Գլխավոր Լրահոս

«Ինչի՞ չես զոհվել». դատարանը մերժել է Փաշինյանի խոսքերի առնչությամբ Օսիպյանի բողոքը

«Ինչի՞ չես զոհվել». դատարանը մերժել է Փաշինյանի խոսքերի առնչությամբ Օսիպյանի բողոքը

Հայկ Ղազարյան

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը սեպտեմբերի 18-ին մերժել է արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի բողոքը՝ օրինական ճանաչելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական վարույթ չնախաձեռնելու դատախազության որոշումը։ Արթուր Օսիպյանը դրա մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է հոկտեմբերի 2-ին։ Քաղաքական գործիչը առաջին ատյանի դատարանի որոշումը բողոքարկելու Է վերաքննիչ քրեական դատարանում։

Օսիպյանը 2026-ի հուլիսի 3-ին հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել իրավապահ մարմիններին՝ պահանջելով քրեական վարույթ նախաձեռնել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ։ Քննչական կոմիտեի որոշմամբ՝ քրեական վարույթի նախաձեռնումը մերժվել էր։ Վերադաս դատախազը և քրեական դատարանը անհիմն են համարել Օսիպյանի բողոքը՝ պատճառաբանելով, որ Փաշինյանի հնչեցրած արտահայտությունները կրել են ընդհանուր խոսակցական բնույթ։ Դատարանը, հիմք ընդունելով Քննչական կոմիտեի քննիչի և հսկող դատախազի եզրահանգումները, արձանագրել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները կրել են ընդհանուր խոսակցական բնույթ, դրանցում առկա չեն եղել ատելության, թշնամանքի կամ բռնության հրապարակային կոչեր, այլ ընդհակառակը՝ առկա են եղել խոսքեր և գործողություններ բռնությունը թույլ չտալու և դրա կանխարգելման մասին

Վեճի հիմքում ընկած դեպքը վերաբերում է 2026-ի մայիսի 18-ին Երևանի Արաբկիր վարչական շրջանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանի հնչեցրած հայտարարությանը։ Այդ օրը Օսիպյանը մոտեցել էր վարչապետին և Արցախի հիմնախնդրի վերաբերյալ սուր հարցադրումներ արել, որոշ ժամանակ անց բանավեճը թեժացել էր, և Փաշինյանն ասել էր՝ «տականք», «ստահակ», «փախած», «բացատրիր՝ դու ինչի՞ չես զոհվել, դու ինչի՞ մի խրամատում չես զոհվել»։

Օսիպյանն իր ներկայացրած հանցագործության մասին հաղորդման մեջ նաև նշում է, որ վարչապետը հանդես էր եկել հետևյալ խոսքերով․ «Բա որ հիմա թողնեինք ըմբոստները քամուն տային, մեծ կտորը ականջը մնար․․․ լակոտ, ոտքի տակ չընկնեք»։

Մայիսի 18-ի այդ միջադեպից հետո Օսիպյանը ձերբակալվեց, ապա կալանավորվեց։ Կալանքի ժամանակ նա հացադուլ հայտարարեց, որը տևեց 23 օր։ Օսիպյանին մեղադրանք է առաջադրվել երեք քրեական հոդվածով․ սոցիալական ցանցի իր էջում վարչապետի նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր հնչեցնելու («բմբուլները օդ հանեմ», «ողնաշարը կհարդուկենք»), ինչպես նաև 2026-ի մայիսի 18-ին Արաբկիրում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական քարոզարշավի ընթացքը խոչընդոտելու և նույն միջադեպի ընթացքում խուլիգանություն դրսևորելու համար։

Օսիպյանը նաև քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ պահանջելով պաշտոնական ֆեյսբուքյան էջով հրապարակայնորեն ներողություն խնդրել, հերքել «փախած» ու «թալանչի» որակումները և բռնագանձել 1 դրամ խորհրդանշական նյութական փոխհատուցում։ Երևան քաղաքի քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում սեպտեմբերի 24-ին նախանշված առաջին դատական նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 30-ը, քանի որ քրեական գործով առգրավված անձնագիրը դեռ չէր վերադարձվել Օսիպյանին, ինչի պատճառով հնարավոր չէր եղել դատարանում հաստատել նրա անձը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-4500 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակվել է՝ MATEMAT-ում