Գլխավոր Լրահոս

Նախատեսվում է 5 անգամ թանկացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու, 10 անգամ՝ հրաժարվելու տուրքը

Նախատեսվում է 5 անգամ թանկացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու, 10 անգամ՝ հրաժարվելու տուրքը

Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է 5 անգամ թանկացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու և 10 անգամ՝ դրանից հրաժարվելու պետական տուրքը՝ հասցնելով համապատասխանաբար 250,000 և 1,5 մլն դրամի։ Համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել։

Շրջանառության մեջ դրված օրենսդրական նախագծով քաղաքացիություն ստանալու վճարը բազային տուրքի 50-ապատիկից (50,000 դրամ) բարձրացվում է մինչև 250-ապատիկ (250,000 դրամ), իսկ քաղաքացիությունը դադարեցնելունը՝ 150-ապատիկից (150,000 դրամ) մինչև 1,500-ապատիկ (1,5 մլն դրամ): Առաջարկվում է նաև խստացնել երկրում փաստացի բնակության պահանջները:

Նախատեսվող փոփոխություններն ուժի մեջ են մտնելու 2028-ի հունվարի 1-ից: Մինչ այդ ներկայացված դիմումները քննվելու են ներկայումս գործող կանոններով:

Ըստ նախագծի՝ ընդհանուր հիմունքներով քաղաքացիություն ստանալու համար դիմորդը վերջին 5 տարում պետք է ունենա օրինական բնակության իրավունք և այդ ընթացքում առնվազն 915 օր փաստացի գտնված լինի Հայաստանում, ինչպես նաև տիրապետի հայերենին և ծանոթ լինի Սահմանադրությանը: ՀՀ քաղաքացու հետ առնվազն 2 տարվա գրանցված ամուսնություն ունեցողների, քաղաքացի զավակ կամ ծնող ունեցողների, ինչպես նաև փախստականների համար սահմանվում է 3 տարվա օրինական բնակության և առնվազն 549 օր փաստացի ներկայության պահանջ:

Ազգությամբ հայերը քաղաքացիություն կստանան միայն Հայաստանում բնակություն հաստատելուց հետո, ինչը ենթադրում է վերջին 2 տարում օրինական բնակություն և առնվազն 366 օր փաստացի ներկայություն: Ազգությունը հաստատելու է Ներքին գործերի նախարարության հատուկ հանձնաժողովը՝ փաստաթղթերի, արխիվային տվյալների և եկեղեցական կամ համայնքային վկայականների հիման վրա: Նախկինում քաղաքացիությունը դադարեցրած անձինք դրա վերականգնման համար կարող են դիմել միայն 5 տարի անց՝ դիմելու պահին վերջին 2 տարում առնվազն 366 օր Հայաստանում բնակված լինելու պայմանով:

Գործընթացը կազմակերպվելու է էլեկտրոնային համակարգով: Քաղաքացիություն շնորհելու մասին նախագահի հրամանագիրն ուժի մեջ է մտնելու 1 տարվա ընթացքում երդման տեքստը ստորագրելու պահից: Պետական անվտանգության կամ հասարակական կարգի սպառնալիքի հիմքով դիմումը մերժելու նախագահի որոշումը ենթակա չի լինի փոփոխման վարչական կամ դատական կարգով:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում