Աշխարհի լավագույն 50 բուհերի առկա ուսուցմամբ բակալավրի, մագիստրատուրայի կամ ասպիրանտուրայի ծրագրերով սովորած ՀՀ քաղաքացիները կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից՝ առանվազն երեք տարի ՀՀ-ում սահմանված ոլորտներում աշխատելուց հետո, հայտնում են կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից։
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար անհրաժեշտ է ապրիլի 1-ից մայիսի 1-ը կամ հոկտեմբերի 1-ից նոյեմբերի 1-ը դիմում ներկայացնել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը։
Որոշման նպատակն է հնարավորություն տալ քաղաքացիներին կրթություն ստանալ աշխարհի առաջատար բուհերում և ստացած գիտելիքն ու մասնագիտական ներուժը կիրառել Հայաստանի Հանրապետության զարգացման և ռազմավարական նշանակություն ունեցող հետևյալ ոլորտներում՝
Հանրային կառավարման ոլորտ (աշխատանքը ՀՀ նախագահի աշխատակազմում, նախարարություններում, ինչպես նաև ՀՀ վարչապետի աշխատակազմում, Կառավարության, ՀՀ վարչապետին և նախարարություններին ենթակա մարմիններում, Ազգային ժողովում, դատական իշխանության մարմիններում և ինքնավար պետական մարմիններում)
Կրթության և գիտության ոլորտ (աշխատանքը Հայաստանի Հանրապետությունում գործող գիտական կազմակերպություններում և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված կրթական ուսումնական հաստատություններում)
Ռազմարդյունաբերության ոլորտ (աշխատանքը Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 2069-Ա հրամանով հաստատված կազմակերպություններում)
Բարձր տեխնոլոգիաների ոլորտ (աշխատանքը Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության և արհեստական բանականության նախարարի 2026 թվականի սեպտեմբերի 2-ի թիվ 2068-Ա հրամանով հաստատված կազմակերպություններում)
Առողջապահության ոլորտ (աշխատանքը Առողջապահության նախարարի 2026 թվականի օգոստոսի 26-ի թիվ 4917-Ա հրամանով (փոփոխությունը` 2026 թվականի օգոստոսի 31-ի թիվ 4999-Ա հրաման) հաստատված կազմակերպություններում)
Ֆինանսական ոլորտ (աշխատանքը Կենտրոնական բանկի նախագահի 2026 թվականի օգոստոսի 28-ի թիվ 1/358 Ա որոշումով հաստատված կազմակերպություններում):












