էր տալիս նախապես հասկանալ զինվորի բնավորությունը, ընտանիքը, նախկին խնդիրները և ստեղծել կապ, որը անհրաժեշտության դեպքում կարող էր օգնել կանխել ավելի լուրջ իրավիճակ։

Պատիժը նույնպես պետք է արդար լինի

Հրամանատարական համակարգի մյուս կարևոր բաղադրիչը, ըստ Սահակյանի, խրախուսանքի և պատժի ճիշտ կիրառումն է։

Եթե փոքր ձեռքբերման համար զինծառայողը ստանում է անհամաչափ մեծ խրախուսանք, կամ լուրջ խախտումը մնում է առանց համարժեք հետևանքի, ստորաբաժանումում խախտվում է արդարության ընկալումը։

Նույնը վերաբերում է պատժին։ Այն չի կարող լինել կամայական կամ վերածվել զինվորին ֆիզիկական աշխատանքով պատժելու մեխանիզմի։ Զինծառայողը պետք է հասկանա՝ ինչ խախտման համար և ինչ կանոնի հիման վրա է պատասխանատվության ենթարկվում։

«Ոստիկանական մեթոդներով զորքերում օգուտ չենք ունենալու»

Բանակում մահվան դեպքերից հետո իշխանությունները խոսել են նաև Ռազմական ոստիկանության աշխատանքի վերանայման մասին։ Սահակյանի կարծիքով՝ միայն ոստիկանական վերահսկողության կամ ճնշման ուժեղացումը չի լուծի խնդիրը։

Ռազմական ոստիկանությունը, ըստ նրա, պետք է հրամանատարների հետ միասին զբաղվի կանխարգելմամբ, այլ ոչ թե հիմնականում արձանագրի արդեն տեղի ունեցած դեպքերը։ Համագործակցությունը չպետք է սահմանափակվի ստորագրված փաստաթղթերով և ձևական միջոցառումներով։

Միաժամանակ նա զգուշացնում է, որ հրամանատարների նկատմամբ ոստիկանական ճնշումը կարող է հակառակ ազդեցությունն ունենալ։

«Հրամանատարներին պետք է աջակցել, պետք է սովորեցնել հրամանատարներին»,- ասում է Սահակյանը։

Նրա առաջարկած տրամաբանությունը պարզ է՝ եթե հրամանատարը չի կարողանում կառավարել ստորաբաժանումը, միայն նրան պատժելով կամ պաշտոնից հեռացնելով համակարգային խնդիրը չի վերանում։ Պետք է պատրաստել այնպիսի սպաներ, որոնք ունակ են իրականում ղեկավարել զինվորներին, պահպանել կանոնադրական հարաբերությունները և խնդիրը նկատել մինչև այն ողբերգության վերածվելը։

«Ոստիկանական մեթոդներով զորքերում մենք օգուտ չենք ունենալու»,- ամփոփում է Սահակյանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում