Հոդվածը հրապարակվել է նեպալական Nepal Aaja լրատվական կայքում։
Կոռուպցիայի դեմ պայքարը դարձել է Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի իշխանության բնորոշ գծերից մեկը։ Այն, ինչ 2012-ին սկսվեց որպես Կոմունիստական կուսակցության «վագրերի և ճանճերի»՝ բարձրաստիճան ու ստորին օղակների կոռումպացված պաշտոնյաների դեմ արշավ, վերածվել է քաղաքական և վարչական կարգապահության մշտական համակարգի։
Արշավի ծավալները դժվար է անտեսել։ 2025-ին Չինաստանի կարգապահական վերահսկողության մարմինները հարուցել են 1,012 մլն գործ և պատժել 983,000 մարդու։ Քննության ենթարկվածների թվում եղել են նահանգային կամ նախարարական մակարդակի 115 պաշտոնյա և վարչությունների մակարդակի ավելի քան 5,000 ղեկավար։ Կարգապահական պատասխանատվության են ենթարկվել նաև ձեռնարկությունների, գյուղական կազմակերպությունների և պետական կառավարման համակարգից դուրս գործող այլ կառույցների 68,600 ներկայացուցիչներ։
Այս թվերը ցույց են տալիս արշավի ընդգրկումը, սակայն ինքնին չեն բացահայտում դրա տնտեսական ազդեցությունը։ Բազմաթիվ տվյալներ վկայում են, որ հակակոռուպցիոն պայքարը նվազեցրել է պաշտոնեական դիրքի կամ արտոնյալ կապերի միջոցով եկամուտ ստանալու հնարավորությունները և թուլացրել քաղաքական կապերի նշանակությունը։ Չինական ընկերությունների վերաբերյալ մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ արշավը դրանց ընդհանուր արտադրողականությունը բարձրացրել է 1,7 տոկոսով։ Մեկ այլ հետազոտության համաձայն՝ արշավի առաջին երկու տարիներին քաղաքական կապեր ունեցող ընկերությունների շուկայական արժեքը նվազել է 7,5 տոկոսով։ Սա հուշում է, որ նախկինում այդ կապերով ապահովվող տնտեսական առավելությունների զգալի մասը վերացել է։
Հակակոռուպցիոն պայքարի տնտեսական գինը պարտադիր չէ, որ բխի կոռուպցիայի համար պատժելուց։ Այն առաջանում է, երբ քննության ենթարկվելու վախը սկսում է ազդել նաև օրինական տնտեսական որոշումների վրա։ Քանի որ վերահսկողությունն ընդլայնվել է՝ կաշառակերությունից և յուրացումներից անցնելով քաղաքական կարգապահության, ընկերությունների կառավարման և պաշտոնյաների վարքագծի ոլորտներ, ավելի կարևոր է դարձել տարբերակել կոռուպցիայի կանխարգելումն ու չափազանց զգուշավոր վարքագծի խրախուսումը։
Երբ որոշումը հետաձգելն ավելի անվտանգ է
Առաջին հետևանքները նկատվում են հենց պետական կառավարման համակարգում։ Չինաստանում պաշտոնյաների առաջխաղացումը ավանդաբար սերտորեն կապված է եղել տնտեսական արդյունքների, տեղական ներդրումների և կենտրոնական իշխանության քաղաքականության իրականացման հետ։ Հակակոռուպցիոն վերահսկողությունը փոխում է այս հաշվարկը։ Երբ կառավարչական սխալը կարող է հանգեցնել կարգապահական քննության, իսկ ոչ սովորական, ռիսկային քայլի համար քաղաքական խրախուսանքը երաշխավորված չէ, պաշտոնյաները հակված են ընտրելու ավելի անվտանգ տարբերակը։
Չինաստանի քաղաքների վերաբերյալ մի ուսումնասիրություն ցույց է տվել, որ հակակոռուպցիոն քննությունները կարող են նվազեցնել տնտեսական ակտիվությունը խթանելու ուղղությամբ տեղական պաշտոնյաների ջանքերը։ Այս ազդեցությունն առավել տեսանելի է եղել այնտեղ, որտեղ վարչական բարեփոխումները չեն նվազեցրել պաշտոնյաների հայեցողությամբ տրվող թույլտվությունների նշանակությունը։ Միաժամանակ հետազոտությունը որոշ բարելավումներ է արձանագրել հանրային բարեկեցության ցուցանիշներում, այդ թվում՝ շրջակա միջավայրի վիճակի հարցում։
Խոշոր ենթակառուցվածքային նախագիծ հաստատող, պետական ձեռնարկություն վերակազմակերպող կամ դժվարությունների մեջ հայտնված ընկերությանն աջակցող պաշտոնյան կարող է դրա համար լիովին հիմնավոր պատճառներ ունենալ։ Սակայն եթե որոշումը հետագայում անհաջողության մատնվի, այն կարող է հետադարձորեն դիտարկվել որպես հնարավոր չարաշահում։ Նման միջավայրում որոշումը հետաձգելը կարող է ավելի քիչ հետևանքներ ունենալ, քան այն ընդունելը։
Սա հակասություն է ստեղծում Չինաստանի ներկայիս տնտեսական քաղաքականության համար։ Պեկինը ցանկանում է, որ տեղական իշխանությունները ներգրավեն մասնավոր ներդրումներ, աջակցեն տեխնոլոգիական նորարարություններին, աշխուժացնեն սպառումը և կառավարեն անշարժ գույքի շուկայի անկման հետևանքները։ Այս նպատակներին հասնելու համար պաշտոնյաները պետք է ինքնուրույն որոշումներ կայացնեն։ Սակայն վերահսկողության շարունակական ընդլայնումը կարող է խրախուսել հենց այն զգուշավորությունը, որը դժվարացնում է այդ նպատակների իրականացումը։
Բիզնեսը՝ արտոնությունների կորստի և անորոշության միջև
Արշավի ազդեցությունն առավել նշանակալի է դառնում, երբ այն հասնում է ընկերությունների ղեկավարներին։ Քաղաքական կապերը նախկինում Չինաստանի գործարար միջավայրի կարևոր առանձնահատկություններից էին։ Իշխանության հետ ամուր հարաբերություններ ունեցող ընկերությունները կարող էին ավելի հեշտ վարկեր ստանալ, ձեռք բերել կարգավորող մարմինների թույլտվություններ, հողատարածքներ և պետական պատվերներ։
Հակակոռուպցիոն արշավը զգալիորեն նվազեցրել է այդ հարաբերությունների արժեքը։ Դա կարող է բարելաված լինել մրցակցային միջավայրը՝ կրճատելով քաղաքական կապեր ունեցող ընկերությունների առավելությունները։
Սակայն նույն արշավը նաև անորոշության նոր աղբյուր է ստեղծել։ Չինական ֆոնդային բորսաներում ցուցակված ընկերությունների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2024-ին իշխանությունները ձերբակալել են ավելի քան 80 բորսայական ընկերությունների բարձրաստիճան ղեկավարների։
Ուսումնասիրված դեպքերի մոտ կեսի դեպքում քննությունն իրականացրել են այնպիսի մարմիններ, որոնք գործել են ղեկավարների գործունեության հիմնական տարածաշրջանից դուրս, կամ որոնց իրավասությունը հստակ չի եղել։ Սա մտահոգություններ է առաջացրել, որ ֆինանսական դժվարություններ ունեցող տեղական իշխանությունները կարող են չարաշահել իրենց վարչական և հակակոռուպցիոն լիազորությունները։ Վարչապետ Լի Ցյանը ավելի ուշ կոչ արեց ուժեղացնել տարածաշրջանային մարմինների իրավակիրառ գործունեության վերահսկողությունը։
Խնդիրը կարևոր է, քանի որ մասնավոր ընկերությունները շարունակում են առանցքային դեր ունենալ աշխատատեղերի ստեղծման, նորարարությունների և նոր բիզնեսների ձևավորման գործում։ Պեկինը մասնավոր ընկերություններին միաժամանակ հորդորում է ավելի շատ ներդրումներ կատարել և փորձում վստահեցնել, որ կարգավորող միջավայրը դառնում է ավելի կանխատեսելի։ Իրավակիրառ գործունեության ընդլայնումը կարող է դժվարացնել այդ վստահության ձևավորումը։
Ազդեցությունը սպառման վրա
Արշավն ազդել է նաև սպառման վրա, թեև այդ ազդեցությունը չպետք է չափազանցնել։ Պաշտոնյաների շռայլության դեմ պայքարը կտրուկ նվազեցրել է պետական միջոցներով կազմակերպվող խնջույքների, շքեղ ապրանքների, զվարճանքի և բարձրակարգ հյուրանոցների ու ռեստորանների ծառայությունների ծախսերը։ Խնայողության նոր արշավը շարունակել է այս մոտեցումը։
Միայն 2025-ին իշխանությունները պաշտոնյաների վարքագիծը կարգավորող կանոնների խախտման 290,752 դեպք են արձանագրել։ 375,604 մարդ արժանացել է քննադատության կամ ենթարկվել վարչական միջոցների, իսկ 261,788-ը՝ կարգապահական տույժերի։ Արձանագրված դեպքերի ավելի քան 94 տոկոսը վերաբերել է տեղական կառավարման ստորին օղակների պաշտոնյաներին։
Սա չի նշանակում, որ հակակոռուպցիոն պայքարն է Չինաստանում սպառման ընդհանուր թուլության պատճառը։ Անշարժ գույքի շուկայի անկումը, բնակչության ցածր տնտեսական վստահությունը, զբաղվածության վերաբերյալ մտահոգությունները և ժողովրդագրական խնդիրները ավելի մեծ դեր ունեն։ Սակայն արշավը ևս մեկ սահմանափակում է ավելացնում այն տնտեսության համար, որն արդեն փորձում է համոզել բնակչությանն ու բիզնեսներին ավելի շատ ծախսել։
Այստեղ մեկ այլ հակասություն էլ կա։ Քաղաքական կապերի թուլացումը հակակոռուպցիոն արշավի առավել ակնհայտ տնտեսական արդյունքներից է։ Չինական ընկերությունների վերաբերյալ հետազոտությունները ցույց են տվել, որ արշավի մեկնարկից հետո այդ կապերի արժեքը կտրուկ նվազել է։
Դրանցից օգտված ընկերությունների համար դա կորուստ է եղել։ Սակայն ընդհանուր շուկայի համար արտոնյալ հասանելիության վերացումը կարող է բարելավել մրցակցությունը և ռեսուրսներն ուղղել ավելի արդյունավետ աշխատող ընկերություններին, այլ ոչ թե նրանց, որոնք պարզապես ավելի լավ կապեր ունեն։
Այլ հետազոտություններ ցույց են տվել, որ հակակոռուպցիոն պայքարը կարող է խթանել ընկերությունների նորարարական գործունեությունը և բարձրացնել ներդրումների արդյունավետությունը։ Չինական ընկերությունների ուսումնասիրություններում արձանագրվել են հետազոտությունների ու մշակումների ծախսերի աճ, նորարարությունների ավելի լավ արդյունքներ և արտադրողականության բարձրացում՝ վերահսկողության ուժեղացումից հետո։
Այս տվյալներից բխող հետևությունն այն չէ, թե պետք է վերականգնել քաղաքական կապերը։ Անհրաժեշտ է ոչ պաշտոնական հարաբերությունները փոխարինել կանխատեսելի պաշտոնական ինստիտուտներով։
Եթե ընկերություններն այլևս չեն օգտվում քաղաքական կապերից, բայց շարունակում են գործել ոչ թափանցիկ կարգավորման պայմաններում, դա պարտադիր չի նշանակում, որ շուկան ավելի մրցակցային է դարձել։ Հնարավոր է՝ այն պարզապես դարձել է ավելի անորոշ։
Հստակ կանոնների անհրաժեշտությունը
Քաղաքական կապերի արժեքի կտրուկ անկումը հուշում է, որ արշավը նվազեցրել է քաղաքական արտոնություններից բխող տնտեսական առավելությունները։ Ներդրումների արդյունավետության բարձրացումը և արտոնյալ դիրքի միջոցով եկամուտ ստանալու հնարավորությունների սահմանափակումը կարող են բարելավել շուկաների աշխատանքը։
Խնդիրը, սակայն, առաջանում է, երբ վերահսկողությունը դուրս է գալիս կոռուպցիայի վերացման շրջանակից և սկսում ազդել նաև այն պաշտոնյաների, ընկերությունների ղեկավարների ու մասնագետների վարքագծի վրա, որոնք պարտադիր չէ, որ ներգրավված լինեն կոռուպցիոն գործունեության մեջ։
Պեկինը ստիպված չէ ընտրություն կատարել կոռուպցիայի դեմ պայքարի և տնտեսական աճին աջակցելու միջև։ Ավելի մեծ մարտահրավերը ինստիտուցիոնալ է՝ ստեղծել բավականաչափ հստակ կանոններ, որպեսզի պաշտոնյաները կարողանան օրինական որոշումներ ընդունել, ընկերությունները՝ ներդրումներ կատարել առանց չափազանց մեծ քաղաքական անորոշության, իսկ մասնագետները՝ պահպանել միջազգային կապերը՝ առանց քաղաքական առումով խոցելի դառնալու։
Հետևաբար հակակոռուպցիոն արշավի տնտեսական գինը չի չափվում միայն քննության ենթարկված մարդկանց թվով։ Այն չափվում է նաև նրանով, թե արդյոք կոռուպցիայի մեջ չներգրավված մարդիկ սկսում են վարվել այնպես, կարծես վախենալու պատճառ ունեն։ Սա է այն սահմանագիծը, որը Պեկինը գնալով ավելի մեծ ուշադրությամբ պետք է վերահսկի։












