Գլխավոր Լրահոս

Amazon-ը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել՝ անհրաժեշտ էներգամատակարարման պայմանով, ասել է Փաշինյանը

Amazon-ը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել՝ անհրաժեշտ էներգամատակարարման պայմանով, ասել է Փաշինյանը

Սիրանուշ Ադամյան

Amazon-ը պատրաստ է Հայաստանում ներդրումներ կատարել, եթե ապահովվի ընկերության համար անհրաժեշտ շուրջօրյա կայուն էլեկտրամատակարարումը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ «Ինֆոքոմի» հետ երեքշաբթի հրապարակված հարցազրույցում։

Փաշինյանը հղում է արել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարից այդ առավոտ ստացած նամակին։

«Amazon-ը պատրաստ է Հայաստանում ներդրումներ անել, բայց իրեն 1000 մեգավատանոց կայան է պետք։ Ասում է՝ եթե դուք կասեք, որ 1000 մեգավատանոց կայան կլինի, ես Հայաստանում համապատասխան չափի ներդրումներ կանեմ»,– ասել է վարչապետը։

Նա չի հստակեցրել հնարավոր ներդրումների չափը, նախագծի բնույթը կամ իրականացման ժամկետները։

Հաղորդավարի հարցին՝ արդյոք պահանջարկը հնարավոր է բավարարել արևային կայանով, Փաշինյանը պատասխանել է, որ ընկերությանը շուրջօրյա կայուն էներգամատակարարում է անհրաժեշտ։ Այդ համատեքստում նա խոսել է ատոմակայանի, էներգիայի կուտակիչների և հողմային կայանների անհրաժեշտության մասին։

Վարչապետի խոսքով՝ Հայաստանում արհեստական բանականության ոլորտում արդեն հաստատված նախագծերի էներգետիկ պահանջարկը գերազանցում է երկրի առկա կարողությունները։ Նա նոր ներդրումային ծրագրերով է բացատրել ավելի մեծ հզորությամբ ատոմակայան կառուցելու նկատմամբ կառավարության աճող հետաքրքրությունը։

Փաշինյանը նախկինում խոսում էր Հայաստանում փոքր մոդուլային ռեակտորով ատոմակայան կառուցելու տարբերակների մասին։ Հոկտեմբերի 1-ին, սակայն, նա հայտարարեց, որ 1000 մեգավատ հզորությամբ ատոմակայանը կարող է առավել տրամաբանական լուծում լինել Հայաստանի համար։ Դրանից երկու օր առաջ «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը Երևանում ներկայացրել էր նոր ատոմակայանի կառուցման ռուսական առաջարկները։

Հայաստանում ՄԱԿ-ի էներգետիկայի ազգային փորձագետ Արա Մարջանյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում գնահատել էր, որ Ռուսաստանն այժմ ունի ինժեներական և տնտեսական առումով առավել մշակված առաջարկ։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է ընտրի փորձարկված տեխնոլոգիա, որը հնարավոր կլինի գործարկել մինչև 2036–2037 թվականները։

Գործող Մեծամորի ատոմակայանի շահագործումը նախատեսված է մինչև 2036 թվականը։ Կառավարությունը նոր կայանի տեխնոլոգիայի ընտրության վերջնաժամկետ է սահմանել 2027 թվականի ավարտը։

Միաժամանակ Փաշինյանը հարցազրույցում ընդգծել է, որ վերականգնվող էներգետիկայի զարգացումը շարունակում է առաջնահերթություն մնալ։ Կառավարության նպատակը, ըստ նրա, ոչ միայն աճող ներքին պահանջարկը բավարարելն է, այլև էլեկտրաէներգիա արտահանելը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում