Սեպտեմբերի 30-ին կմեկնարկի և հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին կավարտվի հոկտեմբերի 25-ին կայանալիք համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը։ Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։
Քարոզչությունը պետք է իրականացվի Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի մարզի Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի մարզի Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի մարզի Արթիկ,Ախուրյան, Սյունիքի մարզի Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի մարզի Իջեվան, Դիլիջան, Լոռու մարզի Ստեփանավան համայնքներում։
Հոկտեմբերի 5-ին կմեկնարկի և հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին կավարտվի մեծամասնական ընտրակարգով ընտրությունների նախընտրական քարոզչությունը՝ Լոռու մարզի Ֆիոլետովո, Արագածոտնի մարզի Շամիրամ համայնքներում։
Քարոզչության ընթացքում, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրն արգելվում է ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր կամ ապրանքներ տալը կամ խոստանալը, ընտրողներին ծառայություններ մատուցելը կամ խոստանալը, դրանք անել անհատապես, թեկնածուի անունից կամ որևէ այլ եղանակով։
Քարոզչական նյութեր կարելի է տեղադրել համայնքի ղեկավարի կողմից հատուկ այդ նպատակով առանձնացված վահանակների վրա, վճարովի գովազդային վահանակների վրա, ընտրական շտաբների վրա, բազմաբնակարան կամ ստորաբաժանված շենքերի վրա՝ միայն արտաքին պատերին տեղադրված վճարովի գովազդային վահանակների վրա։
Արգելվում է քարոզչական նյութեր տեղադրել հանրակրթական դպրոցներում և դրանց վրա, հասարակական սննդի և առևտրի օբյեկտներում, վերելակներում, հասարակական տրանսպորտի, տաքսի ավտոմոբիլների վրա կամ ներսում։
Նաև արգելվում է պոկել, պատռել, գրառում կատարել, վնասել քարոզչական պաստառներն ու նյութերը։












