Գլխավոր Լրահոս

«Էական առաջընթաց չկա»․ Փաշինյանը դժգոհել է ԵԱՏՄ-ում հայկական արտահանման սահմանափակումներից

«Էական առաջընթաց չկա»․ Փաշինյանը դժգոհել է ԵԱՏՄ-ում հայկական արտահանման սահմանափակումներից

Եվրասիական տնտեսական միության ընդհանուր շուկայում շարունակում են պահպանվել հայկական արտադրանքի արտահանման և տարանցման ճանապարհին առկա վարչական խոչընդոտներն ու սահմանափակումները։ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ նախորդ հանդիպումից ի վեր այդ խնդիրների լուծման ուղղությամբ էական առաջընթաց չի արձանագրվել։

Վարչապետի խոսքով՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժը միության լիարժեք գործունեության հիմքն է, սակայն դրա գործնական իրականացումը դեռևս հատուկ ուշադրություն է պահանջում։

«Ցավոք, մի շարք առկա հարցերի շուրջ չի հաջողվել էական առաջընթացի հասնել։ Մասնավորապես, պահպանվում են սահմանափակումներն ու վարչական բարձր խոչընդոտները, որոնք նախկինի պես էապես դժվարացնում են ընդհանուր շուկայի լիարժեք և արդյունավետ գործունեությունը։ Այս առնչությամբ կարևոր ենք համարում երկխոսության շարունակումը՝ ԵԱՏՄ իրավունքին համապատասխան հայկական արտադրանքի արտահանման և տարանցման ճանապարհին առկա արգելքների վերացման ուղղությամբ»,- հայտարարել է Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ այս ուղղությամբ հետևողական քայլերը բխում են ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների շահերից՝ ապահովելով առևտրային հոսքերի կայունությունն ու կանխատեսելիությունը։

Միևնույն ժամանակ, Հայաստանի ղեկավարն անդրադարձել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և դրա առանցքային բաղադրիչ համարվող «Թրամփի երթուղուն» (TRIPP)՝ այն որակելով դարակազմիկ իրադարձություն տարածաշրջանի համար։

«TRIPP նախագիծը ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կբացի Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Միևնույն ժամանակ, նախագիծը թույլ կտա Հայաստանին ինտեգրվել միջազգային երկաթուղային ցանցին և հնարավորություն կստեղծի երկաթուղային հաղորդակցություն ձևավորել Պարսից ծոցի և Սև ծովի միջև։ Սա դարակազմիկ իրադարձություն կդառնա տրանսպորտային կապերի ոլորտում, փոփոխություն՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Իրանի համար»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը հայտնել է նաև, որ նեղ կազմով նիստի ընթացքում ԵԱՏՄ գործընկերներին տեղեկացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման արդյունքում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման որոշակի մանրամասների մասին՝ ակնկալելով որոշումներ, որոնք կբարձրացնեն Հայաստանի երկաթուղիների արդյունավետությունը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում