Հայաստանն Ադրբեջանին առաջիկայում ապրանք կվաճառի․ Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում անդրադարձել է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների, երկաթուղու ինչպես նաև ՀԱՊԿ-ի հարցերին։
Թուրքիա և Ադրբեջան. սահմանների բացում և առևտրի զարգացում
ԱԳ նախարար հայտնել է, որ առաջիկայում Հայաստանի և Ադրբեջանի միջև առևտուրը կդառնա երկկողմ։
«Այս քանի օրը դուք կիմանաք, որ ադրբեջանական ընկերությունները հայկական ընկերություններից ապրանք գնեցին։ Հիմա Հայաստանը կվաճառի ապրանք։ Հիմա կլինի առք և վաճառք»,- ասել է Միրզոյանը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, նախարարի խոսքով՝ հոկտեմբերին տեղի կունենա հայ և թուրք գործարարների հանդիպում։
Նա նաև հայտնել է, որ Կարսում հունիսի 2-ին տեղի ունեցած հանդիպումն արդյունավետ էր։ Միրզոյանի գնահատմամբ՝ ժամանակի հրամայականն է բացել Հայաստանի և Թուրքիայի սահմանը։
Հայաստանը ցանկանում է գնել երկաթուղու իրավունքները ՌԴ-ից
Արարատ Միրզոյանը նշել է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) իրականացման շրջանակում հայկական կողմը սկսել է անդրադառնալ Հայաստանի երկաթուղու խնդրին։
Նրա խոսքով՝ Հարավկովկասյան երկաթուղու ցանցը, այդ թվում՝ շարժակազմը, լուրջ արդիականացման կարիք ունի։ Այդ հարցը քննարկել են ռուսաստանցի գործընկերների հետ, սակայն, «կարծես թե, նրանք անհրաժեշտ քայլեր չեն պատրաստվում իրականացնել այդ ուղղությամբ»։
«Հիմա ինչպե՞ս վարվել այս իրավիճակի հետ։ Մենք դիմում ենք մեր ռուսաստանցի գործընկերներին և առաջարկում ենք վաճառել իրենց իրավունքները, որ նրանք էլ տուժած դուրս չգան, վաճառել մեզ և որևէ երրորդ երկրի, որ մենք և նրանք ընդունելի կհամարենք։ Օրինակ կարող է լինել Ղազախստանը կամ որևէ այլ երկիր։ Սա լավագույն լուծումն է։ Տեսնենք՝ ինչպես կարձագանքեն մեր ռուսաստանցի գործընկերները»,- ասաց Միրզոյանը։
ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ հարաբերությունները
ԱԳ նախարարն անդրադարձել է նաև ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերություններին։
Միրզոյանը շեշտել է, որ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, իր գնահատմամբ, կեղծիք է տարածում։ Նրա խոսքով՝ ինչ-որ փուլից սկսել է չհետևել Զախարովայի հայտարարություններին։
Այդուհանդերձ, Պետրոս Ղազարյանը նրան հարց էր ուղղել ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի այն հայտարարության վերաբերյալ, թե 2022-ի սեպտեմբերյան բախումներից հետո ՀԱՊԿ-ն իրականացրել է իր պարտականությունները։
«Մենք դիմել ենք երկկողմ պայմանագրերի հիման վրա ՌԴ-ին և ՀԱՊԿ-ին։ ՀԱՊԿ-ում քննարկումը եղել է երկու անգամ։ Մեր դիմումը տեղի է ունեցել չորրորդ հոդվածով, որ նշում էին, թե պետք է դրանով դնել, բայց դրանով չէր։ Իրականությունը հետևյալն է՝ մենք դիմել ենք մեր պայմանագրային դաշնակիցներին, ինչպես որ հարկն է, հայցել ենք օգնություն, ընդ որում՝ մտնելով նրանց դրության մեջ, շահագրգիռ չլինելով խաթարել այդ երկրի և նրանց միջև [Ադրբեջանի և ՀԱՊԿ երկրների] հարաբերությունները, այլ բոլորովին այլ մոտեցումներով, և մենք չենք ստացել այն օգնությունը, որն իրավունք ունեինք ակնկալելու և ակնկալել ենք»,- ընդգծել է Միրզոյանը։
Միրզոյանը նաև հավելել է, որ չի տեսնում այնպիսի հեռանկար, որ հայկական կողմը որևէ կերպ ապասառեցնի իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին։
Նրա խոսքով՝ Ռուսաստանի հետ կան երկկողմ պայմանագրեր և պարտավորություններ, որոնք ՌԴ-ին դարձնում են Հայաստանի դաշնակից նաև պաշտպանական ոլորտում։ Այդուհանդերձ, Միրզոյանի համոզմամբ, ՀՀ-ՌԴ հարաբերությունները առողջացման և վերանայման կարիք ունեն։
Կազմակերպություն
Հասանելի է
русский









