Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն արգելանք է դրել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին և նրա հետ փոխկապակցված ընկերություններին պատկանող տասնյակ անշարժ ու շարժական գույքերի, բաժնեմասերի, խուզարկությամբ հայտնաբերված խոշոր չափի դրամական միջոցների, զարդերի, ինչպես նաև Սևանի ափամերձ շինությունների նկատմամբ, հայտնում են ՀԿԱԾ-ից։
«Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման և հատուկ նշանակության բաժնում Հակակոռուպցիոն դատարանի կողմից տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակում արգելանք է կիրառվել պարտապան Գագիկ Ծառուկյանին պատկանող շուրջ 29 անշարժ, 488 շարժական գույքերի, 33 տրանսպորտային միջոցի, և 27 տարբեր ընկերություններում առկա բաժնեմասերի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված 40 իրավաբանական կազմակերպությունների բաժնեմասերի և բաժնետոմսերի, ինչպես նաև վերջիններիս պատկանող գույքերի նկատմամբ»,- ասված է հաղորդագրության մեջ։
Արգելանք է կիրառվել նաև Քննչական կոմիտեի կողմից Գագիկ Ծառուկյանի առանձնատանը խուզարկության արդյունքում հայտնաբերված խոշոր չափի դրամական միջոցների և թանկարժեք զարդերի վրա։
Պարտապանին պարտավորվեցվել է նաև չկատարել որևէ գործողություն հայտնաբերված և արգելադրված գույքերի ապօրինի տնօրինման ուղղությամբ։
Մեկ այլ կատարողական վարույթի շրջանակում վարույթն իրականացնող հարկադիր կատարողի գործողությունների արդյունքում պարտապան Գագիկ Ծառուկյանին պատկանող Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող անշարժ գույքի և շինությունների նկատմամբ արգելվել է կատարել սեփականատիրոջ փոփոխություն, ինչպես նաև նշված գույքի փաստացի վիճակը վատթարացնող ապօրինի որևէ գործողություն։
ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը երկու ամսով կալանավորվել էր հուլիսի 7-ին։
Հուլիսի 6-ի երեկոյան «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդը ձերբակալվել էր։ Ըստ Քննչական կոմիտեի՝ նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կազմակերպելու մեջ։
Գործը վերաբերում է Հայաստան-Իրան առևտրային գործարքներին, որոնց շրջանակում, ըստ քննության, հափշտակվել է շուրջ 21 մլն դոլարի գույք։















