Գլխավոր Լրահոս

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի միասնական չափ կսահմանվի

Մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի միասնական չափ կսահմանվի

Հայաստանում 2028-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխաների համար առաջարկվում է սահմանել մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի միասնական չափ՝ անկախ ծնողի՝ խնամքի արձակուրդում գտնվելու կամ գյուղաբնակ լինելու հանգամանքից։ Համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է կառավարության նոյեմբերի 26-ի նիստում:

Առաջարկվում է նաև վերանայել երեխաների ծննդով պայմանավորված նպաստների նշանակման, վճարման և դադարեցման պայմանները։

«Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը մշակել է աշխատանքի և բարեկեցության նախարարությունը։

Գործող կարգավորումներով մինչև երկու տարեկան երեխայի խնամքի ամսական նպաստը կազմում է՝

- խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31,600 դրամ,

- խնամքի արձակուրդում գտնվող ոչ գյուղաբնակ ծնողի համար՝ 37,500 դրամ,

- խնամքի արձակուրդում գտնվող գյուղաբնակ ծնողի համար՝ 69,100 դրամ։

Նպաստի միասնական չափը կսահմանի կառավարությունը։ Օրինագծում նոր չափը չի նշվում։ Մինչև 2028-ի հունվարի 1-ը ծնված երեխաների համար կպահպանվեն նպաստի չափի որոշման գործող կարգավորումները։

Ըստ նախագծի հիմնավորման՝ նպաստի չափերի միասնականացումը նպատակ ունի պարզեցնել վարչարարությունը։ Նախարարությունը նշում է նաև, որ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի նպաստի չափը փոխկապակցված չէ նրա եկամտի հետ, իսկ գյուղական բնակավայրում հաշվառված լինելը միշտ չէ, որ նշանակում է այնտեղ փաստացի բնակվել։

Նպաստների հետադարձ նշանակման ժամկետները կկրճատվեն

Նախագծով առաջարկվում է երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի հետադարձ նշանակման ժամկետը վեցից դարձնել երեք ամիս, իսկ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստինը՝ 12-ից երեք ամիս։ Այս կարգավորումները կվերաբերեն 2028-ի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխաներին։

Ծնողի մահվան դեպքում մյուս ծնողի կողմից նպաստի հետադարձ նշանակման համար դիմելու վեցամսյա ժամկետը կպահպանվի։

Առաջարկվում է նաև 2028-ի հունվարի 1-ից երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստ ու խնամքի նպաստ ստանալու իրավունքը դադարեցնելու հիմք սահմանել ծնողի կամ երեխայի՝ Հայաստանից անընդմեջ երեք ամսից ավելի բացակայելը՝ հաշվի առնելով օրենքով նախատեսված բացառությունները։

Գործող կարգավորումներով երեխայի բացակայության դեպքում այդ ժամկետը երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի համար վեց ամիս է, խնամքի նպաստի համար՝ 12 ամիս։

Խնամքի նպաստ նշանակելու համար Հայաստանում գտնվելու պահանջը, որը ներկայում վերաբերում է երեխային, կտարածվի նաև ծնողի վրա։

Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստի վճարումը շարունակելու համար կվերացվի ծնողի՝ տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու և Հայաստանում գտնվելու մասին հայտարարություն ստորագրելու պահանջը։ Հայաստանից բացակայելու հիմքով այդ նպաստի իրավունքը դադարելու դեպքում երկիր վերադառնալուց հետո այն կվերականգնվի առանց ծնողի դիմումի՝ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի տվյալների հիման վրա։

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի դեպքում էլ կհստակեցվի դիմելու ժամկետը՝ երեխայի ծննդյան ամսվանից հետո 12 ամսվա ընթացքում։

Գերատեսչությունների դիտողությունները

Ֆինանսների նախարարությունն առաջարկել է ներկայացնել խնամքի նպաստի նախատեսվող միասնական չափը և գնահատել փոփոխությունների ազդեցությունը 2028-ի ու հետագա տարիների պետական բյուջեների ծախսերի վրա։

Նախարարությունը նաև մատնանշել է այն դեպքերը, երբ ծնողը կարող է արտերկիր մեկնել աշխատանքի, ուսման կամ բուժման նպատակով, մինչդեռ երեխայի խնամքը շարունակում է ապահովվել Հայաստանում։

Ի պատասխան՝ աշխատանքի և բարեկեցության նախարարությունը նշել է, որ առաջարկվող փոփոխությունների նպատակը նպաստների հասցեականության բարձրացումն ու առաջնահերթ Հայաստանում գտնվող ընտանիքներին աջակցելն է։

Արդարադատության նախարարությունն էլ մատնանշել է նպաստի չափերի միասնականացման հետևանքով գյուղաբնակ շահառուների սոցիալական պաշտպանության մակարդակի նվազման հնարավոր ռիսկը՝ առաջարկելով համապատասխան երաշխիքներ սահմանել։

Խնամքի նպաստի միասնական չափի սահմանմամբ պայմանավորված լրացուցիչ ծախսերը նախատեսվում է հաշվարկել 2028-ի պետական բյուջեի մշակման ընթացքում։

Օրինագիծը հանրային քննարկման է ներկայացվել 2026-ի նոյեմբերի 4-20-ը։ Այդ ընթացքում ստացվել է երեք առաջարկ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում