Գլխավոր Լրահոս

Կառավարությունը «ազատագրում է կուսակցություններին, լրատվամիջոցներին ու ՀԿ-ներին»

Կառավարությունը «ազատագրում է կուսակցություններին, լրատվամիջոցներին ու ՀԿ-ներին»

Սեպտեմբերի 17-ին կառավարությունը հաստատեց օրենսդրական մի նախագիծ, որը թույլ է տալիս քաղաքացուն իր վճարած եկամտային հարկի հաշվին ֆինանսապես աջակցել որոշ ՀԿ-ների, լրատվամիջոցների և կուսակցությունների՝ այդ գումարը դիտարկելով որպես «սոցիալական ծախս»։ Գործադիրի անդամները պնդեցին, որ այս փոփոխությամբ ազատագրում են այդ կազմակերպություններին։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ներկայացնելով նախագիծը, հիշեցրեց, որ Հայաստանում գործում է եկամուտների հայտարարագրման համակարգը, որի շրջանակում քաղաքացիները տարեկան ներկայացնում են եկամուտների հայտարարագիր և հնարավորություն ունեն սոցիալական կրեդիտների միջոցով հետ ստանալու առողջապահության և կրթության ուղղությամբ կատարված ծախսերի մի մասը։

«Կառավարությունն իր ծրագրում ամրագրել է սոցիալական կրեդիտների շրջանակի ընդլայնման նպատակը, և այս փոփոխությամբ առաջարկվում է ընդլայնել սոցիալական կրեդիտների կիրառման շրջանակը՝ դրանում ներառելով նաև հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն իրականացնող սուբյեկտներին և կուսակցություններին։ Այսինքն՝ ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի հաշվին վերջիններս կարող են հատկացումներ կատարել հասարակական կազմակերպություններին, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձանց ու անհատ ձեռնարկատերերին և կուսակցություններին»,- նշեց նախարարը։

Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանի կարծիքով՝ այս կերպ կառավարությունն ազատագրում է այդ կազմակերպություններին։

«Մենք հիմա մեխանիզմ ենք ստեղծում, որ երբ հասարակական կազմակերպությունը, ԶԼՄ-ն կամ կուսակցությունը հանրային բարիք է ստեղծում և տեսանելի է, մարդիկ իրենք են ուզենալու օգնել այդ հանրային բարիքի ստեղծմանը։ Մենք ինքներս էլ կհանրահռչակենք և մեր քաղաքացիներին կոչ կանենք, որպեսզի այդ եղանակով այն խնդիրների լուծմանն ուղղեն իրենց միջոցները, որոնք իրենք համարում են կարևոր»։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն էլ նշեց, որ այս կերպ կառավարությունը շեշտում է այն հանգամանքը, թե հասարակական կազմակերպությունները և զանգվածային լրատվության միջոցները պետք է իրավաչափ ու բարեխիղճ վարքագիծ դրսևորեն։ Նա հայտնեց, որ վարչապետի աշխատակազմում է գտնվում լրատվամիջոցների ինքնակարգավորման մարմնի ստեղծման հետ կապված օրենսդրական նախագծերի փաթեթը։

«Եթե ոչ մյուս, առաջիկա կառավարության նիստերի ընթացքում նաև կներկայացնենք այդ նախագիծը՝ սահմանելով բարեխղճության չափման հնարավոր միավորներ։ Կարծում եմ, որ զանգվածային լրատվության միջոցները պետք է ձգտեն այդ պահանջները բավարարել և այդպիսով դառնալ, ըստ էության, մեր քաղաքացիների համար բարեխիղճ համարվող լրատվամիջոց ու հավակնել այս ֆինանսական հատկացումները ստանալուն»,- ամփոփեց նախարարը։

ՊԵԿ-ի տվյալներով՝ 2024 թվականին 81 000 մարդ է դիմել և ստացել 6,3 մլրդ դրամի սոցիալական կրեդիտ, իսկ միայն սեպտեմբերի դրությամբ 92 000 մարդ ստացել է 7,5 մլրդ դրամի կրեդիտ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում