«Շանտաժ և արևմտյան խաղեր». Մոսկվան՝ Հայաստանի երկաթուղային ծրագրերի մասին

Մոսկվայում հայկական կողմի հայտարարությունները «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ռուսական կոնցեսիան փոխանցելու հնարավորության մասին որակել են որպես «արևմտյան մայրաքաղաքների կողմից իրականացվող շանտաժ»: Այս մասին հայտարարել են ՌԴ արտաքին գործերի նախարարությունում, հայտնում է Ինտերֆաքսը:
Օգոստոսի 24-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ներդրողներ կան, որոնք պատրաստ են 400 մլն դոլար հատկացնել Հայաստանի երկաթուղու կոնցեսիայի համար։
«Հաշվի առնելով այն փաստը, որ նախկինում կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու հարց չի դրվել, մեծ հավանականությամբ կարելի է ենթադրել, որ հայկական ղեկավարությանը պարզապես շանտաժի են ենթարկում։ Պահանջում են վերացնել տրանսպորտային ոլորտում «ռուսական գործոնը», իսկ փոխարենը խոստանում են բազմամիլիոնանոց ներդրումներ և միացում այնպիսի նախագծերի, որոնց տնտեսական նպատակահարմարությունը դժվար թե տեսանելի լինի։ Սա լիովին տեղավորվում է Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանին դուրս մղելու արևմտյան մայրաքաղաքների անբարեխիղճ խաղերի տրամաբանության մեջ»,- ասել են ՌԴ ԱԳՆ-ից։
Միաժամանակ, ռուսական դիվանագիտական գերատեսչությունում հերքել են Փաշինյանի այն հայտարարությունը, որ ռուսական կոնցեսիան խոչընդոտում է Հայաստանի՝ որպես լոգիստիկ նախաձեռնությունների մասնակցի կայացմանը՝ դրանք որակելով իրականությանը չհամապատասխանող։
ՌԴ գլխավոր դիվանագիտական գերատեսչությունից վստահեցրել են, որ անհրաժեշտ բոլոր պարզաբանումները տրվել են տարբեր մակարդակներում, սակայն հայկական կողմը դժվարացել է հակափաստարկներ ներկայացնել։
ՌԴ ԱԳՆ-ում հիշեցրել են նաև, որ գործընկերների միջև նման խնդիրները նախ պետք է քննարկվեն փակ ձևաչափով՝ գործնական մթնոլորտում, հատկապես եթե առկա է բարեկամական հիմքով լուծումներ գտնելու անկեղծ ցանկություն։
Անդրադառնալով «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի գործունեությանը՝ ռուսական կողմը շեշտել է, որ ընկերությունը պատասխանատվությամբ է կատարում ստանձնած պարտավորությունները և կատարել է ավելի քան 30 մլրդ ռուբլու ներդրումներ, այդ թվում՝ շարժակազմի արդիականացման ուղղությամբ։ Մոսկվայում նշել են նաև, որ ներդրումների գրաֆիկները հաճախ ճշգրտվել են հայկական կողմի խնդրանքով, իսկ ռուս երկաթուղայինների մասնագիտական կարողությունները Հայաստանին օգնել են պահպանել այն մրցակցային առավելությունները, որոնք այսօր ընդհանրապես թույլ են տալիս խոսել տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման մասին։
2008-ին ռուսական պետական «Ռոսիյսկիե ժելեզնիե դորոգի» (ՌԺԴ) ընկերության հետ կնքած պայմանագրով Հայաստանի կառավարությունն իր երկաթուղային ցանցը 30 տարով հանձնել է ՌԺԴ-ի հավատարմագրային կառավարմանը՝ ևս 10 տարի երկարաձգման իրավունքով:
Օրեր առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հայկական երկաթուղու կառավարման շուրջ ստեղծված իրավիճակում Հայաստանը Ռուսաստանի հետ ձգտում է բացառապես բարեկամական և փոխադարձ ըմբռնման վրա հիմնված լուծման՝ բացառելով միակողմանի կտրուկ քայլերն ու պայմանագրի միակողմանի խզումը:
Փետրվարին վարչապետն իր պատկերացումն էր ներկայացրել երկաթգծի կառավարման մասին, ըստ որի կարող է Հայաստանի ու Ռուսաստանի հետ բարեկամ որևէ երկիր գնի ՌԴ-ից կառավարման իրավունքը։
Հունվարին Փաշինյանը դիմելով Ռուսաստանին՝ խնդրել էր հրատապության կարգով որոշում կայացնել Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածների վերականգնման հարցում։
Հայաստանն ակընկալում է, որ օր առաջ վերականգնվեն ռուսական կոնցեսիայի ներքո գտնվող Ախուրիկի հատվածում Հայաստան-Թուրքիա սահմանից մինչև գործող երկաթուղային հատվածը, Հայաստան-Նախիջևան սահմանից մինչև Երասխ հատվածը, Տավուշի հատվածում՝ մինչև Իջևան երկաթուղային կայարանը ներառյալ։
Դեկտեմբերին Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը պատրաստ է սեփական միջոցներով վերականգնել երկաթուղային ենթակառուցվածքների կարևոր հատվածները, եթե ռուսական կողմը պատշաճ ժամկետներում չիրականացնի այդ աշխատանքները։











