ԱՄՆ-ի և «սիոնիստական ռեժիմի» նախաձեռնած պատերազմը լրջորեն սպառնում է տարածաշրջանի էկոհամակարգերին։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը՝ Երևանում ընթացքող Կենսաբազմազանության COP17 համաժողովի շրջանակում կայացած «Առաջնորդները հանուն բնության» գագաթաժողովում:
«Ամերիկայի Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի նախաձեռնած ագրեսիվ պատերազմը մեր տարածաշրջանում՝ էներգետիկ կայանների ոչնչացմամբ, հրդեհներով, աղտոտիչ նյութերի արտանետումներով, հողի և ջրի աղտոտմամբ, լրջորեն սպառնում է էկոհամակարգերին և քայքայում այն, ինչը տարիներ ու տասնամյակներ շարունակ պահպանվել էր կենսաբազմազանության պաշտպանությանն ուղղված ջանքերի արդյունքում»,- ասել է Իրանի նախագահը։
Փեզեշքիանի խոսքով՝ պատերազմը թիրախավորում է ոչ միայն մարդկային կյանքն ու տնտեսական ենթակառուցվածքները, այլև ոչնչացնում է անտառները, խոնավ տարածքները, պարարտ հողերն ու ջրային ռեսուրսները։ Նա ընդգծել է, որ պատերազմի բնապահպանական հետևանքները կարող են պահպանվել տասնամյակներ՝ մարտական գործողությունների դադարից երկար ժամանակ անց։
«Սա զուտ ներպետական խնդիր չէ և չի սահմանափակվում մեկ երկրի քաղաքական սահմաններով։ Բնությունը չի ճանաչում քաղաքական սահմաններ։ Ջրի, հողի և մթնոլորտի աղտոտման տարածումը կանգ չի առնում պետությունների սահմաններին»,- նշել է նա։
Իրանի նախագահի գնահատմամբ՝ տարածաշրջանում ագրեսիվ պատերազմների հետևանքով տեղի ունեցողը «էկոցիդ է՝ բնապահպանական ցեղասպանություն», որը պետք է աներկբայորեն դատապարտել։
Փեզեշքիանն անդրադարձել է նաև պատերազմների ընթացքում արգելված զենքերի կիրառմանը, շրջակա միջավայրի դիտավորյալ ոչնչացմանը և մայրաքաղաքի վառելիքի պահեստների վրա թիրախային հարձակումներին։
«Պետք չէ թույլ տալ, որ պատերազմների ժամանակ բնությունը դառնա լուռ և անպաշտպան զոհ»,- հայտարարել է նա։
Իրանի նախագահը նշել է, որ իր երկիրը կլիմայի փոփոխության, մշտական երաշտների, ջրի սակավության, անապատացման և ռեսուրսների սպառման խնդիրներին զուգահեռ կրում է նաև իրավական, տնտեսական և քաղաքական պատժամիջոցների հետևանքները, ինչի պատճառով սահմանափակվում է ժամանակակից տեխնոլոգիաներից օգտվելու և ֆինանսական ռեսուրսներ ստանալու հնարավորությունը։
«Միջազգային հանրությունը պարտավոր է ընդունել, որ տնտեսական պատժամիջոցների կամ ռազմական ագրեսիայի ներքո հայտնված ազգերը չպետք է ստիպված լինեն մեկուսի կրել այդ պատերազմների և պատժամիջոցների բնապահպանական ծանր հետևանքները, որոնց հրահրիչը երբեք իրենք չեն եղել»,- ասել է Փեզեշքիանը։
Նա ՄԱԿ-ի գործակալություններին, միջազգային ֆինանսական կառույցներին և համապատասխան կազմակերպություններին կոչ է արել մշակել ավելի արդյունավետ մեխանիզմներ՝ ֆինանսական ռեսուրսներ ներգրավելու, բնապահպանական վնասը գնահատելու և տուժած պետություններին աջակցելու համար, որպեսզի սահմանափակվեն զինված հակամարտությունների բնապահպանական հետևանքները։
Իրանի նախագահը նաև ընդգծել է, որ կենսաբազմազանության պահպանությունը կարող է կարևոր հիմք դառնալ խաղաղության և դիվանագիտության համար, իսկ բնապահպանական համագործակցությունը թույլ կտա կամուրջներ կառուցել ազգերի միջև։












