Ադրբեջանի և Թուրքիայի միջև սառը հոսանք է անցել։ Սեպտեմբերի 22-ին, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ելույթ էր ունենում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում, բազմաթիվ երկրների պատվիրակներ, այդ թվում՝ Թուրքիայի ներկայացուցիչը, լքեցին դահլիճը։ Ադրբեջանի պատվիրակը չլքեց։ 2020-ի Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի ու Թուրքիայի միջև հրապարակային հակասությունները սկսել են ավելի հաճախ երևակվել։ Հակասությունների կիզակետում երեք հարց է՝ Ադրբեջան-Իսրայել կապերը, Կիպրոսի թուրքական հատվածի կարգավիճակը և Հայաստանի հետ կարգավորումը։
Չնայած Նեթանյահուի ելույթին ներկա էին իսլամական մի շարք երկրների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Ղազախստանը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Անկարայում հատուկ ուշադրություն դարձրին Ադրբեջանի ներկայությանը։ Թուրքական տարբեր սոցիալական էջերում և մամուլում բուռն արձագանք եղավ՝ Ադրբեջանի հասցեին քննադատություններով։
Թուրքական մեդիայում և սոցցանցերում հիշեցին Ադրբեջանի ու Իսրայելի միջև ամուր կապերի մասին, որ Իսրայելն Ադրբեջանի զինամթերքի հիմնական մատակարարներից է, որ Ադրբեջանը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի միջոցով ապահովում է Իսրայելի նավթամթերքի կարիքների էական մասը։
Ադրբեջանից արձագանքը չուշացավ, անգամ պետական մակարդակով։ Միլլի Մեջլիսի (խորհրդարան) արտաքին միջամտության ու հիբրիդային սպառնալիքներին հակազդելու հանձնաժողովն ու Ադրբեջանի մեդիայի և հեռարձակման խորհուրդը կատարվածը որակեցին Ադրբեջանի դեմ «ուղղորդված և համակարգված» արշավ՝ քննադատներին մեղադրելով Ադրբեջան-Թուրքիա սերտ կապերը փչացնելու փորձերի մեջ։ Ադրբեջանական կողմը չի բացառել, որ կարող է սահմանափակել «արշավների կազմակերպիչների ու իրականացնողների մուտքը Ադրբեջանի Հանրապետություն»։
Թուրքական կողմին ուղղված Ադրբեջանի հայտարարությունները հիմնականում անհասցե էին։ Դրանցից միանգամից պարզ չէր դառնում այն փաստը, որ խնդրի էությունն ի սկզբանե կապված է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցության հետ։ Դրանով ադրբեջանական կողմը, կարծես, ավելի շատ որոշեց իր բողոքն ուղղել թուրքական արձագանքների դեմ՝ միաժամանակ հանդես գալով որպես Ադրբեջանի և Թուրքիայի միջև դաշնակցային ամուր կապերի պաշտպան, քան անդրադառնալ սեփական ներկայացուցչի՝ Նեթանյահուի ելույթին ներկա լինելու հանգամանքին, ինչը որոշակիորեն կարող էր ընկալվել որպես այդ քայլի արդարացում։
Վերջին ժամանակներում՝ հատկապես Ղարաբաղյան պատերազմից հետո, ռազմավարական դաշնակիցների միջև, առնվազն հանրային տարածքում, սառը հոսանքներ պարբերաբար են ի հայտ գալիս, որոնցից մեկը Իսրայելի գործոնն է։
2024-ի մայիս-հունիս ամիսներին մի խումբ թուրք երիտասարդներ Ստամբուլում ցույց էին կազմակերպել Ադրբեջանի նավթային պետական ընկերության` SOCAR-ի շենքի դիմաց՝ դեմ հանդես գալով Թուրքիայի տարածքով Իսրայել արտահանվող նավթին։ Ցույցը ժամանակագրորեն համընկել էր Գազայի դեմ ռազմական գործողությունների թեժ փուլի հետ, որի ընթացքում Թուրքիայի տարբեր պաշտոնյաներ, այդ թվում՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, կոշտ կեցվածք էին ընդունել Իսրայելի դեմ։ Դրանից ամիսներ առաջ Թուրքիան կտրել էր իր տնտեսական կապերը Իսրայելի հետ և դադարեցրել բոլոր ուղղություններով երկկողմ առևտուրը։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանը պոտենցիալ միջնորդ է Թուրքիայի և Իսրայելի հետ հարաբերություններում։ Վերջին ժամանակներում Բաքուն կարծես այդ դերն է կատարել 2022-ին, երբ թուրք-իսրայելական կապերում հարաբերական հալոցք էր։ Մարտին Իսրայելի նախագահ Իսաակ Հերցոգի Անկարա կատարած այցի ժամանակահատվածում աշխատանքային այցով Անկարա էր մեկնել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ադրբեջանն իր հերթին փորձում է հաշվի առնել Թուրքիայի զգայունությունները և առանձին դեպքերում գործել ի շահ Անկարայի։ Դրա վերջին օրինակներից կարելի է համարել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելի խորհրդարան՝ Քնեսեթ տեղափոխելու գործընթացի կասեցումը։ Հունիսին Իսրայելի կառավարությունն առաջին անգամ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, նախատեսվում էր հարցը ներկայացնել նաև Քնեսեթի քննարկմանը։ Սակայն այդ օրերին մամուլում տեղեկություններ տարածվեցին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի և Իսրայելի կառավարության միջև տեղի ունեցած շփումների մասին, որից հետո Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանությունը պետականորեն ճանաչելու հարցը կրկին առկախվեց։
Հյուսիսային Կիպրոսի հարցը
Ադրբեջանի ու Թուրքիայի միջև հաջորդ հարցը, որը հանրային մակարդակում դժգոհությունների առիթ է տվել Թուրքիային, վերաբերում է Կիպրոսի թուրքական հատվածին։ Անկարան փորձում է հարցին հնչեղություն հաղորդել և նման միասնական մոտեցում առաջին հերթին ակնկալում է իր մտերիմ գործընկերներից։
Խոսքն առաջին հերթին Թյուրքական պետությունների կազմակերպության մասին է, որի դերը Անկարայի աճող ազդեցության պայմաններում էականորեն մեծացել է հատկապես 2020-ի Ղարաբաղյան պատերազմից հետո։ Կազմակերպության զարգացման կարևոր փուլերից էր այդ հարթակի անվանափոխությունը․ մինչև 2021-ը այն գործում էր որպես «Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհուրդ»։
Թուրքական կողմի ջանքերով Հյուսիսային Կիպրոսի չճանաչված հանրապետությունը 2022-ին ստացել է դիտորդի կարգավիճակ։
Սակայն Թուրքիայի ակնկալիքները, որոնք շատ հաճախ արտահայտվում են տարբեր թուրք քաղաքական գործիչների և փորձագետների մակարդակով, դեռ մեծ արձագանք չեն ստանում թյուրքախոս պետությունների, այդ թվում՝ Թուրքիայի ռազմավարական դաշնակից Ադրբեջանի կողմից։ Ադրբեջանը, բացի թյուրքական կազմակերպության աշխատանքներից, բավարարվում է Կիպրոսի թուրքական հատվածի ներկայացուցիչների հետ ոչ պաշտոնական հանդիպումներով։ Նմանօրինակ վերջին դեպքը մի քանի օր առաջ՝ ՄԱԿ-ի նստաշրջաններից մեկում Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումն էր Կիպրոսի թուրքական պատվիրակության գործընկերոջ հետ։
Կենտրոնական Ասիայի պետությունները նույնպես չեն շտապում ընթացք տալ Կիպրոսի թուրքական հատվածի լեգիտիմացմանը։ Ավելին՝ Ղազախստանը, Ուզբեկստանն ու Թուրքմենստանը Եվրամիության հետ կապերի խորացման համատեքստում վերահստատել են իրենց աջակցությունը ՄԱԿ-ի ԱԽ 541 (1983) և 550 (1984) բանաձևերին, ըստ որոնց՝ Կիպրոսի թուրքական հատվածը համարվում է օկուպացված։ Բացի այդ, այդ երկրները որոշել են նաև ընդլայնել իրենց դիվանագիտական ներկայությունը Կիպրոսի Հանրապետությունում։
Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների հարցը
Հաջորդ կարևոր հարցը, որը պարբերաբար հանրային արձագանք է հարուցում Ադրբեջանի և Թուրքիայի միջև, վերաբերում է Հայաստանի հետ կարգավորման գործընթացին ու սահմանների բացմանը։ Որքան էլ Անկարան Հայաստանի հարցում դանդաղ է գործում և ամենևին չի շտապում հաստատել դիվանագիտական հարաբերություններ, Երևանի ու Անկարայի միջև ձեռք բերված ցանկացած համաձայնություն շարժում է Ադրբեջանի ակտիվությունը։ Բաքուն պարբերաբար փորձում է հավաստիանալ, որ Թուրքիա-Հայաստան կապերն առաջ չեն ընկնի Հայաստան-Ադրբեջան հարաբերություններից։
Ադրբեջանական «կանխարգելիչ» ուղերձները սկսեցին հնչել դեռ մի քանի տարի առաջ, երբ պատերազմից հետո Հայաստանի ու Թուրքիայի միջև դեռ նոր էին տեղի ունենում որոշակի համաձայնություններ։ Օրինակ՝ ադրբեջանական մամուլը բավական ակտիվ արձագանքեց 2023-ին Հայաստանից Սիրիա հումանիտար բեռ տեղափոխելու որոշմանը, որը Թուրքիա մտավ Մարգարայի կամրջով։
Վերջին սառը հոսանքը, որը հասավ քաղաքական և գրեթե պաշտոնական մակարդակի, այս տարվա մայիս-հունիսին էր՝ Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ։ Այս ժամանակահատվածում էր, երբ Երևանն ու Անկարան պայմանավորվեցին մաքսային տեսանկյունից ուղիղ առևտուր իրականացնելու և Կարս-Ախալքալաք երկաթուղին Հայաստանի համար բացելու վերաբերյալ։
Երբ Երևանն ու Անկարան նոր էին համաձայնության հասել վերոնշյալ հարցերում, Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամմադովի՝ թուրքական Cumhuriyet-ի հետ զրույցում արտահայտած մտքերը հարուցեցին թուրքական փորձագիտական/քաղաքական շրջանակների բողոքը։ Մամմադովը հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանների բացումը կապել էր խաղաղության պայմանագրի կնքման հետ, որի իրականացումը հնարավոր էր համարել «հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից և Հայաստանի Սահմանադրության փոփոխության անցկացումից» հետո։
Թուրքիայում տարբեր քաղաքական գործիչներ, այդ թվում՝ ազգայնական, ինչպես նաև փորձագետներ, ազդեցիկ նախկին դիվանագետներ անընդունելի համարեցին Մամմադովի հայտարարությունները՝ դրանք որակելով Թուրքիայի անունից խոսելու և Անկարային ինչ-որ տեղ սեփական կամքը պարտադրելու փորձեր։
Բացի Ադրբեջանին Իսրայելի հետ սերտացող կապերի մասին հիշեցնելուց՝ Թուրքիայում կոչ արեցին նաև բացել Հայաստանի հետ սահմանը։ Թուրք պաշտոնաթող դիվանագետ Հալիլ Աքընջըն, որն ի թիվս այլ պաշտոնների, զբաղեցրել է Թյուրքական խորհրդի քարտուղարի պաշտոնը (2010-2014), անիմաստ համարեց հայ-թուրքական սահմանը փակ պահելու Թուրքիայի որոշումը և կոչ արեց հասնել դրա բացմանը անգամ մինչև խորհրդարանական ընտրությունները։ Նա անընդունելի համարեց Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը Հայաստանի Սահմանադրությամբ պայմանավորելու Բաքվի դիրքորոշումը, փոխարենը կարևորելով TRIPP-ի հեռանկարը։
Այսպիսով, վերջին տարիներին Ադրբեջանի և Թուրքիայի միջև, հատկապես հանրային ու քաղաքական հռետորաբանության մակարդակում, նկատելի են դարձել հակասությունները, որոնք գնալով պարբերական բնույթ են ստանում։ Սակայն դրանք դժվար է դիտարկել որպես ռազմավարական շահերի բախում։
Բաքվի ավելի ակտիվ և երբեմն նախահարձակ արձագանքները կարելի է դիտարկել որպես սեփական քաղաքական կշռի ընդգծման փորձ։ Ադրբեջանը, հատկապես 2020-ի պատերազմից հետո փոխված տարածաշրջանային իրողությունների պայմաններում, փորձում է դուրս գալ «փոքր եղբոր» կարգավիճակից և հանդես գալ որպես տարածաշրջանային ազդեցություն ունեցող պետություն։ Հետևաբար, հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաև զգայուն այլ հարցերի շուրջ Բաքվի արձագանքները կարող են լինել երկու դաշնակիցների միջև ավելի սիմետրիկ հարաբերություններ ձևավորելու և սեփական կշիռը ցույց տալու փորձ։
Անկարան իր համար զգայուն հարցերում կարծես թե չի պարտադրում իր դիրքորոշումը Ադրբեջանին, ինչը նախ և առաջ պայմանավորված է Ադրբեջանի հետ դաշնակցային կապերի կարևորությամբ։ Ադրբեջանի հետ սերտ հարաբերությունները Թուրքիային թույլ են տալիս ոչ միայն Հարավային Կովկասում առաջ մղել սեփական շահերը, այլև օգնում են մյուս տարածաշրջաններում ու երկրների հետ հարաբերություններում սեփական օրակարգն ամրապնդել։
Գեորգի Միրզաբեկյան











