Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողին Բաքվում պահվող հայ գերիների հետ փոխանակելու հարցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիտարկմամբ տարբեր թեմաներ են, քանի որ սահմանը հատած զինվորների վերադարձի գործընթացն առանձնացված է մյուս բոլոր դեպքերից։ Վարչապետն այս մասին ասել է Infocom-ին տված հարցազրույցի ժամանակ։
«Եթե մենք անցած մոլորված զինվորին նախապայմանով վերադարձնենք, ասենք՝ գերի պետք է տաք, որ այս զինվորին տանք, վաղը մյուս օրը, Աստված չանի, ծառայություն է, մեր մոտից էլ կարող է զինվոր անցնի, բա մենք ում ենք տալու, որ մեր զինվորին հետ բերենք»,- ընդգծել է Փաշինյանը։
Սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի զորամասից ինքնակամ հեռացած զինծառայող Նասիմի Մուսաևը հայտնվել է Հայաստանի տարածքում։ Հոկտեմբերի 1-ին նա ապօրինի մուտք է գործել Սյունիքի Շաքի բնակավայրի տուն և կրակոցներ արձակել՝ վիրավորելով կնոջն ու վնասվածքներ պատճառելով նրա երկու երեխաներին։ Նա ձերբակալվել է և երկու ամսով կալանավորվել։
Վարչապետը միևնույն ժամանակ հստակեցրել է, որ տվյալ զինծառայողը Հայաստանում հանցագործություն է կատարել, ինչի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նա ներկայումս գտնվում է կալանքի տակ, անցնելու է իրավական ընթացակարգերով, դատապարտվելու է և պատիժը կրելու է Հայաստանի Հանրապետությունում։
«Ինքը կմնա Հայաստանի Հանրապետությունում և պատիժը կկրի էստեղ, առնվազն ինչ-որ ժամանակ պատիժը կկրի Հայաստանում, այսինքն քննություն է գնում, հիմա ինքը կալանքի տակ է»,- ասել է վարչապետը։
Անդրադառնալով սահմանի հատման հանգամանքներին՝ Հայաստանի կառավարության ղեկավարը նշել է, որ միջադեպը տեղի է ունեցել 10-15 կիլոմետրանոց ճակատով անմարդաբնակ, ժայռոտ ու լեռնային բարդ տեղանքում։ Սահմանի երկայնքով առկա տեսադիտարկման համակարգերը չեն գործել թանձր մառախուղի պատճառով։ Փաշինյանի փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը նախապես տեղեկացրել է զինծառայողի կորչելու մասին, ինչից հետո երկու երկրների համապատասխան ծառայությունները ամեն օր կապի մեջ են եղել, իսկ որոնողական աշխատանքները, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, տևել են մի քանի օր։
Տեղի բնակչությանը նախապես չիրազեկելու պատճառը, ըստ վարչապետի, եղել է այն, որ զինվորի՝ Հայաստանի տարածքում գտնվելու վերաբերյալ որևէ ապացույց կամ վստահություն չի եղել, իսկ առանց փաստերի տեղեկատվություն տարածելը կնշանակեր կեղծ տեղեկություն հաղորդել։
«Բայց ո՛չ ադրբեջանական կողմը, ո՛չ մենք չգիտեինք՝ ինքը որտեղ է, որովհետև, ասենք, երբ որ ինքնակամ լքելու շատ դեպքեր են լինում, փաստ չէ, որ անցել է։ Բայց այստեղ խնդիրն այն է, որ ադրբեջանական կողմը մեզ նախապես տեղեկացրել է, և որոնողական աշխատանքներ են կատարվել, և որոնողական աշխատանքների ընթացքում՝ այդ ընթացքում, ամեն օր կապի մեջ են եղել Հայաստանի և Ադրբեջանի համապատասխան ծառայությունները։ Այսինքն՝ չկա փաստ, որ զինվորն անցել է Հայաստանի տարածք, էլ չեմ ասում, որ զինվորն անցել է և արդեն կարող է հասնել բնակավայր»,- ասել է Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը «բացարձակ անհեթեթություն» է անվանել դիվերսիայի կամ սահմանը մի քանի հոգով հատելու մասին լուրերը։ Նա վստահեցրել է, որ միայն մեկ ադրբեջանցի զինծառայող է անցել Հայաստանի սուվերեն տարածք։
«Զինվորը, նախ, ձերբակալության ժամանակ դիմադրություն ցույց չի տվել. ամբողջական պահունակով ավտոմատ է եղել մոտը, երբ որ մեր իրավապահ մարմինները մոտեցել են, դիմադրություն ցույց չի տվել, հանձնվել է։ Այդտեղ դեպքը եղել է, նախնականով, այսպես․ ինքը գնացել է, այդ տանը քնել է, հետո տանտերերը եկել են, հայտնաբերել են, և այդ անսպասելիության, խառնաշփոթի մեջ տեղի է ունեցել այդ ամեն ինչը։ Բայց դա... ես հիմա, եկեք ճշմարտություններ չասեմ, որովհետև, նախ, երկու կողմն էլ՝ և՛ ադրբեջանցի զինվորը, և՛ մերոնք, բուժման ընթացքի մեջ են․ հիմա իրենց բոլոր մանրամասներով չեն հարցաքննում, որ ամբողջ պատկերն իմանանք։ Այդ լեգենդները, որ դիվերսիա է, երեք հոգի են եղել կամ 10 հոգի են եղել... ոչ թե ես դա հերքում եմ, դա բացարձակ անհեթեթություն է»,- ասել է վարչապետը։











