Գլխավոր Լրահոս

Նալբանդյանը հերքում է պետական արտոնությունը․ կառավարության որոշումը հակառակն է ցույց տալիս

Նալբանդյանը հերքում է պետական արտոնությունը․ կառավարության որոշումը հակառակն է ցույց տալիս

Գործարար Նարեկ Նալբանդյանը սեպտեմբերի 9-ին «Իշխանություն» լրատվականի հետ հարցազրույցում պնդել է, որ իր ամբողջ բիզնես գործունեության ընթացքում իր ընկերությունները չեն օգտվել պետական ծրագրերից, ֆինանսական, հարկային կամ մաքսային աջակցությունից և, իր խոսքով, չեն էլ դիմում նման ծրագրերի։

«Նույն դուք՝ ձեր միջոցներով կամ պատկան մարմինները թող հրապարակեն, թե ես իմ անցած ամբողջ ճանապարհի մեջ որևիցե պետական ծրագրից, պետական աջակցությունից կամ որևիցե ինչ-որ մի բանից օգտվել եմ, թե ոչ։ Մեր մրցակից կազմակերպությունները [...] ամսվա մեջ երկու կառավարության նիստերում տարբեր ձևի ֆինանսական, մաքսային ու հարկային աջակցություններ ու արտոնություններ են ստանում»,- ասել է Նալբանդյանը։ 

Նա նաև նշել է, որ լայնածավալ բիզնես գործունեությամբ զբաղվում է 2012-ից, և նույն տարվանից իր կազմակերպությունները եղել են խոշոր հարկ վճարողներ։

#CivilNetCheck-ը ուսումնասիրել է Նալբանդյանի հետ առնչվող ընկերությունների գործունեությունը, կառավարության որոշումները և խոշոր հարկ վճարողների հրապարակված ցանկերը՝ պարզելու, թե որքանով են այս պնդումները համապատասխանում իրականությանը։

Ի՞նչ ոլորտներում է գործունեություն ծավալում Նալբանդյանը 

Նարեկ Նալբանդյանն նույն հարցազրույցում նշել է, որ մասնակցություն ունի շուրջ 8-9 ոլորտներում։ 

Ըստ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների՝ Նարեկ Նալբանդյանի մասնակցությունը տարբեր ընկերություններում սկսվում է առնվազն 2014-ից։ Այդ ժամանակից ի վեր նա որպես հիմնադիր, բաժնետեր կամ իրական շահառու առնչվել է 24 ընկերության, որոնցից 21-ում նրա մասնակցությունը սկսվել է 2018-ին կամ դրանից հետո։ Ընկերությունները գործում են տարբեր ոլորտներում՝ ալյուրի և համակցված կերերի արտադրություն, բեռնափոխադրումներ, թռչնաբուծություն, անշարժ գույք, հանքարդյունաբերություն, ադամանդագործություն, ինչպես նաև ժամանցային և առողջարանային ծառայություններ։

Ներկայում Նալբանդյանը բաժնեմաս ունի 16 ընկերությունում։ Դրանցից 11-ում նրա մասնակցությունը 100 տոկոս է՝ 10-ում ուղղակի, մեկում՝ անուղղակի։ Եվս 5 ընկերությունում նրա բաժնեմասը կազմում է 30-ից 80 տոկոս։

Միաժամանակ, Նալբանդյանը 7 ընկերությունից դուրս է եկել, որոնցից 5-ից՝ 2026-ին, իսկ «Տրիո մայնինգ» ՍՊԸ-ն լուծարվել է այս տարվա ապրիլի վերջին։

Պատկերը գեներացվել է ԱԲ կիրառմամբ
Պատկերը գեներացվել է ԱԲ կիրառմամբ

2018-ից հետո Նալբանդյանի բիզնես գործունեությունն էականորեն ընդլայնվել է։ 2018-ի դեկտեմբերին նա ձեռք է բերել «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերության 50 տոկոս բաժնեմասը, իսկ 2019-ի հուլիսից դարձել է ընկերության միանձնյա՝ 100 տոկոս բաժնետերը։ Ընկերությունը զբաղվում է ալյուրի արտադրությամբ, միջազգային բեռնափոխադրումներով, բեռնատարների սպասարկմամբ և այլ ուղղություններով։

Նալբանդյանի ընկերությունը պետական արտոնություն ստացել է 

Նալբանդյանի՝ պետական աջակցություն կամ արտոնություն չստանալու պնդմանը հակասում է կառավարության առնվազն մեկ որոշում։

Կառավարության 2019-ի նոյեմբերի 14-ի N 1597-Ա որոշմամբ «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությանը ներդրումային ծրագրի շրջանակում տրամադրել է երկու արտոնություն՝ ներմուծվող ապրանքների համար առաջացող ԱԱՀ-ի վճարումը հետաձգել երեք տարով և ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն ազատել մաքսատուրքից։

Որոշման համաձայն՝ նախատեսված ներմուծման ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 2.5 մլրդ դրամ, իսկ մաքսատուրքի արտոնության չափը՝ շուրջ 1.1 մլրդ դրամ։

Այսինքն՝ Նալբանդյանին պատկանող ընկերությանն առնվազն մեկ դեպքում կառավարության որոշմամբ տրամադրվել է մաքսային և հարկային արտոնություն։

էկրանապատկերը՝ primeminister.am կայքից
էկրանապատկերը՝ primeminister.am կայքից

Իսկ Նալբանդյանի ընկերությունները ե՞րբ են հայտնվել խոշոր հարկ վճարողների ցանկում 

Նալբանդյանը նույն հարցազրույցում նշել է, որ իր կազմակերպությունները 2012-ից եղել են խոշոր հարկ վճարողներ։ Հրապարակված ցանկերի ուսումնասիրությունը, սակայն, այլ պատկեր է ցույց տալիս։

Նալբանդյանի հետ առնչվող ընկերություններից «Պրոյեկտ ինտեր-ինվեստը» խոշոր հարկ վճարողների 1000-յակում առաջին անգամ հայտնվել է 2019-ին՝ 720-րդ հորիզոնականում։ Հետագա տարիներին ընկերությունը շարունակել է մնալ ցանկում, իսկ լավագույն արդյունքը գրանցել է 2022-ին՝ զբաղեցնելով 186-րդ տեղը և վճարելով շուրջ 1.5 մլրդ դրամ հարկ։

Աղբյուրը՝ Պետական եկամուտների կոմիտե
Աղբյուրը՝ Պետական եկամուտների կոմիտե

Մյուս ընկերություններից ցանկում եղել է նաև «Մեղրաձոր գոլդ» ՍՊԸ-ն, որին Նալբանդյանը միացել է միայն 2024-ի հոկտեմբերին։ Ընկերությունը 2024-ին եղել է 967-րդ, իսկ 2025-ին՝ 333-րդ հորիզոնականում։ «88» սուպերմարկետի սեփականատեր «ՆՆ Հոլդինգ» ՍՊԸ-ն էլ խոշոր հարկ վճարողների 1000-յակում առաջին անգամ հայտնվել է 2025-ին՝ զբաղեցնելով 480-րդ տեղը։

Նալբանդյանի հետ առնչվող մյուս ընկերությունների վերաբերյալ խոշոր հարկ վճարողների ցանկերում տվյալներ գտնել չհաջողվեց, այդ թվում՝ հատկապես մինչև 2018 թվականը գործող ընկերությունների մասով։ Հետևաբար հրապարակված տվյալները չեն հաստատում նրա պնդումը, թե իր կազմակերպությունները 2012-ից եղել են խոշոր հարկ վճարողներ։

Նալբանդյանը շարունակում է հերքել

#CivilNetCheck-ի հետ զրույցում Նարեկ Նալբանդյանը կրկին պնդեց, որ իր ընկերությունները կառավարությունից որևէ արտոնություն չեն ստացել՝ չնայած «Պրոյեկտ ինտեր-ինվեստին» վերաբերող կառավարության որոշմանը։

«Ձեր ճշտումն իրականությանը չի համապատասխանում, չգիտեմ, նորից ճշտեք ուրեմն [...] չկա, չի եղել ու չի էլ լինի»,- ասաց Նալբանդյանը՝ չցանկանալով պարզաբանել կառավարության համապատասխան որոշումը։

Նալբանդյանը լայն հանրությանը հայտնի դարձավ հատկապես 2022-ին, երբ նրա «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությունը պետությունից 5 մլրդ դրամով ձեռք բերեց Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը։ Նույն տարվա մարտին Նալբանդյանի կինը 2.5 մլրդ դրամով ձեռք բերեց նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող Երևանի Ազատության պողոտայում գտնվող առանձնատունը։ Գույքը 2018-ից կալանքի տակ էր երկու քրեական գործերի շրջանակում, սակայն վաճառքից մոտ երկու շաբաթ առաջ դրա նկատմամբ սահմանափակումները վերացվել էին։

Բոլորովին վերջերս հայտնի դարձավ նաև, որ Նարեկ Նալբանդյանը ձեռք է բերել Հրազդանի ցեմենտի գործարանը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում