Օգոստոսին 107 հազարով նվազել են Հայաստան զբոսաշրջային այցելությունները

Հայաստան զբոսաշրջային այցելություններն այս օգոստոսին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, նվազել են ավելի քան 107 հազարով՝ շարունակելով հուլիսին գրանցված կտրուկ անկման միտումը:
Զբոսաշրջության կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի հունվար-օգոստոս ժամանակահատվածում Հայաստան է այցելել շուրջ 1,46 մլն զբոսաշրջիկ: Այս ցուցանիշը զիջում է ինչպես 2025 թվականի առաջին ութ ամիսների արդյունքներին (1,493,727), այնպես էլ 2024 թվականի նույն ժամանակահատվածի արձանագրած թվերին (1,484,684):
Այսպիսով, տարեսկզբին՝ մասնավորապես հունվար-փետրվարին գրանցված զբոսաշրջային այցերի մինչև 30% աճը հետագա ամիսներին հետզհետե դանդաղել է:
Տարվա կտրվածքով ամենաակտիվ ամառային ամիսների դինամիկան 2026 թվականին խիստ անհամաչափ է դրսևորվել նախորդ երեք տարիների՝ 2023-ի, 2024-ի և 2025-ի պատկերի ֆոնին: Եթե հունիսին հաջողվել է պահպանել և նույնիսկ փոքր-ինչ գերազանցել աճի տեմպը՝ գրանցելով 216,214 այցելություն (ի տարբերություն 2025-ի 215,253-ի, 2024-ի 180,718-ի և 2023-ի 199,159-ի), ապա հուլիսին և օգոստոսին հոսքերը կտրուկ նվազել են:
Մասնավորապես, օգոստոսին Հայաստան է ժամանել 227,026 զբոսաշրջիկ, ինչը զգալիորեն զիջում է նախորդ երեք տարիների ցուցանիշներին. 2025-ի օգոստոսին գրանցվել էր 334,396, 2024-ին՝ 300,919, իսկ 2023-ին՝ 328,399 այցելություն: Նմանատիպ պատկեր է նաև հուլիսի դեպքում. 2026-ին գրանցված 198,709 այցելուն վերջին երեք տարիների կտրվածքով ամենացածր ցուցանիշն է։
Չնայած քանակական նվազմանը՝ Հայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը մնացել է անփոփոխ: 2026 թվականի հունվար-օգոստոսին ընդհանուր այցելությունների զգալի մասը կրկին ապահովել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%) ժամանած քաղաքացիները:
Զբոսաշրջության անկում՝ անշարժ գույքի բումի ֆոնին
Զուտ վիճակագրական անկումը, սակայն, չի արտացոլում տնտեսության մեջ առկա իրական պահանջարկի ամբողջական պատկերը։
Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը մատնանշում է ստեղծված հակասական իրավիճակը: «Մի կողմից երկրորդ ամիսն անընդմեջ ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ զգալիորեն նվազել է, մյուս կողմից մենք տեսնում ենք բում անշարժ գույքի վարձակալության շուկայում՝ այն էլ ռուսների կողմից, ընդ որում՝ հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ ռուս զբոսաշրջիկների թիվը նվազել է ավելի քան 23.8 հազարով», - ֆեյսբուքյան իր էջում գրում է Ֆանյանը` նշելով երկու տարբերակ. «Կամ զբոսաշրջության վիճակագրության հետ մի բան այն չէ՝ թիվը ճշգրիտ պատկերը չի արտացոլում, կամ էլ փոխվել է ժամանող ռուս զբոսաշրջիկների կառուցվածքը՝ գալիս են երկարատև մնալու միտումով»:
Բարձրացված հարցին սեպտեմբերի 15-ի ասուլիսին անդրադարձավ նաև ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Պատասխանելով ՍիվիլՆեթի հարցին՝ ԿԲ ղեկավարը պարզաբանեց, որ փոխվել է ոչ թե մարդկանց ներկայության, այլ նրանց վարքագծի բնույթը։
«Հիմնական տարբերությունն այն է, որ մարդիկ գալիս են և մնում։ Կարող է տպավորություն ստեղծվել, թե զբոսաշրջիկների թիվը նվազել է, քանի որ նախկինում գալիս ու վերադառնում էին։ Սակայն այժմ ժամանողները հաստատվում են այստեղ, ինչն էլ շարունակական պահանջարկ է ձևավորում»,- նշեց Գալստյանը։
Ըստ ԿԲ նախագահի՝ մակրոտնտեսական գնահատականներ տալիս կարգավորիչն այժմ առաջնորդվում է հենց այս տրամաբանությամբ. «Այդ պատճառով մենք ուշադրություն ենք դարձնում ոչ թե զուտ զբոսաշրջային հոսքերին, այլև այն այցելուներին, ովքեր մնում են և հավելյալ պահանջարկ են ստեղծում»։
Արշալույս Մղդեսյան









