Կաթողիկոսի գործով դատախազն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից

Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից։ Գլխավոր դատախազությունից ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը։
Դատախազությունից նշեցին, թե աշխատանքից ազատումը որևէ կապ չունի կաթողիկոսի և վեց եպիսկոպոսների գործի հետ։
Միևնույն ժամանակ հավելեցին, որ այդ գործով քրեական հետապնդումն իրականացրել և մեղադրական եզրակացությամբ գործը դատարան է ուղարկել հենց տվյալ դատախազը։
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործը երեք դատավորների մակագրվելուց հետո դեռևս քննության չի անցել։
Առաջին դատավորը՝ Հակոբ Մանուկյանը, ինքնաբացարկ էր հայտնել, երկրորդը՝ Սերժ Ռուշանյանը, ընդդատության հարցով գործն ուղարկել էր Երևանի դատարան, իսկ երրորդ դատավորը՝ Վահագն Մելիքյանը, դիմել է Վճռաբեկ դատարան՝ գործի ընդդատության հարցը լուծելու համար։
Կաթողիկոսին ու վեց հոգևորականներին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքն օգտագործելու միջոցով դատարանի օրինական որոշման կատարումը դիտավորյալ խոչընդոտելու համար:
Իրավական վեճը ծագել է Մասսյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին (Արման Սարոյան) պաշտոնից ազատելուց հետո:
2026-ի հունվարին կաթողիկոսի որոշմամբ պաշտոնանկ արված եպիսկոպոսը դիմել էր դատարան, որն էլ որոշել էր, որ մինչև գործի քննության ավարտը Սարոյանը պետք է շարունակի պաշտոնավարել:
Սակայն նա չի վերականգնվել պաշտոնում: Ըստ դատախազության՝ եկեղեցական ղեկավարությունն այս քայլով դիտավորյալ շրջանցել ու խախտել է դատարանի պահանջը:
Կազմակերպություն










