Հայաստանի պետական պարտքը ընթացիկ տարվա առաջին կիսամյակում դրամային արտահայտությամբ նվազել է 3,5%-ով՝ հունիսի 30-ի դրությամբ կազմելով 5,1 տրլն դրամ: Սա պայմանավորված է եկամուտների առաջանցիկ աճով և փոխարժեքի տատանումներով: Այդ մասին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովի նիստում սեպտեմբերի 9-ին հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը՝ ներկայացնելով պետական բյուջեի կատարման ընթացքը։
Նախորդ տարվա դեկտեմբերի վերջի 5,3 տրլն դրամի համեմատ արձանագրված այս նվազումն ուղեկցվել է նաև դոլարային արտահայտմամբ պարտքի չնչին նվազմամբ, որը կազմել է 13,9 մլրդ դոլար: Նախարարը պարզաբանել է, որ կառավարությունը գիտակցաբար դանդաղեցրել է նոր փոխառությունների ներգրավումը՝ ելնելով բյուջետային բարենպաստ իրավիճակից:
«Ունենալով ավելցուկային բյուջե՝ մենք մի փոքր նաև հետ ենք թողել պարտքի ներգրավման մեր պլանը՝ հաշվի առնելով մեր եկամուտների առաջանցիկ աճի տեմպերը»,- նշել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ այնուամենայնիվ պարտատոմսերի թողարկումներ արվել են նաև շուկայի իրացվելիությունն ապահովելու նպատակով:
Դրական միտումներ, ըստ նախարար Հովհաննիսյանի, արձանագրվել են նաև Ֆինանսական շուկայում: Մասնավորապես նա նշել է տեղաբաշխված պարտատոմսերի տոկոսադրույքների նախորդ տարվա համեմատ 1,7%-ով նվազումը։ Սա, ըստ պաշտոնյանի, թույլ կտա ապագայում զսպել սպասարկման ծախսերը և ազատված միջոցներն ուղղել պետական այլ կարևոր ծրագրերի։
Ֆինանսական ոլորտի մյուս նորություններից է այն, որ կառավարությունը կենտրոնացել է միջնաժամկետ պարտատոմսերի թողարկման վրա՝ խուսափելով երկարաժամկետ շուկայի բարձր տոկոսներից: «Մենք չենք թողարկում պարտք կամայական գնով, որը շուկան առաջարկում է, և դա է նաև պատճառը, որ մենք ունենք թե՛ պորտֆելի տոկոսադրույքների նվազում, և թե՛ առաջին կիսամյակում առաջնային տեղաբաշխումների էական նվազում»,- պարզաբանել է գերատեսչության ղեկավարը։
Տեղական շուկայում պարտատոմսերի նկատմամբ պահանջարկը գերազանցել է տեղաբաշխման ցուցանիշը 2,8 անգամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի կրկնակիի փոխարեն։ Միաժամանակ, դրամային պարտքի պորտֆելում ոչ ռեզիդենտների կշիռն աճել է 3,5%-ով՝ հասնելով 11%-ի: Ըստ նախարարի, սա վկայում է այն հայկական դրամային պարտատոմսերի նկատմամբ միջազգային ինստիտուցիոնալ ներդրողները աճող հետաքրքրության մասին։
Բարելավվել են նաև արտաքին պարտքի սպասարկման պայմանները, նում է Հովհաննիսյանն ու ահվելում, որ առաջին կիսամյակում արտաքին վարկերի գծով տոկոսավճարները կազմել են մինչև 75,2 մլն դոլար՝ նախորդ տարվա 81.5 միլիոնի դիմաց:
Դրան զուգահեռ Հայաստանի եվրոպարտատոմսերի եկամտաբերությունը նվազել է ավելի քան 1%-ով, որը վկայում է երկրի ռիկսայնության մակարդակի նվազման մասին։ «Ես ուրախ եմ ասել, որ հիմա նույնպես կարող ենք ասել, որ ռիսկի պատմականորեն ցածր հավելավճարներ ունենք»,- ընդգծել է Հովհաննիսյանը՝ մանրամասնելով, որ 2026, 2031 և 2035 թվականներին մարվող եվրոպարտատոմսերի եկամտաբերությունը կազմում է համապատասխանաբար 5,4%, 5,7% և 6,1%:












