Հայկ Սարգսյանը պնդում է՝ Ալեն Սիմոնյանի նախագիծը գրվել էր VBet-ում

Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հայկ Սարգսյանը պնդում է, որ 2019-ին Ալեն Սիմոնյանի ներկայացրած՝ բուքմեյքերական գրասենյակները փակելու օրենսդրական նախաձեռնությունը մշակվել էր VBet-ի (նախկին Vivaro) շահերից ելնելով, իսկ հենց այս թեմայից էլ սկսվել էին իր և Սիմոնյանի տարաձայնությունները։
Սարգսյանը նման հայտարարություններ է արել «Tete A Tete» հաղորդմանը տված հարցազրույցում։
2019-ին, երբ Սիմոնյանն ԱԺ փոխնախագահ էր, նա շրջանառության մեջ էր դրել «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում փոփոխությունների նախագիծը։ Խորհրդարանի պաշտոնական կայքում Ալեն Սիմոնյանը նշված է որպես նախագծերի հիմնական զեկուցող։
Սարգսյանը պատմում է, որ սկզբում նախաձեռնությունը ներկայացվում էր որպես խաղամոլության դեմ պայքարի միջոց, քանի որ նախատեսվում էր փակել բուքմեյքերական գրասենյակները։ Սակայն իր մոտ հարցեր են առաջացել՝ հաշվի առնելով Սիմոնյանի և Vivaro-ի հետ կապվող գործարար Վիգեն Բադալյանի ընկերական հարաբերությունները։
«Ինձ համար շատ զարմանալի էր, թե ինչու հենց Ալեն Սիմոնյանն է բերել այդ նախագիծը»,- ասել է Սարգսյանը։
Վիգեն և Վահե Բադալյանները Vivaro-ի հիմնադիրներն են․ ընկերությունը հետագայում զարգացել է VBet ապրանքանիշի ներքո։
Սարգսյանի խոսքով՝ ինքը տվյալ ժամանակահատվածում ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ էր, և խաղային ոլորտի այլ ընկերությունների ներկայացուցիչներն իրեն ասում էին, թե նախագիծն ուղղորդված է Vivaro/VBet-ի կողմից։
«Գալիս էին ու ասում էին, որ այս նախագիծն ուղղորդված է Vivaro-ից, որպեսզի բոլոր գրասենյակները փակվեն, որովհետև օնլայնում ամենաուժեղը Vivaro-ն է, դրա համար այս նախագիծը գրվել է VBet-ում ու Ալեն Սիմոնյանն է բերել»,- պատմել է Սարգսյանը՝ հավելելով, որ իրեն նաև փոխանցել էին, թե նախագիծը կարծիքի ուղարկելիս փաստաթղթային հետքերից երևացել է, որ այն դուրս է եկել հենց VBet-ից։
«Եթե խաղամոլության դեմ ենք պայքարում, օնլայնն էլ պետք է սահմանափակենք»
Սարգսյանի խոսքով՝ Պետական եկամուտների կոմիտեից ստացած տվյալների ուսումնասիրությունից ինքն այն ժամանակ եզրակացրել էր, որ խաղադրույքների շուրջ 86 տոկոսը կատարվում էր առցանց, և միայն մոտ 14 տոկոսը (հնարավոր 1-2% շեղմամբ)՝ ֆիզիկական գրասենյակներում։
Նրա փաստարկն այն էր, որ միայն գրասենյակները փակելը ոչ միայն չէր նվազեցնի խաղամոլությունը, այլև կարող էր խաղացողներին տեղափոխել ավելի հասանելի առցանց հարթակներ։
«Եթե մենք խաղամոլության դեմ ենք պայքարում, պետք է նաև օնլայնը փակենք կամ սահմանափակենք գոնե»,- ասել է Սարգսյանը։ Նրա խոսքով՝ Սիմոնյանին նույնպես զգուշացրել էր, որ գրասենյակների փակվելուց հետո մարդիկ պարզապես հավելվածներ կներբեռնեն և կարող են ավելի հաճախ խաղալ։
Նախկին պատգամավորն ասում է, որ հենց այս հարցի շուրջ էլ Սիմոնյանի հետ առաջին լուրջ տարաձայնությունն է առաջացել։ Սարգսյանի պատմելով՝ Սիմոնյանը մի օր իրեն ասել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տեղեկացրել է, թե Սարգսյանը դեմ է նախագծին, իսկ վարչապետը փոխանցել է՝ նա չպետք է խանգարի դրա ընդունմանը։
Սարգսյանը պնդում է, որ պատասխանել է, թե իր դիրքորոշումը սխալ է ներկայացվել․ ինքը դեմ չէր խաղամոլության դեմ պայքարին, այլ առաջարկում էր սահմանափակումները տարածել նաև առցանց ոլորտի վրա։ Նախագիծը հետագայում ընդունվեց, և բուքմեյքերական գրասենյակների գործունեությունը սահմանափակվեց։
Նոր կոնֆլիկտ՝ խաղային ոլորտի հարկերի շուրջ
Սարգսյանի խոսքով՝ 2020-ի պատերազմից հետո ինքն ու Սիմոնյանը մի կողմ են դրել նախկին տարաձայնությունները և մինչև 2024-ը հարաբերությունների խնդիր չեն ունեցել։
Նա ասում է, որ թեմային վերադարձել է 2024-ին, երբ նոր հարցումներով պարզել է, որ խաղային ոլորտի տարեկան շրջանառությունը մոտ 300 մլրդ դրամից հասել էր շուրջ 6,1 տրլն դրամի։
Սարգսյանը կառավարությանն առաջարկել է երեք տարբերակ՝ ամբողջությամբ արգելել առցանց կազինոները, պետականացնել ոլորտը կամ բարձրացնել հարկային բեռը։ Ի վերջո նա շրջանառության մեջ է դրել 10 տոկոս լրացուցիչ հարկ սահմանելու նախագիծ, որը, ըստ նրա հաշվարկների, պետբյուջե պետք է բերեր տարեկան շուրջ 70 մլն դոլար (ամսական մոտ 7 մլն դոլար)։
Սարգսյանի խոսքով՝ ՊԵԿ-ի և ֆինանսների նախարարության սկզբնական դիմադրությունից հետո փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նախագծին դրական եզրակացություն է տվել։ Սակայն դրանից հետո ԱԺ-ում իրեն առաջարկել են նախագիծը հետ վերցնել։ Սարգսյանը հրաժարվել է, և տնտեսական հարցերի հանձնաժողովում նախագիծը մեկ ձայնի առավելությամբ ստացել է դրական եզրակացություն։
Նա պնդում է, որ դրանից հետո հարցը քննարկվել է վարչապետի մոտ․ դրույքաչափի որոշակի փոփոխություններից հետո Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այն պետք է ընդունվի։
Սարգսյանի խոսքով՝ հենց այդ ժամանակահատվածում էլ Ալեն Սիմոնյանը ՔՊ վարչությունում բարձրացրել է իրեն կուսակցությունից հեռացնելու հարցը։
Թեև որպես կարգապահական վարույթի հիմք ներկայացվել էին երեք առիթներ՝ եղբոր՝ Նաիրի Սարգսյանի առանց անցաթղթի ԱԺ մուտքը, օգնականի վեճը ԱԺ անվտանգության հետ և Սարգսյանի կողմից օպերատիվ (չթարմացված տալոնով) պետհամարանիշներով մեքենա վարելը (ինչի արդյունքում նա ստացել էր խիստ նկատողություն), Սարգսյանը համոզված է, որ գործընթացի իրական պատճառը եղել է խաղային ոլորտի հարկային բեռը բարձրացնելու իր նախաձեռնությունը։
Հարցազրույցում Սարգսյանը նաև հայտարարում է, որ Հայաստանում գործող խոշոր առցանց խաղային ընկերություններն ունեն միլիարդների հասնող ֆինանսական ռեսուրսներ և ազդեցիկ աջակիցներ ինչպես կառավարությունում, այնպես էլ Ազգային ժողովում։
ՍիվիլՆեթը պատրաստ է հարթակ տրամադրել Ալեն Սիմոնյանին և «VBet» ընկերությանը՝ հոդվածում հնչեցված պնդումների վերաբերյալ իրենց տեսակետն ու պարզաբանումները ներկայացնելու համար:









