Իրանն ուշադիր հետևում է TRIPP-ի շուրջ զարգացումներին. այդ մասին նոյեմբերի 9-ին հայտարարել է Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Էսմայիլ Բաղաեին իրանցի լրագրողների հետ ասուլիսի ժամանակ։
«Մեզ վստահեցրել են [Հայաստանը], որ այդ նախագիծը որևէ կերպ չի փոխի միջազգային սահմաններն ու տարածաշրջանի աշխարհաքաղաքականությունը, շինարարության պատասխանատուները լինելու են հայկական ընկերությունները և որևէ ամերիկյան ռազմական ուժեր այդ տարածքում չեն տեղակայվի», - հայտարարել է իրանցի պաշտոնյան՝ պաստախանելով Հայաստանի Ազգային ժողովի կողմից TRIPP նախագիծը վավերացնելու մասին հարցին։
Միևնույն ժամանակ իրանցի պաշտոնյան հայտնել է Թեհրանի ունեցած մտահոգությունների և դրանք Հայաստանի իշխանություններին հասցեագրելու մասին։
«Մենք, անշուշտ, պարտավոր ենք մտահոգվել օտար ուժերի, այդ թվում՝ ԱՄՆ-ի գործողությունների ու քայլերի առնչությամբ։ Փորձը ցույց է տվել, որ ԱՄՆ-ի ներկայությունն ու մուտքը տարածաշրջան մշտապես ուղեկցվել են անկայունությամբ։ Այդ իսկ պատճառով մեր մտահոգությունները հստակորեն փոխանցել ենք Հայաստանի Հանրապետությունում մեր բարեկամներին», - նշել է Բաղաեին։
Իրանցի պաշտոնյան հայտարարել է նաև, որ Իրանը Հայաստանի հետ ունի շատ լավ հարաբերություններ։
Պաշտոնական Թեհրանը քանիցս արտահայտել է իր մտահոգությունները TRIPP նախագծի վերաբերյալ, սակայն միաժամանակ նշել Հայաստանի կառավարությունից ստացած հավաստիացումների մասին։ Իրանին ամենաշատը հուզում է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման, իրավազորության, ինչպես նաև ամերիկյան զինված ուժերի չտեղակայման հեռանկարը։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ավելի վաղ Երևանում անցկացված COP17 համաժողովի շրջանակներում հայտարարել էր, որ «Թեհրանը թեև մտահոգություններ ունի տարածաշրջանում և Իրանի շուրջ ԱՄՆ ցանկացած ներկայության վերաբերյալ, սակայն այդ հարցում [TRIPP նախագծի] սերտ կապի մեջ է հայ գործընկերների հետ և լիովին վստահում է նրանց։ վերաբերյալ և վստահում է իր հայ գործընկերներին»։
Հոկտեմբերի 28-ին Ազգային ժողովը վավերացրեց «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (TRIPP) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը։
2025-ի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մասնակցությամբ ստորագրվեց համատեղ հռչակագիր, որի դրույթներից մեկը վերաբերում է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (“Trump Route for International Peace and Prosperity” (TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացմանը։ Ծրագրի նպատակն է ապահովել Ադրբեջանի բուն տարածքի և նրա էքսկլավ Նախիջևանի միջև կապը, որն անցնելու է Հայաստանի հարավային մասով։











