Գլխավոր Լրահոս

Երկաթուղու կոնցեսիան չեղարկելու իրավական հիմքեր կան, խնդիրը քաղաքական որոշման մեջ է. Փաշինյան

Հատված Գյումրի-Երևան երկաթուղուց։ Լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի/CivilNet

Հատված Գյումրի-Երևան երկաթուղուց։ Լուսանկարը՝ Կարեն Հարությունյանի/CivilNet

Լիա Ավագյան

Հայաստանի կառավարությունն ունի երկաթուղու ռուսական կոնցեսիոն պայմանագիրը չեղարկելու իրավական հիմքեր, սակայն նախընտրում է, որ ռուսական կողմը կառավարման իրավունքը վաճառի երկու երկրների համար ընդունելի երրորդ երկրի։ Այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է «Ինֆոքոմի» հետ հարցազրույցում, որը հրապարակվել է երեքշաբթի։

«Իրավական հիմքերը կան, խնդիրը քաղաքական որոշման մեջ է»,- հայտարարել է Փաշինյանը՝ հավելելով, որ պայմանագիրը չեղարկելու քաղաքական որոշման դեպքում անհրաժեշտ իրավական հիմնավորումներն արդեն առկա են։

Վարչապետը չի մանրամասնել այդ հիմքերը։ Հարցին, թե արդյոք նման հիմնավորում կարող է լինել ռուսական կողմի ներդրումային պարտավորությունների թերակատարումը, Փաշինյանը չի հստակեցրել այդ կապը՝ կրկնելով, որ պայմանագիրը չեղարկելու իրավական հիմքեր կան։

«Մենք չենք ուզում գնալ այդ ճանապարհով, մենք ուզում ենք բարեկամական ճանապարհով գնալ»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը խնդրել է ռուս գործընկերներին կոնցեսիայի իրավունքը վաճառել երրորդ երկրի, որն ընդունելի կլինի և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի համար։

Ռուսական կողմի արձագանքի համար վարչապետը վերջնաժամկետ չի նշել՝ ասելով, որ կառավարությունը չի պատրաստվում խոսել վերջնագրերի լեզվով։

Հայաստանի երկաթուղային ցանցը 2008-ից կառավարում է «Ռուսական երկաթուղիների» դուստր ընկերությունը՝ «Հարավկովկասյան երկաթուղին»։ Կոնցեսիոն պայմանագիրը կնքվել է 30 տարով՝ մինչև 2038-ը։ Ենթակառուցվածքը մնում է Հայաստանի սեփականությունը, իսկ օպերատորը պատասխանատու է դրա շահագործման և արդիականացման համար։

Կոնցեսիան երրորդ կողմին փոխանցելու հնարավորության մասին Փաշինյանը խոսել էր նաև նախկինում։ Փետրվարին նա որպես տարբերակներ նշել էր Ղազախստանը, Արաբական Միացյալ Էմիրություններն ու Կատարը։ Սեպտեմբերին էլ ասել էր, որ Ղազախստանն ընդունելի տարբերակ է Հայաստանի համար՝ հաշվի առնելով այդ երկրի զարգացած երկաթուղային ենթակառուցվածքն ու ոլորտում ներդրումային փորձը։ Խոսքը հնարավոր տարբերակի մասին էր, ոչ թե կոնցեսիան փոխանցելու համաձայնության։

Քննարկումները կապված են նաև տարածաշրջանային հաղորդակցությունների բացման և ԱՄՆ-ի աջակցությամբ նախատեսվող TRIPP՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի հետ։ Այն նախատեսում է Հայաստանի հարավով Ադրբեջանի հիմնական տարածքը Նախիջևանին կապող տրանսպորտային հաղորդակցություն։ Փաշինյանը նախկինում մտահոգություն էր հայտնել, որ հիմնական բեռնահոսքերը Նախիջևանից կարող են ուղղվել անմիջապես Թուրքիա՝ շրջանցելով Հայաստանի երկաթուղային ցանցի մնացած հատվածը։ Նա այդ ռիսկը կապել էր Ռուսաստանի և Արևմուտքի լարված հարաբերությունների ու պատժամիջոցային ռիսկերի հետ։

«Ինֆոքոմի» հարցազրույցում վարչապետն անդրադարձել է նաև գնացքների վիճակին։ Նրա խոսքով՝ ռուս գործընկերների հետ քննարկումների ժամանակ ներկայացրել է Հայաստանում գործող գնացքների արտաքին ու ներքին տեսքի, ինչպես նաև սանհանգույցների լուսանկարները և ասել․ «Սա անհարգալից վերաբերմունք է մեր նկատմամբ»։

Փաշինյանը հավելել է, որ դրանից հետո Հայաստան նոր գնացք է բերվել, որով ինքը մեկնել է Գյումրի։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում