Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է որակում իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու քաղաքականությունը
Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի է համարել իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը և պետական լծակների գործադրմամբ իրականացվող բռնաճնշումներն ու սահմանափակումները։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը։
Սեպտեմբերի 15-17-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի նախագահությամբ, տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի հերթական ժողովը։
Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա հիմնախնդիրների, Եկեղեցու և եկեղեցականների նկատմամբ ընթացող քրեական վարույթների և իրավական գործընթացների մասին զեկույցներով հանդես են եկել Գևորգ Դանիելյանը և Արա Զոհրաբյանը։
Ըստ հաղորդագրության՝ ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել Ազգային ժողովում քննարկված օրենսդրական նախաձեռնություններին և Կառավարության ծրագրում ներառված՝ Հայ Եկեղեցուն վերաբերող դրույթներին։ Ներկայացվել են խտրական վարչարարության, Եկեղեցու առաքելության խոչընդոտման և եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումների դրսևորումները, ինչպես նաև Եկեղեցու իրավունքների պաշտպանության ներպետական ու միջազգային իրավական հնարավորություններն ու նախատեսվող քայլերը։
«Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի նկատեց իշխանությունների՝ Եկեղեցու ներքին կյանքին միջամտելու շարունակվող քաղաքականությունը և պետական լծակների գործադրմամբ իրականացվող բռնաճնշումներն ու սահմանափակումները։ Արձանագրվեց, որ նման գործողությունները ոտնահարում են Եկեղեցու ինքնավարության և հավատացյալների խղճի ու կրոնի ազատության սահմանադրական երաշխիքները»,- ասված է Մայր Աթոռի հաղորդագրությունում։
Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի է համարել իշխանությունների կողմից Հայ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակի ոտնահարումը և հրամայական նկատել հոգևոր սպասավորների բնականոն ծառայությունը խաթարող խոչընդոտների վերացումը։
Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը ներկայացրել է ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բնականոն գործունեության ընթացքում, ըստ հաղորդագրության, հարուցվող արհեստական խոչընդոտները։ Դրանք, մասնավորապես, վերաբերում են բարեգործական և կրթական ծրագրերի իրականացմանը, գույքային իրավունքների գրանցմանը և շինարարական թույլտվությունների տրամադրման գործընթացներին։
Ժողովականները քննարկել են առկա խնդիրների կարգավորման և Մայր Աթոռի իրավունքների պաշտպանության հնարավոր ուղիները՝ ընդգծելով, որ Եկեղեցու հոգեխնամ, կրթական, բարեգործական ազգօգուտ ծրագրերի խոչընդոտումը մեծապես վնաս է հասցնում ազգային շահերին, մասնավորապես՝ մատաղ սերնդի կրթադաստիարակչական աշխատանքների և Եկեղեցու բազմոլորտ առաքելության անխափան իրականացմանը։
Թեմա











