Հարավային Կորեայի կրթության նախարար Չոյ Կյո Ջինը նոյեմբերի 22-ին հրաժարական է տվել արհեստական բանականության (AI) օգնությամբ քննություններում խաբեության շուրջ սկանդալի պատճառով։ Երկրի նախագահ Լի Ջե Մյոնը ընդունել է նրա հրաժարականը, հաղորդում է AFP-ն։
Սկանդալը սկսվել էր այն բանից հետո, երբ հարկային հաշվապահների համազգային քննության ամենաբարձր միավորը հավաքած մասնակիցը խոստովանել էր, որ գրեթե առավելագույն արդյունքի հասնելու համար օգտագործել է մանրանկարահանող տեսախցիկ, սմարթֆոն և արհեստական բանականություն։
Դեպքը տեղի էր ունեցել համալսարանների ընդունելության կարևոր քննությունից՝ «Սունընգից», ընդամենը չորս օր առաջ։
Դրանից հետո իշխանությունները շտապ միջոցներ էին ձեռնարկել քննությունների ժամանակ խաբեությունը կանխելու համար։ Մասնավորապես, քննական կենտրոններում անջատվել էր հանրային Wi-Fi-ը, իսկ հագուստի կոճակների վրա հատուկ կպչուն պիտակներ էին փակցվել՝ թաքնված տեսախցիկների օգտագործումը կանխելու նպատակով։
Կրթության նախարարը քննությունից երեք օր առաջ խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել էր, որ իր տարիքի պատճառով վստահ չէ, թե կկարողանա հայտնաբերել խաբեության փորձերը։ 72-ամյա պաշտոնյայի այս խոսքերը հանրային դժգոհություն էին առաջացրել։
Հրաժարականի մասին հայտարարությունում Չոյ Կյո Ջինը նշել է, որ թեև քննությունն անցել է առանց խոշոր միջադեպերի, իշխանությունները պատշաճ նախապատրաստական աշխատանք չեն իրականացրել։
«Այժմ, երբ քննությունն ավարտվել է, ես ստանձնում եմ ամբողջ պատասխանատվությունը և ներկայացնում հրաժարականս»,- գրել է նա X սոցիալական ցանցում։
Պաշտոնական տվյալներով՝ նոյեմբերի 19-ին անցկացված ընդունելության քննության ընթացքում էլեկտրոնային սարքերի օգտագործման հետ կապված արձանագրվել է կանոնների խախտման 111 դեպք։ Դրանցից գրեթե կեսը բացահայտվել է կառավարության ուղարկած երեք արտակարգ ծանուցումների միջոցով, որոնք օգնել են հայտնաբերել քննությունից առաջ չհանձնված հեռախոսները։
Հարավային Կորեայում ինը ժամ տևողությամբ «Սունընգ» քննությունը համարվում է երիտասարդների ապագայի համար կարևորագույն փորձություններից մեկը։ Դրա արդյունքները մեծապես ազդում են հեղինակավոր համալսարաններ ընդունվելու և հետագայում բարձր վարձատրվող աշխատանք գտնելու հնարավորությունների վրա։












