Գլխավոր Լրահոս

Ծնողական ժամի տրամադրման կարգը կփոխվի․ ինչ է առաջարկում նախարարությունը

Ծնողական ժամի տրամադրման կարգը կփոխվի․ ինչ է առաջարկում նախարարությունը

Օրական վեց ժամ կամ ավելի քիչ աշխատող ծնողներին առաջարկվում է զրկել ծնողական ժամից օգտվելու իրավունքից։ Աշխատանքի և բարեկեցության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է նաև հստակեցնել ծնողական ժամի օգտագործման նպատակներն ու պայմանները։

Նախագծով նախատեսվում է ծնողական ժամից օգտվելու իրավունքն իրացնել երեխայի կրթությանն ու առողջության պահպանմանն առնչվող նպատակներով՝ երեխային ուսումնական հաստատություն ուղեկցելու կամ այնտեղից վերցնելու, կրթական այլ գործընթացներին մասնակցելու, ինչպես նաև երեխային առողջապահական կազմակերպություն ուղեկցելու համար։

Ծնողական ժամը կշարունակի տրամադրվել աշխատողի գրավոր դիմումի հիման վրա։ Սակայն եթե աշխատողի նշած ժամանակահատվածում նրա բացակայությունը, աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված, կարող է խաթարել աշխատանքի բնականոն ընթացքը, գործատուն հնարավորություն կունենա նույն աշխատանքային օրվա ընթացքում ծնողական ժամի օգտագործման այլ ժամանակահատված սահմանելու։

Նախարարության հաղորդմամբ՝ այս կարգավորման դեպքում պետք է հաշվի առնվեն ինչպես աշխատանքի բնականոն և անվտանգ կազմակերպման պահանջները, այնպես էլ երեխայի կարիքները։

Հերթափոխային աշխատանք կատարող աշխատողների դեպքում ծնողական ժամի օգտագործման ժամանակահատվածը պետք է նախապես համաձայնեցվի գործատուի հետ։

Նախարարության հաղորդմամբ՝ առաջարկվող փոփոխությունների նպատակն է կարգավորել ծնողական ժամի կիրառման ընթացքում առաջացող խնդիրները և հավասարակշռել աշխատողի ու գործատուի շահերը։

Ազգային ժողովը ծնողական ժամի վերաբերյալ օրենսդրական փոփոխություններն ընդունել է 2026-ի հունիսի 18-ին։ Դրանք ուժի մեջ են մտել հուլիսի 10-ին։

Գործող օրենսդրությամբ՝ ծնողական ժամից օգտվելու իրավունք ունեն նաև խնամատար ծնողները, որդեգրողները և խնամակալները։ Ծնողական ժամը տրամադրվում է հետևյալ տևողությամբ՝

- մինչև 12 տարեկան մեկ կամ երկու երեխա ունեցող ծնողին՝ օրական առավելագույնը 30 րոպե,

- մինչև 12 տարեկան երեք և ավելի երեխա ունեցող ծնողին՝ օրական առավելագույնը մեկ ժամ,

- մինչև 18 տարեկան ֆունկցիոնալության ծանր կամ խորը սահմանափակում ունեցող երեխայի ծնողին՝ օրական առավելագույնը մեկ ժամ՝ անկախ երեխաների թվից։

Գործող կարգավորմամբ գործատուն չի կարող մերժել ծնողական ժամ տրամադրելու աշխատողի գրավոր դիմումը։ Ծնողական ժամը ներառվում է աշխատաժամանակում, և այդ ընթացքում պահպանվում է աշխատողի հիմնական աշխատավարձը, իսկ գործավարձով վարձատրվողների դեպքում՝ միջին աշխատավարձը՝ առանց պարգևատրման գումարների։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում