ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունն առաջարկում է, որ գործատուն և աշխատողը փոխադարձ համաձայնությամբ կարողանան փոփոխել աշխատանքային պայմանագրի էական պայմանները՝ առանց աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու։ Խոսքը, մասնավորապես, աշխատանքի վայրի, պաշտոնի, աշխատանքային գործառույթների և այլ պայմանների փոփոխության մասին է։ Համապատասխան փոփոխություններ նախատեսող նախագիծը նոյեմբերի 9-ին հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում։
Նշվում է, որ գործող կարգավորման համաձայն՝ աշխատանքի էական պայմանների փոփոխությունը նախատեսված է այն դեպքերի համար, երբ առկա են աշխատանքի ծավալների, տնտեսական, տեխնոլոգիական կամ աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխություններ։ Ըստ նախագծի հեղինակների՝ գործող կարգավորումն առանձին և հստակ չի սահմանում այն դեպքը, երբ աշխատանքի էական պայմանների փոփոխությունը պայմանավորված է գործատուի և աշխատողի փոխադարձ համաձայնությամբ։
Միաժամանակ նախատեսվում է երկու սահմանափակում․ անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը հնարավոր չի լինի փոխադարձ համաձայնությամբ դարձնել որոշակի ժամկետով, ինչպես նաև այս մեխանիզմով չի թույլատրվի նվազեցնել աշխատողի աշխատավարձը։
Ծնողական ժամը՝ գրավոր դիմումի հիման վրա
Բացի այդ, առաջարկվում է փոփոխություններ կատարել աշխատաժամանակի կազմակերպման, ծնողական ժամից օգտվելու իրավունքի, անչափահասների աշխատանքի, աշխատավարձի վճարման և արձակուրդների հաշվարկման կարգերում։
Նախարարության ներկայացրած հիմնավորման համաձայն՝ փոփոխությունների նպատակն աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորումների հստակեցումն է, իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումը և աշխատողների իրավունքների պաշտպանության մեխանիզմների կատարելագործումը։
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ ծնողական ժամը տրամադրվի աշխատողի գրավոր դիմումի հիման վրա։ Գործատուն չի կարող մերժել աշխատողի՝ այդ իրավունքից օգտվելու հնարավորությունը, սակայն կարող է նույն աշխատանքային օրվա ընթացքում փոփոխել աշխատողի նշած ժամանակահատվածը, եթե դա անհրաժեշտ է աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու համար։
Հերթափոխային աշխատանք կատարող աշխատողների դեպքում ծնողական ժամի օգտագործման ժամանակահատվածը պետք է նախապես համաձայնեցվի գործատուի հետ։
Միաժամանակ նախարարությունն առաջարկում է ծնողական ժամից օգտվելու իրավունք չտալ այն աշխատողներին, որոնց աշխատանքային օրվա տևողությունը չի գերազանցում վեց ժամը։
Այսպիսով, առաջարկվող փոփոխությամբ որոշ աշխատողների համար ծնողական ժամից օգտվելու իրավունքը կսահմանափակվի, իսկ մյուսների դեպքում դրա կիրառման ժամանակահատվածը որոշելու հարցում գործատուն լրացուցիչ հնարավորություն կստանա։
Փոփոխություններ հերթափոխով աշխատողների համար
Նախագծով առաջարկվում է առանձին կատեգորիայի աշխատողների համար սահմանել օրական 12 կամ 24 ժամ տևողությամբ աշխատանքային ռեժիմ։
Գործող կարգավորմամբ նրանց աշխատաժամանակը կարող է սահմանվել օրական 24 ժամ՝ պայմանով, որ շաբաթվա ընթացքում աշխատաժամանակի միջին տևողությունը չգերազանցի 48 ժամը։
Նոր առաջարկով գործատուն հնարավորություն կունենա տվյալ աշխատողի համար ընտրել 12 կամ 24-ժամյա աշխատանքային օրերից մեկը։ Երկու դեպքում էլ կպահպանվի շաբաթական միջին՝ առավելագույնը 48 ժամ աշխատաժամանակի սահմանափակումը։
Նախագծով նաև առաջարկվում է Աշխատանքային օրենսգրքում սահմանել «հերթափոխային աշխատանք» հասկացությունը։
Վերանայվում են անչափահասների աշխատանքի կանոնները
Նախարարությունն առաջարկում է վերանայել մինչև 18 տարեկան անձանց աշխատանքի վերաբերյալ կարգավորումները։ Մասնավորապես, մինչև 15 տարեկան անձանց դպրոցական օրերին աշխատանքի ներգրավելու դեպքում նախատեսվում է սահմանել օրական առավելագույնը երկու ժամ աշխատանքային տևողություն։
Վերանայվելու են նաև տարբեր տարիքային խմբերի համար թույլատրելի աշխատանքային ժամերի առավելագույն սահմանաչափերը։ Այդ փոփոխությունների կապակցությամբ առաջարկվում է փոփոխություն կատարել նաև «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենքում։
Նախագծով առաջարկվում է ուղղակիորեն ամրագրել, որ աշխատողի աշխատավարձը պետք է փոխանցվի նրա անվամբ բացված բանկային կամ էլեկտրոնային փողի հաշվին։
Փոփոխություններ են առաջարկվում նաև ժամային դրույքաչափով վարձատրվող աշխատողների միջին աշխատավարձի հաշվարկման կարգում, մասնավորապես՝ այն դեպքերի համար, երբ նախորդ 12 ամիսների ընթացքում փաստացի հաշվարկված աշխատավարձ չի եղել կամ առկա են օրենքով նախատեսված հատուկ ժամանակահատվածներ։
Նախագիծը միայն այսօր է ներկայացվել հանրային քննարկման։ Այսինքն՝ քննարկման արդյունքներով այն կարող է հաստատվել կառավարության կողմից և ուղարկվել Ազգային ժողով կամ մերժվել դեռևս այս փուլում։
Լուսանկարը գեներացվել է ԱԲ-ի կողմից












