Առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթի շրջանակում օգոստոսի 25-ին ձերբակալված վեց անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություններ են ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Կոմիտեի փոխանցմամբ՝ կալանքի միջնորդություններ են ներկայացվել՝ Սեդրակ Քոչարյանի և 1999-2009 թվականներին կառավարական առանձնատների տնտեսության տնօրեն Ա. Ո.-ի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։
Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալված նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դատարան կներկայացվի անհրաժեշտ բժշկական հետազոտություններ անցնելուց հետո։ Քոչարյանը Հակակոռուպցիոն կոմիտեից տեղափոխվել է հիվանդանոց՝ առողջական խնդիրների պատճառով։
Օգոստոսի 25-ի վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացրել Քոչարյանների տներում և նրանց հետ կապված ընկերություններում։
Վարույթի շրջանակում ձերբակալվել են Ռոբերտ Քոչարյանը, նրա որդի Սեդրակ Քոչարյանը և ևս չորս անձ։ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է ներկայացվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման, իսկ Սեդրակ Քոչարյանին՝ փողերի լվացման և մյուս երկու արարքներին օժանդակելու համար։
Քոչարյանի թիմակիցները տեղի ունեցածը քաղաքական վենդետա են որակում։












