«Օսիպյանն ընդդեմ Փաշինյանի» դատական նիստը հետաձգվել է. հայցվորը պահանջում է վարչապետից բռնագանձել 1 դրամ

Աջից՝ Արթուր Օսիպյան
Հայկ Ղազարյան
Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Էրեբունու նստավայրում սեպտեմբերի 24-ին նախատեսված՝ արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանի ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքացիական հայցով առաջին դատական նիստը չի կայացել։ Ինչպես ՍիվիլՆեթին հայտնեց Օսիպյանը, նիստը հետաձգվել է, քանի որ իր անձնագիրը զուգահեռ քննվող քրեական գործի շրջանակում գտնվում է դատարանում։ Դատական քննությունը տեղափոխվել է հոկտեմբերի 30, երբ անձնագիրն արդեն վերադարձված կլինի Օսիպյանին։
Թեև սեպտոմբերի 16-ին քրեական գործով դատական նիստին դատավորը որոշեց, որ մեղադրյալին կփոխանցեն անձնագիրը, սակայն, ըստ Օսիպյանի, դրանից հետո իրեն չեն զանգահարել։
Քաղաքացիական հայցով Արթուր Օսիպյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից պահանջում է պաշտոնական ֆեյսբուքյան էջով հրապարակայնորեն ներողություն խնդրել 2026-ի մայիսի 18-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ իր հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների («համբալի մեկը», «թալանչի անասուն», «տականք», «ստահակ») համար։ Նա նաև պահանջում է հերքել «փախած» ու «թալանչի» որակումները, ինչպես նաև այն պնդումը, թե իբր ինքը կոչ է արել Արցախի ժողովրդին դուրս գալ Արցախից։
Որպես նյութական փոխհատուցում՝ Օսիպյանը պահանջում է բռնագանձել 1 դրամ սիմվոլիկ գումար։ Չկայացած նիստից հետո լրագրողների հետ զրույցում Օսիպյանը ներկայացրեց Փաշինյանի փաստաբանի պատասխանը, որով պաշտպանական կողմը դատարանին խնդրել է մերժել հայցը կամ կարճել վարույթը։
«Ասում է՝ ինչ որ ասել է, քեզ չի ասել, «փախածը» քեզ չէր վերաբերում, ինքը ընդհանուր արմամբ է խոսել, իսկ վիրավորանքներն էլ, ըստ մի նախադեպային որոշման, իրավունք ունի քարոզարշավի ժամանակ նման արտահայտություններ անելու»,- նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Օսիպյանը։
Օսիպյանն անհեթեթ է համարում Փաշինյանի կողմի պատճառաբանությունները՝ մեղադրելով իշխանություններին երկակի ստանդարտների կիրառման մեջ։
«Էդ նույն դեպքի վերաբերյալ իմ վրա երեք հոդված են դրել քրեական գործով, իսկ տուժող կողմը, որը հանդիսանում է հենց Նիկոլ Փաշինյանը, պնդում է, որ ամեն ինչ օրենքի մեջ էր։ Այսինքն, երբ որ իր հասցեին է ինչ-որ մի բան հնչում, ապա դա քրեական է, երբ որ ինքն է անասելի խոսքեր մարդու ասում, լրիվ օրենքի մեջ է»,- ասաց Օսիպյանը։
Օսիպյանը շեշտեց նաև, որ քաղաքացիական գործը չի կարող լիարժեք քննված համարվել առանց Նիկոլ Փաշինյանի անձնական ներկայության։
«Արցախին հատկացված շուրջ 1,2 միլիարդ դոլարը մսխվել է»
Քաղաքական գործիչը այսօր լրագրողներին ներկայացրեց փաստաթղթեր, որոնք պետք է ապացուցեն, որ իր հայտարարությունները հիմնավորված են։ Ըստ Օսիպյանի՝ Նիկոլ Փաշինյանն իր «արցախյան օլիգարխ շրջապատին» ու «թալանչի գեներալներին» սնել է միլիարդներով։
Ներկայացված նյութերը Արցախում գործող Հակաճգնաժամային խորհրդի պաշտոնական հարցումների պատասխաններն են։ Ըստ Օսիպյանի՝ դրանք վերաբերում են 2022–2023 թվականներին Արցախին հատկացված շուրջ 1,2 միլիարդ դոլարի ֆինանսական միջոցներին։ Օսիպյանի պնդմամբ՝ այդ գումարները մսխվել ու բաժանվել են բարձրաստիճան պաշտոնյաների և օլիգարխների միջև։
Սույն քաղաքացիական գործը սերտորեն կապված է մայիսի 18-ին Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի հետ, որից հետո Օսիպյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։ Նրան մեղադրանք է առաջադրվել 3 քրեական հոդվածով՝ բռնության կոչերի, խուլիգանության և նախընտրական քարոզարշավին խոչընդոտելու համար։
Իրադարձություն
Կազմակերպություն









