2027-ին կենսաթոշակների նախատեսված բարձրացման համար այլ լրացուցիչ միջոցներ չկան։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը նոյեմբերի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ հաջորդ տարվա բյուջեի եկամուտների և պակասուրդի պայմաններում բոլոր միջոցներն արդեն հաշվարկված են։
«Չէ, չկան, հաշված են բոլոր միջոցները այն դեֆիցիտի և այն եկամուտների պայմաններում, որը մենք պլանավորել ենք 2027-ին»,- ասել է նախարարը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք կենսաթոշակների բարձրացման համար լրացուցիչ ֆինանսավորում հնարավոր չէ գտնել։
Անդրադառնալով թաղման նպաստների համակարգի վերանայումից հրաժարվելու կառավարության որոշմանը՝ Հովհաննիսյանն ասել է.
«Մենք հայտարարել էինք, որ էդ թաղման նպաստի փողը ուղղելու ենք թոշակների բարձրացմանը, բայց քանի որ մտահոգություններ հնչեցին, և աշխատանքի և բարեկեցության նախարարությունը որոշեց, որ այդ որոշումը հիմա պետք չի ընդունել, հետևաբար այդ միջոցները չեն ուղղվի այդ ուղղությամբ»։
Նախարարը որոշումը համարել է տրամաբանական։
Հոկտեմբերի 1-ին կառավարությունը հայտարարել էր, որ 2027-ի հունվարի 1-ից նախատեսում է նվազագույն կենսաթոշակը 46 հազարից բարձրացնել 47 հազար դրամի, ինչպես նաև աշխատանքային ստաժի հաշվարկում յուրաքանչյուր տարվա համար սահմանված գումարն ավելացնել 500 դրամով։
Բարձրացումը նախատեսվում էր ֆինանսավորել թաղման նպաստների համակարգի վերանայմամբ տնտեսվող շուրջ 4,4 մլրդ դրամի և լրացուցիչ 5,5 մլրդ դրամի հաշվին։ Առաջարկվում էր 200 հազար դրամ թաղման նպաստը տրամադրել միայն անապահովության համակարգում ընդգրկված որոշակի շահառուների ընտանիքներին։
Սակայն նոյեմբերի 9-ին աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, որ կառավարությունը հրաժարվում է նախաձեռնությունից՝ հաշվի առնելով հանրային արձագանքները և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ քննարկումները։ Գործող կարգը կպահպանվի, իսկ նախագիծն Ազգային ժողով չի ուղարկվի։
Նախարարությունից նաև պարզաբանել են, որ թաղման նպաստների համակարգի վերանայումից հրաժարվելու հետևանքով 2027-ի հունվարի 1-ից չի իրականացվի նաև այդ փոփոխության հետ կապված կենսաթոշակների նախատեսված բարձրացումը։












