Գլխավոր Լրահոս

Մոսկվան սպասում է Երևանի ընտրությանը․ Կապիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Մոսկվան սպասում է Երևանի ընտրությանը․ Կապիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում նոր հավասարակշռություն գտնելու անհրաժեշտություն կա։ Այդ գործընթացը, սակայն, ենթադրում է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության հետագա ուղղության հստակեցում։ Այս մասին հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կապիրկինը Հանրային ռադիոյի հետ զրույցում։

Դեսպանի խոսքով՝ վերջին տարիներին Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ տեղի ունեցած փոփոխությունները նոր իրավիճակ են ստեղծել հայ-ռուսական հարաբերություններում։ Նա, մասնավորապես, հիշեցրել է, որ Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին, հայտարարել անվտանգության ապահովման բանաձևի վերանայման մասին, որդեգրել արտաքին քաղաքական և տնտեսական կապերի դիվերսիֆիկացման ուղեգիծ, իսկ 2025-ին ընդունել է Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքը։

«Իրականում փոխվում է մեր հարաբերությունների կոորդինատային համակարգը։ Մենք դրան ըմբռնումով ենք մոտենում»,- ասել է դեսպանը։

Դեսպանը դժվարացել է պատասխանել հարցին, թե արդյոք իրատեսական է այն սցենարը, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը կարող է կայանալ միայն այն դեպքում, եթե առաջընթաց գրանցվի «Ռոսատոմի» կամ «Ռուսական երկաթուղիների» հետ բանակցություններում։ Կապիրկինի խոսքով՝ նման սցենարի մասին իրեն հայտնի չէ։

«Որքանով ինձ հայտնի է, այս հանդիպման համար որևէ նախապայման չի առաջադրվել»,- ասել է նա։

Դեսպանը նաև հիշեցրել է, որ հանդիպման նախաձեռնությունը կապված է Հայաստանի առաջարկի հետ՝ գույքագրելու և նոր պայմաններում գնահատելու երկու երկրների հարաբերությունների տարբեր ուղղությունները։

Նա նաև հավելել է, որ Հայաստանի կողմից ինտեգրացիոն ուղղության ընտրությունը էական ազդեցություն կունենա նաև Ռուսաստանի հետ համագործակցության բնույթի և մեխանիզմների, այդ թվում՝ առևտրատնտեսական հարաբերությունների վրա։ Այդ ուղղությամբ, Կապիրկինի խոսքով, Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել․ Հայաստանը պետք է հստակեցնի իր ինտեգրացիոն ուղղությունը՝ հաշվի առնելով ԵՄ-ին անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրենքը։

«Պետք է ընտրություն կատարել։ Մեր կարծիքով՝ Հայաստանի Հանրապետության շահերից է բխում ԵԱՏՄ-ին անդամակցության պահպանումը, քանի որ դա իսկապես լուրջ արտոնություններ է տալիս։ Փաստերը վկայում են, որ ԵԱՏՄ-ին մասնակցությունը Հայաստանի համար շահավետ է՝ թե՛ անդամ երկրների հետ ապրանքաշրջանառության աճի, թե՛ համախառն ներքին արդյունքի բազմակի ավելացման տեսանկյունից»,- նշել է դեսպանը։

Նա միաժամանակ ընդգծել է, որ ընտրությունը Հայաստանի և հայ ժողովրդի ինքնիշխան իրավունքն է, սակայն Ռուսաստանը ցանկանում է, որ այդ որոշումը կայացվի հնարավորինս արագ։

Հարցազրույցում անդրադարձ է եղել նաև Ռուսաստանում հայկական որոշ ապրանքների նկատմամբ սահմանափակումներին։ Հարցին, թե արդյոք դրանք քաղաքական ճնշման գործիք չե՞ն, դեսպանը բացասական պատասխան է տվել։ Նա նշել է, որ այդ սահմանափակումները պատժամիջոցներ չեն և հիմնված են եղել օբյեկտիվ գործոնների՝ տեսչական մարմինների դիրքորոշումների վրա։

Հարցին, թե ինչու են սահմանափակումները հաճախ ի հայտ գալիս հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ժամանակ, դեսպանը պատասխանել է, որ դա սուբյեկտիվ գնահատական է։

Ըստ դեսպանի՝ երկաթուղու կոնցեսիան Հայաստանի համար «աննախադեպ բարենպաստ պայմաններով» է կազմված

Դեսպանը դրական է գնահատել Ռուսաստանի պետական խոշոր ընկերությունների՝ «Ռոսատոմի» և «Ռուսական երկաթուղիների» ղեկավարների վերջին այցը Հայաստան և նրանց հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Նրա խոսքով՝ քննարկումները եղել են կառուցողական և գործնական։ Նա հատկապես առանձնացրել է երկաթուղու կոնցեսիոն պայմանագրի վերաբերյալ «Ռուսական երկաթուղիների» ներկայացրած վերլուծությունը։

«Ինձ տպավորեց այն, որ կոնցեսիոն պայմանագիրն ընդհանուր առմամբ կազմված է հայկական կողմի համար բացառիկ բարենպաստ, գուցե նույնիսկ աննախադեպ բարենպաստ պայմաններով»,- ասել է Կապիրկինը։

Նա նաև նշել է, որ ռուսական կողմը պատրաստ է շարունակել համագործակցությունը տրանսպորտի և ատոմային էներգետիկայի ոլորտներում։

Երկաթուղու կոնցեսիայի հետ կապված հարցերը քննարկելու համար արդեն ձևավորվել է աշխատանքային խումբ։ Դեսպանի խոսքով՝ դրա առջև երեք ամսվա ժամկետ է դրված՝ հայկական կողմին հետաքրքրող հարցերի պատասխանները գտնելու համար՝ հաշվի առնելով տարածաշրջանային զարգացումները և տրանսպորտային ու լոգիստիկ գործընթացները։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ երկաթուղու կոնցեսիայի շուրջ զիջումները կապվեն ատոմակայանի կառուցման հարցում ռուսական ընկերությունների ներգրավման հետ, դեսպանը պատասխանել է, որ այս պահին նման զարգացումների մասին որևէ բան ասել չի կարող։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում