Խաղաղության օրակարգը խաթարում են Հայաստանի և սփյուռքի «ռևանշիստական ուժերը»․ Հաջիև

Հայաստանի հետ խաղաղության հասնելը մնում է բարդ գործընթաց, իսկ խաղաղության օրակարգը խաթարում են Հայաստանի և սփյուռքի «ռևանշիստական ուժերը»․ Դուբայում ընթացող Արաբական մեդիաֆորումի ընթացքում նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը, հայտնում է Euronews-ը։ Բաքվի պաշտոնական ներկայացուցիչը պնդել է, թե Ադրբեջանը «հաղթել է պատերազմում և այժմ հաղթում է խաղաղությունը», իսկ Հայաստանի ղեկավարությանը կոչ է արել աշխատել սեփական ժողովրդին խաղաղությանը նախապատրաստելու ուղղությամբ։
Ելույթի ընթացքում Ադրբեջանի նախագահի խորհրդականն անդրադարձել է նաև կրոնական ու մշակութային հարցերին՝ Հայաստանին մեղադրելով հակամարտության տարիներին իսլամական մշակութային ժառանգությունն ու մզկիթները ոչնչացնելու մեջ։ Միևնույն ժամանակ, Հաջիևը վստահեցրել է, թե Բաքուն քրիստոնեական ժառանգությունը չի դիտարկում որպես վրեժխնդրության օբյեկտ և պարտավորվում է պահպանել այն իր վերահսկողության տակ գտնվող տարածքներում։ Պատմական փաստերի սեփական մեկնաբանությամբ՝ նա քրիստոնեական ժառանգությունը վերագրել է Կովկասյան Ալբանիային՝ այն ներկայացնելով որպես Ադրբեջանի մշակութային պատմության մաս։
Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների կոնտեքստում Հաջիևը սուր քննադատության է ենթարկել Եվրոպական միությանը, մասնավորապես՝ Եվրոպական խորհրդարանին։ Նրա պնդմամբ՝ Եվրոպարլամենտը «խնդրի լուծման մաս չէ, այլ խնդրի մի մասն է», քանի որ ընդունած բանաձևերով «նվաստացնում և թուլացնում է» տարածաշրջանի խաղաղության օրակարգը։ Բաքվի ներկայացուցիչը ԵՄ-ից պահանջել է չառաջնորդվել միայն մեկ երկրի վրա հիմնված քաղաքականությամբ, չստեղծել բաժանարար գծեր և Հարավային Կովկասի հետ զարգացնել «հավասարակշռված» համագործակցություն։











