TRIPP ծրագրի շուրջ Իրանի մտահոգությունների վերաբերյալ հայաստանյան որոշ մեդիառեսուրսների մեկնաբանություններն էականորեն ուռճացված են և հեռու իրականությունից։ Այս մասին հոկտեմբերի 16-ին COP17-ի շրջանակում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
«Իրանական կողմում, անշուշտ, կան հարցեր, այդ հարցերին պատասխանները տրվել են։ Իրանական կողմը, իմ տպավորությամբ, այս ընթացքով բավարարված է։ Էլի հարցեր ունի, օրինակ, իրանական կողմն ասում է՝ լինելո՞ւ է ամերիկյան զինված ներկայություն TRIPP-ի երկայնքով, ասում ենք՝ չի լինելու, թղթերն այդ մասին են վկայում, իրականությունն այդ մասին է վկայում։ Այսինքն՝ նորմալ է, որ իրենք այդ հարցն ունեն, մենք էլ այդ հարցի ճիշտ պատասխանը տալիս ենք»,- ասել է Միրզոյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ Իրանից երբեմն հայտարարություններ են հնչում, ըստ որի երրորդ կողմի ներկայությունը կարող է ապակայունացնել տարածաշրջանը, Միրզոյանը նշել է, որ դա դասագրքային ճշմարտությունը և ով ինչ գիտի, թե այդ հայտարարությամբ Իրանն ի՞նչ նկատի ունի։
«Ընդհանրապես, կարծում եմ, դասագրքային ճշմարտություն է, որ արտաքին երրորդ կողմի զինված ներկայությունը մեկ այլ տեղի երկուսի հարաբերություններում միայն բարդացնելու է այն երկուսի կյանքը։ Ես էլ կարող եմ դա իմ անունից ասել, դուք ի՞նչ գիտեք, ես ինչ նկատի ունեմ կամ դուք ի՞նչ գիտեք՝ Իրանը ինչ նկատի ունի»,- ասել է Միրզոյանը։
Երևանում ընթացող COP17 համաժողովի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտնել է, որ Իրանը մտահոգություններ ունի տարածաշրջանում ԱՄՆ ցանկացած ներկայության առնչությամբ, սակայն լիովին վստահում է Հայաստանին և համոզված է, որ հայկական կողմը որևէ քայլ չի ձեռնարկի ընդդեմ Իրանի անվտանգության։
TRIPP-ը նախատեսված է Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի տարածքով անխոչընդոտ հաղորդակցություն ապահովելու համար՝ միաժամանակ հարգելով Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունն ու անվտանգությունը։
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրը նախաստորագրվել է այս տարվա մայիսի 26-ին, ստորագրվել՝ հունիսի 4-ին:












