Ռոբերտ Քոչարյանը կալանավորվեց՝ որդու կալանքից մեկ օր անց

Ժամեր տևած դատական նիստից հետո՝ օգոստոսի 27-ի վաղ առավոտյան, Հակակոռուպցիոն դատարանը որոշել է կալանավորել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Հակակոռուպցիոն դատարանը ամբողջությամբ բավարարել է Քոչարյանի նկատմամբ կալանք կիրառելու քննիչի միջնորդությունը։
«Հաշվի առնելով հանրային հետաքրքրությունը՝ տեղեկացվում է, որ Հակակոռուպցիոն դատարանը (նախագահությամբ դատավոր Ս. Դադոյանի) ամբողջությամբ բավարարել է քննիչի միջնորդությունը և Ռ.Ք.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի քարտուղարի ֆեյսբուքյան գրառման մեջ։
Քոչարյանին կալանավորելու միջնորդությունը դատարանը սկսել էր քննել օգոստոսի 26-ի երեկոյան։ Նա ձերբակալվել էր օգոստոսի 25-ին։ Նույն օրը իրավապահները խուզարկություններ և այլ քննչական գործողություններ էին իրականացրել Քոչարյանների ընտանիքի ու նրանց հետ կապվող մի շարք ընկերություններում։
Նախօրեին՝ օգոստոսի 26-ի վաղ առավոտյան, դատարանը երկու ամսով կալանավորել էր նաև Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։ Ի տարբերություն կրտսեր եղբոր՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի, Սեդրակ Քոչարյանը քաղաքական գործունեությամբ չի զբաղվում։ Նրա փաստաբանը կալանքը որակել էր քաղաքական ենթատեքստ ունեցող «արտաիրավական հետապնդում»։
Քոչարյանների դեմ իրավապահների գործողություններին նախորդել էր օգոստոսի 24-ին՝ երկուշաբթի օրը, Ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Լևոն Քոչարյանի միջև թեժ բանավեճը։ Լևոն Քոչարյանը վարչապետին մեղադրել էր դատարանների և քննչական մարմինների վրա քաղաքական ճնշում գործադրելու մեջ՝ պնդելով, որ վարչապետը չի կարող որոշել, թե ով պետք է բանտարկվի կամ զրկվի ունեցվածքից։
Փաշինյանը պատասխանել էր՝ հարցնելով, թե ինչ միջոցներով է Քոչարյանների ընտանիքը դարձել միլիոնատեր։ «Դուք ինչո՞ւ եք միլիոնատեր։ Դուք ինչի՞ հաշվին եք միլիոնատեր։ Ձեր ընտանիքը ինչի՞ հաշվին է միլիոնատեր»,- ասել էր Փաշինյանը։
Նա հայտարարել էր, որ Քոչարյանների ունեցվածքը պետք է վերադարձվի պետությանը։ «Դուք պիտի հատիկ-հատիկ ամեն ինչը վերադարձնեք Հայաստանի Հանրապետությանը, և այո, դա իմ քաղաքական առաքելությունն է, պահանջն է և պարտավորությունն է, որ ես ստանձնել եմ ժողովրդի առաջ»,- ասել էր վարչապետը։
Հաջորդ օրը՝ օգոստոսի 25-ի վաղ առավոտյան, իրավապահները մտել էին Լևոն Քոչարյանի բնակարան, Ռոբերտ Քոչարյանին տարել Հակակոռուպցիոն կոմիտե, իսկ ընտանիքի հետ կապված մի շարք բիզնեսներում սկսել էին քննչական գործողություններ։ Քոչարյանի քաղաքական թիմն այդ ժամանակվանից պնդում է, որ գործընթացը տեղի է ունենում Փաշինյանի անմիջական հրահանգով։
Գործի մասին
Հակակոռուպցիոն կոմիտեն գործողությունները կապում է Քոչարյանին առնչվող կոռուպցիոն գործի հետ։ Ըստ կոմիտեի՝ նախաքննությամբ տվյալներ են ստացվել, որ Քոչարյանը նախագահի պաշտոնը զբաղեցնելու տարիներին պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել մի շարք արժեքավոր գույքեր։ Կոմիտեն նաև հայտնել է կաշառքի և հետագայում գույքերի ու ընկերությունների բաժնեմասերը Քոչարյանի ընտանիքի անդամների անունով ձևակերպելու ենթադրյալ դրվագների մասին։ Գլխավոր դատախազությունը Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցել պաշտոնեական լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեղադրանքներով։
Կազմակերպություն











