Գլխավոր Լրահոս

Բաքուն պնդում է, որ «արևմտյան մեդիան Ադրբեջանի դեմ ապատեղեկատվական արշավ է իրականացնում»

Ադրբեջանի Նիզամի գյուղի մոտ զինամթերքի պայթյունը

Ադրբեջանի Նիզամի գյուղի մոտ զինամթերքի պայթյունը

Լուսանկարը՝ 1news.az-ի

Հոդվածի թարգմանությունը՝ OC Media-ի հետ համագործակցության շրջանակում։

Ադրբեջանի Մեդիայի զարգացման գործակալությունը «արևմտյան լրատվամիջոցներին» մեղադրել է «Ադրբեջանի դեմ կազմակերպված ապատեղեկատվական արշավ իրականացնելու» մեջ։ Սեպտեմբերի 3-ին հրապարակված հայտարարությունը կենտրոնացած էր Լեհաստանում գործող, վտարանդի բելառուսական Nexta լրատվամիջոցի վերջին հրապարակման վրա։ Դրանում ենթադրվում էր, որ Նիզամի բնակավայրի մոտ զինամթերքի պայթյունը կարող էր ռուսական դիվերսիա լինել։ Գործակալությունը նաև հիշատակել է արևմտյան մի շարք այլ լրատվամիջոցների՝ պնդելով, որ դրանք «Ադրբեջանի միջազգային հեղինակության դեմ ուղղված տեղեկատվական հարձակման մաս են»։

Հայտարարությունը վերջին ամիսներին արևմտյան լրատվամիջոցների հասցեին Ադրբեջանի հնչեցրած մի շարք բողոքների հերթական դրսևորումն է։ Բողոքները երբեմն հանգեցրել են նաև ավելի բարձր մակարդակի դիվանագիտական լարվածության։

Սեպտեմբերի 2-ին Nexta-ն X-ում անդրադարձել էր պայթյունին՝ ընդունելով, որ «պատճառը դեռ անհայտ է», սակայն հավելել էր․ «Արդյոք սա պատահականություն էր, շարունակում է բաց հարց մնալ, հատկապես հաշվի առնելով, որ Բաքվի և Մոսկվայի հարաբերություններն արդեն բավական երկար ժամանակ լարված են»։

Ադրբեջանական լրատվամիջոցները սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած միջադեպի մասին իրենց հրապարակումներում նույնպես չէին նշել պայթյունի պատճառը, սակայն հայտնել էին, որ տուժածներ չկան։

«Վերլուծությունը ցույց է տալիս, որ միջադեպը մեկ կենտրոնից համակարգվող հիբրիդային տեղեկատվական արշավի մաս է»,- Nexta-ի հրապարակման վերաբերյալ հայտարարել է գործակալությունը։

«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ քանի որ հարևան պետությունների միջև հարաբերությունների կարգավորումը և տարածաշրջանում կայունության ու բարեկեցության ամրապնդումը չեն համապատասխանում որոշ շրջանակների շահերին, ակտիվացել են դասական ապատեղեկատվության դեպքերը, որոնք նպատակ ունեն աղտոտել Ադրբեջանի տեղեկատվական դաշտը և հասարակության շրջանում արհեստական խուճապ առաջացնել»։

Գործակալությունը հիշատակել է նաև արևմտյան մի շարք այլ լրատվամիջոցների, այդ թվում՝ CNN-ը, BBC-ն, The Guardian-ը, The Independent-ը, Le Monde-ը և TVP World-ը՝ պնդելով, որ նրանց հրապարակումները պարունակում են «բացահայտ միակողմանի մոտեցում և անհիմն պնդումներ» և «նման շահարկումների և մեղադրանքների տարածումը պետք է դիտարկել որպես տեղեկատվական մանիպուլյացիայի ակնհայտ դրսևորում»։

Հայտարարությունը հաջորդել է օգոստոսի վերջին Լեհաստանի դեսպան Պավել Ռադոմսկիին Ադրբեջանի ԱԳՆ կանչելուն՝ լեհական հանրային TVP World հեռուստաալիքով հեռարձակված հաղորդման պատճառով, որտեղ քննարկվել էին Ադրբեջանում մարդու իրավունքների վատթարացող վիճակը, ինչպես նաև նախագահ Իլհամ Ալիևի իշխանությունը բնութագրվել էր որպես «դինաստիա»։

Ավելի վաղ՝ օգոստոսին, Ադրբեջանը դատի էր տվել CNN-ին՝ հունիսյան հոդվածում հնչած այն պնդումների համար, թե Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի թեժ շրջանում իսրայելական ուժեր են ուղարկվել Ադրբեջան։

Տե՛ս նաև՝ Ադրբեջանում մարդու իրավունքների մասին TVP World-ի հաղորդման պատճառով Բաքուն կանչել է Լեհաստանի դեսպանին

Կազմակերպություն

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում