Ֆրանսիան արգելափակել է Ադրբեջանի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության նոր ծրագիրը, իսկ Թուրքիան, ի պատասխան, արգելափակել է Հայաստանի հետ գործընկերության ծրագիրը։ Այս մասին սեպտեմբերի 30-ին գրել է POLITICO-ն։
Պարբերականի հետ զրուցած ՆԱՏՕ-ի երեք դիվանագետների խոսքով՝ Ֆրանսիայի առարկությունը կապված է Ադրբեջանում Ֆրանսիայի քաղաքացու ազատազրկման հետ։ Դրանից հետո Թուրքիան, ի համերաշխություն իր մերձավոր դաշնակից Ադրբեջանի, արգելափակել է Հայաստանի հետ գործընկերության ծրագիրը։
Երկու ծրագրերն էլ ավելի քան մեկ տարի է՝ չեն հաստատվում։ Դրանցով նախատեսվում է ընդլայնել համագործակցությունը ռազմական վարժանքների, վերապատրաստման և այլ ոլորտներում։ Միևնույն ժամանակ ՆԱՏՕ-ն ժամանակավորապես երկարաձգել է Հայաստանի և Ադրբեջանի հետ գործող գործընկերության ծրագրերը։
«Դժգոհություն կա․ դադարեք ՆԱՏՕ-ն օգտագործել երկկողմ հարցերի համար»,- POLITICO-ին ասել է ՆԱՏՕ-ի դիվանագետներից մեկը։
Այժմ Ֆրանսիայի նկատմամբ ճնշում է գործադրվում՝ առարկությունը վերացնելու համար, այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախորդ շաբաթ ազատ է արձակել մի քանի բանտարկյալի, այդ թվում՝ Ֆրանսիայի քաղաքացու։
Թուրք պաշտոնյան, սակայն, մերժել է ստեղծված փակուղին Ֆրանսիայի կամ Հայաստանի հետ տարաձայնություն ներկայացնելու ձևակերպումը՝ նշելով, որ Անկարան վաղուց պատրաստ է միաժամանակ հաստատել գործընկերության երկու փաստաթղթերը։
«Խնդիրը հաստատ Թուրքիա-Ֆրանսիա կամ Թուրքիա-Հայաստան վեճ չէ»,- ասել է պաշտոնյան։
Դիվանագետները զգուշացրել են, որ ձգձգումը կարող է խոչընդոտել Արևմուտքի հետ մերձենալու Հայաստանի ջանքերին այն պայմաններում, երբ Երևանը հեռանում է Ռուսաստանից։
«Սա մտահոգիչ է։ Մենք որոշ երկրների մոտ ակնկալիքներ ենք ստեղծում, ապա չենք արդարացնում դրանք, ինչը կարող է դժգոհություն առաջացնել»,- POLITICO-ին ասել է ՆԱՏՕ-ի մեկ այլ դիվանագետ։
ՆԱՏՕ-ում Ֆրանսիայի պատվիրակությունը հրաժարվել է մեկնաբանությունից։ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցչությունները չեն պատասխանել POLITICO-ի հարցումներին։
ՆԱՏՕ-ի պաշտոնյան, իր հերթին, հայտարարել է. «Մենք պատրաստ ենք առաջ մղել այս երկու գործընկերությունները»։












