Գլխավոր Լրահոս

Գերիներին հասցեագրված նամակների հարցով կառավարությունը չի պատասխանել․ Բեգլարյան

Գերիներին հասցեագրված նամակների հարցով կառավարությունը չի պատասխանել․ Բեգլարյան

Բաքվում պահվող հայերին հասցեագրված նամակները փոխանցելու հարցով Հայաստանի կառավարությունը գրավոր պատասխան չի տվել։ Այս մասին նոյեմբերի 9-ին՝ 44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին, Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը՝ իշխանություններին մեղադրելով գերիների վերադարձի հարցում դիտավորյալ անգործության մեջ։

«Այս հարցում կառավարությունը անգործություն է ցուցաբերում դիտավորյալ կերպով»,- ասել է Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ կառավարությանը փոխանցված նամակների վերաբերյալ միակ արձագանքը եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային հայտարարությունը։

Բեգլարյանը հերքել է վարչապետի հայտարարության համատեքստում իր և նախաձեռնության մյուս մասնակիցների վերաբերյալ հնչած պնդումները՝ նշելով, որ որևէ ձայնագրություն անելու փորձ կամ նման այլ գործողություն չի եղել։

Նախկին պետնախարարը բացատրել է, որ նամակները կառավարությանը փոխանցել են, քանի որ դրանք Բաքվում պահվող հայերին հասցնելու այլ խողովակ չունեն։ Նրա խոսքով՝ Հայաստանի իշխանությունները պարտավոր են ոչ միայն քայլեր ձեռնարկել նրանց ազատ արձակման ուղղությամբ, այլև պաշտպանել նրանց իրավունքները, ապահովել խոշտանգումներից պաշտպանությունը և հարազատների հետ կապը։

Բեգլարյանը պնդել է, որ գերիների վերադարձի համար իշխանությունները բավարար ջանքեր չեն գործադրում։

«Տեսանելի բավականին շատ հնարավորություններ կան, որոնք իշխանությունները չեն իրացնում»,- ասել է նա՝ դա համարելով գերիների կամ նրանց մի մասի վերադարձի հարցում իշխանությունների շահագրգռվածության բացակայության ապացույց։

Հոկտեմբերի 1-ին Բեգլարյանի ղեկավարած «Արցախ միությունը» կառավարությանը փոխանցել էր Բաքվում պահվող հայերին հասցեագրված 1254 նամակ և վարչապետին ուղղված հանրագիր։ Նամակները հավաքվել էին Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի նախաձեռնությամբ՝ տարբեր երկրներից։

Դրանք ի սկզբանե նախատեսված էր փոխանցել Բաքու մեկնող կանանց միջազգային մարդասիրական պատվիրակության միջոցով։ Սակայն այցի կազմակերպումը չէր հաջողվել։

Հոկտեմբերի 15-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով նախաձեռնությանը, տարակուսել էր, թե ինչու նամակները չեն ուղարկվել փոստային ծառայությունների միջոցով։ Նա նաև հայտարարել էր, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե նման գործողություններն արվում են ոչ թե խնդիրը լուծելու, այլ ինչ-որ բան սադրելու համար։ Փաշինյանը նշել էր, որ իշխանությունները զգուշավորություն են ցուցաբերում՝ Բաքվում պահվող հայերին չվնասելու նպատակով։

Նոյեմբերի 6-ին Զոնաբենդը հայտնել էր, որ Բաքու մեկնելու վերաբերյալ իր դիմումներին Ադրբեջանի օմբուդսմենը չի պատասխանել։ Նրա խոսքով՝ պատվիրակությունը կմեկնի միայն այն դեպքում, երբ համաձայնեցվեն այցելության և պատվիրակության անդամների անվտանգության պայմանները։ Նամակների՝ հասցեատերերին փոխանցվելու մասին հաստատված տեղեկություն դեռ չկա։

Եռաբլուրում Բեգլարյանն անդրադարձել է նաև Սահմանադրության փոփոխության հարցում ընդդիմադիր ուժերի համախմբմանը։

Նա հայտարարել է, որ ինքն էլ աջակցելու է առաջարկվող սահմանադրական փոփոխությունների դեմ պայքարին։

«Բոլորս պայքարում ենք, որ Ալիևյան սահմանադրությունը որևէ կերպ չընդունվի»,- ասել է Բեգլարյանը՝ համոզմունք հայտնելով, որ համախմբմանը կմիանան նաև բազմաթիվ արցախցիներ։

Անդրադառնալով այդ գործընթացում Արցախի պետական կառույցների հնարավոր մասնակցությանը՝ նա հստակեցրել է, որ հանդես է գալիս ոչ թե որպես Արցախի իշխանությունների ներկայացուցիչ, այլ որպես հասարակական գործիչ և իրավապաշտպան։

«Ես Արցախի ներկայացուցիչ չեմ, ես հասարակական գործիչ եմ ու իրավապաշտպան եմ»,- ասել է նա։

Բեգլարյանի կարծիքով՝ Արցախի պետական կառույցները չպետք է ընդդիմադիր ուժերի ձևավորած քաղաքական հարթակում հանդես գան որպես հավասար դերակատարներ։ Միաժամանակ նա ընդգծել է, որ արցախցիների իրավունքների պաշտպանության հարցերը պետք է ներառվեն համախմբման օրակարգում, իսկ Արցախի պետական կառույցների ու հասարակական հատվածի կարծիքը պետք է էական նշանակություն ունենա։

Նոյեմբերի 5-ին ընդդիմադիր 13 քաղաքական ուժեր հայտարարել էին համազգային համախմբման ձևավորման մասին՝ առաջնային նպատակներից մեկը հռչակելով իրենց բնորոշմամբ «ալիևյան սահմանադրության պարտադրանքի մերժումը»։

Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև արցախցիների վերադարձի հեռանկարին՝ նշելով, որ դրա համար անհրաժեշտ է հզոր հայկական պետություն։ Նրա խոսքով՝ իր գործունեության հիմնական ուղղությունը շարունակում է մնալ արցախցիների իրավունքների պաշտպանությունը։

Նա քննադատել է նաև հայրենիքի պաշտպանության համար զոհվածների և մարտական գործողություններին մասնակցած անձանց նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը՝ պնդելով, որ պետական բարձր մակարդակով արժեզրկվում են նրանց պայքարն ու ներդրումը։

Բեգլարյանը լրագրողների հետ զրուցել է Եռաբլուր զինվորական պանթեոնում՝ 2020-ի 44-օրյա պատերազմը դադարեցրած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրման վեցերորդ տարելիցի առիթով։

Այցը նախաձեռնել էր Արցախի Հանրային խորհուրդը՝ հարգանքի տուրք մատուցելու պատերազմի զոհերի հիշատակին։

Խորհուրդը նաև հայտարարել էր Հայաստանի կառավարությանը և Հայաստանում Ռուսաստանի դեսպանությանը նամակներ փոխանցելու մտադրության մասին։ Դրանցով նախատեսվում է բարձրացնել 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած, սակայն չկատարված պարտավորությունների, ինչպես նաև արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման հարցերը։

2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը նախատեսում է տեղահանվածների և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ, իսկ 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց, ինչպես նաև զոհվածների մարմինների փոխանակումը։

2023-ի սեպտեմբերին Ադրբեջանի ռազմական գործողություններից հետո Արցախի ավելի քան 100 հազար հայ բնակիչներ բռնի տեղահանվել են Հայաստան։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում