ԱՄՆ զինված ուժերը սեպտեմբերի 5-ին հարվածել են իրանական երեք նավթատարի՝ այն բանից հետո, երբ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) բալիստիկ հրթիռներ է արձակել ԱՄՆ ռազմածովային ուժերի երկու ռազմանավերի ուղղությամբ։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ ամերիկյան ավիակիրը և հրթիռակիր կործանիչը կարողացել են խուսափել Իրանի կողմից իրականացված մի քանի հարձակումներից։ Ամերիկյան կողմը նաև հայտնել է, որ միջադեպերի հետևանքով ԱՄՆ զինծառայողներ չեն տուժել։
ԱՄՆ-ի հարվածները հասցվել են Օմանի ծոցում և Իրանի Խարգ կղզու մերձակայքում գտնվող նավթատարներին։ ԱՄՆ զինված ուժերի պնդմամբ՝ երկու իրանական նավթատար շարքից հանվել է, իսկ երրորդը ոչնչացվել է։
«Թող ԻՀՊԿ-ի համար ուղերձը հստակ լինի. եթե դուք կրակեք մեր երկու նավերի ուղղությամբ, մենք ձեզ համար ավելի մեծ տնտեսական գին կսահմանենք՝ շարքից հանելով ձեր երեք նավերը»,- հայտարարել է CENTCOM-ի հրամանատար, ծովակալ Բրեդ Կուպերը։
Նա հավելել է, որ ԱՄՆ-ը չի վարանի պաշտպանել իր զինված ուժերը և անհրաժեշտության դեպքում ոչնչացնել Իրանի «սահմանափակ և խոցելի նավթային նավատորմը»։
Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում սկսեցին Իրանի դեմ, որին ի պատասխան Թեհրանը հարվածներ հասցրեց Իսրայելին և տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին Իրանն ու ԱՄՆ-ն հրադադարի համաձայնության հասան և ակտիվ բանակցություններ սկսեցին, սակայն հուլիսի 10-ին իրավիճակը կրկին սրվեց։ Թրամփը Թեհրանին մեղադրեց բանակցությունները ձգձգելու մեջ և հրամայեց վերսկսել ռազմական գործողությունները։
Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում փոխադարձ հարվածներ։












