Ինչու Հայաստանի պաշտպանական հետազոտությունների և մշակումների օրակարգը դեռ ամբողջական չէ

Ինչո՞ւ Հայաստանի պաշտպանական հետազոտությունների և մշակումների օրակարգը դեռ ամբողջական չէ, ո՞վ պետք է նախաձեռնի օդի աղտոտման, խցանումների կամ պարենային անվտանգության խնդիրների գիտական լուծումները, և ինչո՞ւ է պաշտպանական հետազոտություններին ուղղվում պաշտպանության ընդհանուր ծախսերի ընդամենը 0,32%-ը։ «Գիտուժ» նախաձեռնությունը, անդրադառնալով կառավարության 2026-2031թթ․ ծրագրին, այս և մի շարք այլ հարցեր է բարձրացնում՝ մատնանշելով հետազոտությունների և մշակումների ոլորտում առկա ինստիտուցիոնալ ու ֆինանսավորման բացերը։
Հայտարարությունը՝ ստորև․
«Ո՞վ է պատասխանատու օդի վնասակար աղտոտումը նվազեցնելու, խցանումները մեղմելու կամ Հայաստանի պարենի աղբյուրները դիվերսիֆիկացնելու նպատակով հետազոտություններ նախաձեռնելու և դրանց արդյունքները կիրառելու համար։
Ինչո՞ւ է Հայաստանը 2025թ. պաշտպանական հետազոտությունների և մշակումների (ՀևՄ) համար նախատեսված ծրագրով ծախսել ընդամենը 2,14 միլիարդ դրամ՝ Հայաստանի պաշտպանության ծախսերի միայն 0,32%-ին համարժեք գումար։
Կառավարության 2026–2031թթ․ ծրագիրը ՀևՄ քաղաքականության հարցում էական առաջընթաց է նախորդ ծրագրի համեմատ։ «Գիտուժը» ողջունում է ՀևՄ ֆինանսավորումը ՀՆԱ-ի 1%-ին հասցնելու վերահաստատված հանձնառությունը և հետազոտական ենթակառուցվածքներին աջակցությունը՝ արհեստական բանականության (ԱԲ) ազգային ՀևՄ լաբորատորիայի, համատեղ օգտագործման հաշվողական ռեսուրսների և հայերենի համար բաց ԱԲ գործիքների ստեղծման ծրագրերը։
Հատկապես կարևոր է պետական գերատեսչությունների խնդիրները լուծելու համար մրցութային կարգով առնվազն 80 թիրախային ՀևՄ պատվիրելու և արդյունքներն արագ ներդնելու հանձնառությունը։ Այն կարող է ծառայել անվտանգային և հանրային բարիքի կարիքներին։
Այս առաջընթացի հետ մեկտեղ ծրագիրը վերոնշյալ հարցերն անպատասխան է թողնում։ Ծրագիրը նաև չի հստակեցնում, թե ինչպես են նախատեսված 80 նախագծերը բավարարելու անվտանգային և հանրային բարիքի առաջնահերթ կարիքները։ Ծրագիրը չի հստակեցնում ՀՆԱ-ի 1%-ի թիրախում պետական ու մասնավոր ֆինանսավորման համամասնությունը։ ՀևՄ-ի պետական բյուջետային հատկացումները 2026թ. գրեթե 18%-ով պակաս են 2024թ. համեմատ, ինչը հակասում է ֆինանսավորման աճի հռչակված նպատակին։
«Գիտուժը» ծրագիրը գնահատում է ՀևՄ ֆինանսավորման չորս նպատակների տեսանկյունից․
Անվտանգային և հանրային բարիքին ուղղված ՀևՄ
- Ողջունելի դրույթներ․ Պաշտպանությունից բացի՝ ծրագիրն անդրադառնում է անվտանգային և հանրային բարիքի կարիքների լայն շրջանակի՝ ներառյալ հետախուզությունը, կիբեռանվտանգությունը, պարենը, էներգետիկան, աղետների ռիսկերը, առողջապահությունը, կրթությունը, ջրային ռեսուրսները, շրջակա միջավայրը և պետական կառավարումը։
- Հիմնական բացեր․ Ծրագիրը չի հստակեցնում, թե ինչպես են այս կարիքները վերածվելու ֆինանսավորվող ՀևՄ ծրագրերի, որոնց արդյունքները պատասխանատու գերատեսչությունները կկարողանան կիրառել։ Պաշտպանական ՀևՄ-ի համար այն չի սահմանում ֆինանսավորման կամ նախագծերի թվի կոնկրետ թիրախ կամ հատկացված միջոցներն իրացնելու կարողությունների բարելավման նպատակ։ Այս բացերի պատճառով հստակ չէ, թե անվտանգային և հանրային բարիքի կարիքները բավարարելու համար ինչ կարողություններ պետք է զարգացնել ակադեմիական հետազոտությունների ծրագրերի միջոցով։
Տնտեսական նպատակներով ՀևՄ
- Ողջունելի դրույթներ․ Առնվազն երեք բուհում տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակների ստեղծումը, առնվազն 30 համալսարանական ստարտափի ֆինանսավորումը և աջակցությունը՝ հետազոտությունից ու նախատիպից մինչև արտադրություն ու շուկա, մեխանիզմներ են։ Դրանք կարող են ակադեմիական հետազոտությունների միջոցով կարողությունների զարգացումն ուղղորդել՝ ըստ տնտեսական կարիքների։
Ակադեմիական հետազոտություններ
- Ողջունելի դրույթներ․ Աջակցություն հետազոտական ծրագրերին և ենթակառուցվածքներին։ Նման ներդրումներն օգնում են կուտակել գիտելիք, զարգացնել ենթակառուցվածքներն ու պատրաստել մասնագետներ։
- Հիմնական բացեր․ Ծրագիրը հստակ չի ամրագրում, որ բարձրորակ ակադեմիական հետազոտությունները ինքնուրույն առաջնահերթություն են և գնահատվում են ակադեմիական չափանիշներով։
Անվտանգային և հանրային բարիքին ուղղված ՀևՄ-ի ինստիտուցիոնալ բացը ծրագրում լուծում չի ստանում։
Ակադեմիական հետազոտությունների պատասխանատու մարմինը ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն է, տնտեսական ՀևՄ-ի պատասխանատու մարմինները՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության (ԲՏԱԱԲ) ու Էկոնոմիկայի նախարարությունները, իսկ պաշտպանական ՀևՄ-ի պատասխանատուն՝ ԲՏԱԱԲ նախարարության Ռազմարդյունաբերության կոմիտեն։
Անվտանգային և հանրային բարիքի կարիքներից բխող ՀևՄ կազմակերպելու և ֆինանսավորելու հստակ մանդատ պետք է ստանա գործող կամ նոր մարմին։ Այն պետք է անմիջականորեն աշխատի համապատասխան գերատեսչությունների և գիտական ու ճարտարագիտական համայնքի հետ՝ վերհանելով ՀևՄ պահանջող խնդիրները, մշակելով ու ֆինանսավորելով ծրագրերը, փորձարկելով արդյունքներն ու գերատեսչությունների հետ կիրառելով հաջող լուծումները։
Կառավարությունը պետք է իր ծրագրում հստակ հանձնառություն ստանձնի՝ լրացնելու այս ինստիտուցիոնալ բացը։ Պաշտոնյաների հրապարակային խոսքն ու գործնական քայլերը պետք է ցույց տան, որ այս խնդրի լուծումը առաջնահերթություն է։
Առաջիկա հինգ տարիներին Հայաստանը պետք է առաջնորդվի գիտության և տեխնոլոգիաների միջոցով երկիրը հզորացնելու ամբողջական ծրագրով»։











