Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի և ևս երկու պահվող անձի պաշտպանները վճռաբեկ բողոք են ներկայացրել Ադրբեջանի գերագույն դատարան։ Այս մասին ընտանիքին փոխանցած ձայնային հաղորդագրության մեջ նշում է Դավիթ Բաբայանը։
Բաբայանի խոսքով՝ ադրբեջանական կողմն էլեկտրոնային եղանակով տրամադրել է վերաքննիչ դատարանի 47 հատորանոց նյութերը, որտեղ չկան պաշտոնական կնիքներ ու ստորագրություններ։ Ավելին, ադրբեջանական դատարանը թաքցրել է 333 էջանոց 47-րդ հատորը, որը պարունակում է որոշման իրավական հիմնավորումները։
«Սա լոկ դատավարություն չէ մեր նկատմամբ, այլ դատավարություն՝ հայ ժողովրդի, միջազգային իրավունքի և Աստծո պատվիրանների դեմ»,- ընդգծել է Դավիթ Բաբայանը։
Բաբայանի խոսքով՝ վերաքննիչ դատարանը 99,9 տոկոսով արտագրել է առաջին ատյանի որոշումը, սակայն նյութերից պարզապես հեռացրել է պաշտպանական կողմի կարևոր հակափաստարկները։ Մասնավորապես, գործից ջնջել են հղումները Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի՝ Արցախի հետ վարած պաշտոնական բանակցություններին։ Դատարանն անտեսել է նաև այն փաստը, որ 1988-ին Բաբայանը 10-րդ դասարանի աշակերտ էր և չէր կարող ռազմական որոշումներ կայացնող կոմիտեում ընդգրկված լինել։
«Եթե առաջին ատյանի դատարանը պարզապես ստում էր, ապա այստեղ դատաքննության են ենթարկել մեր ասածները և կարևոր հակափաստարկները հանել, որովհետև չեն կարողանում որևէ ձևով արձագանքել»,- հայտնել է նա։
Արցախի նախկին արտգործնախարարի խոսքով՝ չնայած իրենց չեն տրամադրել որոշման պատճառաբանական մասը, փաստաբանը կարողացել է կազմել հիմնավոր բողոք։ Բաբայանը շնորհակալություն է հայտնել իր պաշտպանին, քանի որ նա արձանագրել է միջազգային իրավունքի և տեղական օրենքների բոլոր խախտումները, ինչը նման պայմաններում մասնագիտական խիզախություն է։
«Վերաքննիչ դատարանի նյութերում վերջին՝ 47-րդ հատորը, որը 333 էջ ծավալով պետք է պարունակեր որոշման հիմնավորումները, ընդհանրապես չի ներկայացվել»,- նշել է Բաբայանը։
Բաբայանն ընդգծել է, որ Գերագույն դատարանում ակնկալվող որոշումը կանխորոշված է, և նույն ապօրինությունները շարունակվելու են։ Այդուհանդերձ, նրա գնահատմամբ, այդ ձևական փուլն անցնելն անհրաժեշտ է հետագա իրավական քայլերի և պատմական արձանագրման համար։
«Պարզ է, թե ինչով է ավարտվելու, բայց կարևոր է այդ ձևական ատյանը ևս մեկ անգամ անցնելը՝ պատմության և մեր հետագա քայլերի համար»,-նշել է Դավիթ Բաբայանը։












