Հայաստանի աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հրաժարվել է թաղման նպաստ ստացողների շրջանակը կրճատելու նախաձեռնությունից։ Հանրային քննարկման ներկայացված օրենսդրական նախագիծը չի ուղարկվի Ազգային ժողով, իսկ նպաստը կշարունակի տրամադրվել գործող կարգով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսաուղերձում հայտարարել է նախարար Արսեն Թորոսյանը։
«Որոշում ենք կայացրել այդ մասով մեր նախաձեռնությունը առաջ չտանել, այսինքն որևէ փոփոխություն չիրականացնել»,- ասել է Թորոսյանը։
Նրա խոսքով՝ որոշումն ընդունվել է հանրային արձագանքներին հետևելու և նախորդ շաբաթ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության գործընկերների հետ քննարկումների արդյունքում։
«Այն բոլոր քաղաքացիները, որոնք որ այսօրվա կարգավորումներով ստանային այդ նպաստը կշարունակեն ստանալ»,- հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ հանրային քննարկման ներկայացված նախագիծն Ազգային ժողով չի ուղարկվի։
Ավելի վաղ նախարարությունն առաջարկում էր 2027-ի հունվարի 1-ից թաղման նպաստը տրամադրել միայն անապահովության համակարգում նպաստ ստացող ընտանիքի անդամի մահվան դեպքում։
Գործող կարգով 200 հազար դրամ թաղման նպաստ է տրամադրվում, մասնավորապես, կենսաթոշակառուի կամ անապահովության համակարգում ընդգրկված ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ սահմանված պայմաններով։ Նախատեսվող փոփոխությամբ շահառուների շրջանակը պետք է էապես կրճատվեր։
Հոկտեմբերի 1-ին կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում Թորոսյանը հայտարարել էր, որ նախաձեռնության նպատակն աջակցությունն ավելի հասցեական դարձնելն է։ Նախատեսվում էր թաղման նպաստի համար հատկացվող միջոցներն ուղղել կենսաթոշակների բարձրացմանը։
Ըստ նախարարի ներկայացրած հաշվարկների՝ թաղման նպաստի տարեկան ֆոնդը կազմում է շուրջ 4,4 մլդ դրամ։ Նախատեսվում էր այդ միջոցները, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսավորումն օգտագործել 2027-ի հունվարի 1-ից կենսաթոշակները բարձրացնելու համար։ Մասնավորապես՝ նվազագույն կենսաթոշակը 46 հազար դրամից պետք է դառնար 47 հազար դրամ։
Հոկտեմբերի 2-ին նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ վճարների քաղաքականության վարչության պետ Անահիտ Գալստյանը մանրամասնել էր, որ օրենսդրական փոփոխությունների առանցքային դրույթը թաղման նպաստի շահառուների շրջանակի նեղացումն է։
Նախագիծը հանրային քննարկման էր ներկայացվել հոկտեմբերի 1-ից 19-ը։ Քննարկման ընթացքում ներկայացվել էին նաև առարկություններ՝ նպաստի սահմանափակման սոցիալական հետևանքների և որոշ ընտանիքների համար հուղարկավորության ծախսերը հոգալու դժվարությունների վերաբերյալ։
Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Թորոսյանը դեռ պաշտպանում էր նախաձեռնությունը՝ հայտարարելով, որ նպաստը չի վերացվում, այլ դառնում է հասցեական։












