Ինչու է Իսրայելը կրկին հիշել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի կառավարությունը կքննարկի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որից հետո այն կարող է դրվել քվեարկության Քնեսեթում՝ Իսրայելի խորհրդարանում։ Նման նախաձեռնությամբ է հանդես եկել երկրի արտգործնախարար Գիդեոն Սաարը՝ նշելով, որ պատրաստվում է հաջորդ շաբաթ Հայոց ցեղասպանության ճանաչման աշխատանքային բանաձև ներկայացնել կառավարություն։ Հայոց ցեղասպանության հարցը ժամանակ առ ժամանակ բարձրացվել է Իսրայելի քաղաքական շրջանակներում՝ հասնելով օրենսդրական նախաձեռնությունների։ Արտգործնախարար Սաարի նախաձեռնությունն ուշագրավ է, քանի որ առաջին անգամ է, երբ բանաձևը ներկայացնում է իշխող ուժի նման բարձրաստիճան պաշտոնյա։
«Ես կառավարության հաջորդ նիստին կներկայացնեմ բանաձևի աշխատանքային տարբերակ, որի նպատակը Իսրայելի կառավարության կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչումն է։ Օսմանյան կայսրության վերջին օրերին հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանության ճանաչումը բարոյական ու պատմական պարտավորություն է: Միևնույն ժամանակ, տեղին է դատապարտել պատմական ճշմարտության ցանկացած ժխտում, նվազեցում կամ աղավաղում։ Բանաձևը այնուհետև կդրվի քվեարկության Քնեսեթում»,- X-ում գրել է Գիդեոն Սաարը։
Հայոց ցեղասպանության հարցը ժամանակ առ ժամանակ բարձրացվել է Իսրայելի քաղաքական շրջանակներում՝ հասնելով ընդհուպ օրենսդրական նախաձեռնությունների, սակայն որպես կանոն կասեցվել է երկրի իշխանությունների կողմից։ Առաջնորդվելով ռեալպոլիտիկի տրամաբանությամբ՝ Իսրայելը չի ցանկացել սրել կամ փչացնել հարաբերությունները Թուրքիայի և Ադրբեջանի հետ։Թերև արտգործնախարար Սաարի նախաձեռնությունն նշանակալից է, այնուամենայնիվ նախադեպերը ցույց են տալիս, որ Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը բացառապես դիտարկում է արտաքին գործոններով պայմանավորված, հատկապես, երբ լարված են լինում Թուրքիայի հետ հարաբերությունները։ Հարցի շուրջ իսրայելական նախաձեռնությունները ծառայում են որպես գործիք կամ ճնշում Թուրքիայի որոշումների վրա ազդելու համար։
Նախորդ անգամ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը Իսրայելի քաղաքական օրակարգում էր անցյալ տարի։
2025-ի օգոստոսին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հարցազրույցներից մեկում խոսքի ընթացքում ընդունել էր Հայոց ցեղասպանությունը։ Հարցազրուցավարի հարցին, թե ինչու Իսրայելի վարչապետները մինչև այսօր չեն ընդունել Հայոց ցեղասպանությունը, նա գլխի ժեստով դրական պատասխան էր տվել՝ նշելով, թե ինքը «հենց հիմա դա արեց»։
2023-ի հոկտեմբերից ի վեր քաղաքական ենթատեքստը Գազայի պատերազմն էր, որը մեծապես սրել էր Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները՝ մինչև վերջին ժամանակները ուղիղ բախման վտանգ ստեղծելով նրանց միջև Սիրիայում։ Գազայի պատերազմով պայմանավորված՝ Իսրայելի վարչապետի ամենամեծ քննադատը դարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Նեթանյահուհի քայլերը ցեղասպանական որակելով՝ աստիճանաբար դադարեցրել է միջպետական առևտուրը Իսրայելի հետ։ Դա աննախադեպ քայլ էր, քանզի նույնիսկ 2010-ականների ճգնաժամերի ընթացքում և դրանցից հետո երկկողմ առևտրային կապերը որպես կանոն շատ չեն տուժել, իսկ կողմերի միջև ապրանքաշրջանառությունը տեղ-տեղ հասել է նրանց համար աննախադեպ չափերի՝ շուրջ 8-9 մլրդ դոլարի։
Իսրայելում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նախկինում բարձրացվել է տարբեր մակարդակներով։ Սովորաբար այդ քայլը նախաձեռնել են ընդդիմադիր ուժերը, որոնց օրենսդրական ծրագրերը մերժվել են իշխող թևի՝ հատկապես Նեթանյահուհի գլխավորած «Լիկուդի» կողմից։
2018-ի փետրվարին երկրի խորհրդարանում քննարկվում էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր նշանակելու որոշումը։ Նախաձեռնությունն այդ ժամանակ Իսրայելի ընդդիմադիր «Եշ Աթիդ» («Կա ապագա») կուսակցության ղեկավար, հետագայում նաև երկրի վարչապետ Յաիր Լապիդի ուժինն էր, որը սակայն խորհրդարանում մերժվեց՝ 41 դեմ, 28 կողմ ձայների հարաբերակցությամբ։ Նույն տարվա օգոստոսին, Քնեսեթում չեղարկվեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի վերաբերյալ նախատեսված քվեարկությունը։ Իսրայելի ընդդիմադիր պատգամավորներից մի քանիսը կատարվածում մեղադրեցին իշխող ուժին։
Այդ ժամանակ նույնպես քաղաքական ենթատեքստը տարածաշրջանային գործընթացների շուրջ Թուրքիա-Իսրայել հակադրությունն էր, որոնց հարաբերությունները պարբերաբար լարվում էին 2010-ի «Մավի Մարմարա» նավի միջադեպից հետո։ Մարդասիրական օգնություն տեղափոխող թուրքական նավը, որը փորձում էր հասնել Գազայի հատված, հարձակման էր ենթարկվել Իսրայելի կողմից, ինչի հետևանքով 9 մարդ էր զոհվել։
Այդ միջադեպից հետո՝ 2011-ին Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նորից մտավ Իսրայելի քաղաքական օրակարգ։ Նախաձեռնությունը Քնեսեթի Կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողովինն էր, որը, սակայն, նույնպես կասեցվեց իշխանությունների կողմից։ Այդ ժամանակ վարչապետը կրկին Բենիամին Նեթանյահուն էր։
Ինչ վերաբերում է Իսրայելի արտգործնանախար Սաարի ներկայիս նախաձեռնությանը, դրա հիմնական հասցեատերը կրկին Թուրքիան է, ինչի համար կարող են լինել տարբեր պատճառներ։
Դրանցից մեկը կարող է կապված լինել Թուրքիա-ԱՄՆ քաղաքական ջերմացման հետ՝ մի ժամանակահատվածում, երբ Իրանի հարցով պայմանավորված՝ անհամաձայնություններ են առաջացել Իսրայել-ԱՄՆ հարաբերություններում, հատկապես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Նեթանյահուին հրապարակային քննադատելուց հետո։
Թուրքիա-ԱՄՆ քաղաքական ջերմացումը վերջին ժամանակներում բավական ուշագրավ է։ Թուրքիան, կարծես օգտվելով Իրանի ճգնաժամից ու առանցքային հարցերում ԱՄՆ-Իսրայել հակասություններից, կրկին սկսել է բռնել «պրոամերիկյան» ուղեծիր։ Թուրքիայի նախագահ Էրդողանի հասցեին Թրամփի գովեստները ուղեկցվում են ռազմաարդյունաբերության ոլորտում առաջխաղացման լուրջ հեռանկարով։
Թուրքիան կարող է ի վերջո ստանալ ամերիկյան հինգերորդ սերնդի F-35 կործանիչները, որոնց համատեղ արտադրության ծրագրից հեռացվել էր Թրամփի առաջին պաշտոնավարման ժամանակ։ Պատճառն այն էր, որ Անկարան 2019-ին որոշեց ձեռք բերել ռուսական C-400 հակաօդային պաշտպանական համակարգեր, ինչը Միացյալ Նահանգների համար անընդունելի էր։ Այժմ ԱՄՆ-ն փորձում է վերանայել հարցը։ Համենայն դեպս, այդ մասին հունիսի 25-ին վստահեցրել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
Ամերիկյան կողմի վերանայումը մեծ հրատապություն է ստանում՝ հաշվի առնելով, որ հուլիսի 7-8-ը Անկարայում նախատեսված է Հյուսիսատլանտյան դաշինքի՝ ՆԱՏՕ-ի համաժողովը, որին մասնակցելու է Թրամփը։
Անկարա-ԱՄՆ գործընթացները չեն վրիպում Իսրայելի ուշադրությունից, քանի որ այդ կապերի սերտացումը կարող է սպառնալ Մերձավոր Արևելքում Իսրայելի դիրքերին։
Գեորգի Միրզաբեկյան









