Հայկ Ղազարյան
Իշխանության և Հայ Առաքելական Եկեղեցու ղեկավարության միջև խորացող հակամարտությունում նոր հարց է առաջ եկել՝ Եկեղեցու հարկային արտոնությունների վերացումը։ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն առաջարկում է հարկել ծիսական պարագաների վաճառքն ու եկեղեցապատկան որոշ անշարժ գույք՝ հավաքված գումարները հետագայում Եկեղեցու ծրագրերի ֆինանսավորմանն ուղղելու հնարավորությամբ։
Նախարարի խոսքով՝ նպատակը ֆինանսական թափանցիկությունն է, ոչ թե բյուջեի եկամուտների ավելացումը։ Սակայն դեռ հստակ չէ՝ ով է որոշելու, թե որ ծրագրերը ֆինանսավորել, ինչ պայմաններով և արդյոք գումարի վերադարձը երաշխավորված է լինելու։
Առաջարկը հնչում է մի ժամանակ, երբ վարչապետի հանձնարարությամբ պատրաստված զեկույցն առաջարկում է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հեռացում և եկեղեցական կառավարման փոփոխություններ, իսկ խորհրդարանում ստեղծվել է Եկեղեցում առաջացած «ճգնաժամն» ուսումնասիրող քննիչ հանձնաժողով։ Եկեղեցու ներկայացուցիչներն ու ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարկման մտադրությունը համարում են այդ հակամարտության հերթական դրսևորումը։ Իշխանության ներկայացուցիչները չեն ընդունում քաղաքական ճնշման մասին գնահատականը։
Առայժմ խոսքը առաջարկի մասին է․ օրենսդրական նախագիծ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված չէ։
Ինչ է առաջարկվում հարկել և ինչպես վերադարձնել գումարը
Հովհաննիսյանը ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում առաջարկել է վերացնել ծիսական պարագաների արտադրության ու վաճառքի հարկային արտոնությունները և ներդնել հսկիչ դրամարկղային մեքենաներ՝ ՀԴՄ-ներ։
Անշարժ գույքի հարկման հարցում նախարարը ցանկանում է տարանջատել բուն եկեղեցիները եկեղեցապատկան քաղաքացիական օբյեկտներից՝ բնակարաններից, հողերից և այլ կառույցներից, որտեղ բնակվում են սպասավորները կամ իրականացվում է այլ գործունեություն։
«Այդտեղ է պետք ճշգրտում անել, այսինքն հասկանալ, տարանջատել եկեղեցիները և քաղաքացիական օբյեկտները, էսպես ասած, և հասկանալ՝ ինչու պետք է այս օբյեկտները ունենան արտոնություններ»,- ասել է նա։
Հովհաննիսյանի խոսքով՝ հավաքված գումարները կարող են վերադարձվել Եկեղեցուն, իսկ անհրաժեշտության դեպքում ֆինանսավորումը կարող է գերազանցել վճարված հարկերի չափը։
Գումարի վերադարձի հնարավոր պայմանների մասին ՍիվիլՆեթը խոսել է նաև խորհրդարանական քննիչ հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանի հետ։ Նա ասել է, որ մեխանիզմի տեխնիկական մանրամասներին դեռ չի տիրապետում, և որպես համեմատություն բերել է հիփոթեքային վարկի տոկոսների դիմաց եկամտային հարկի վերադարձը։

Ֆինանսավորման հնարավոր ուղղություններից Եղոյանը նշել է Գևորգյան հոգևոր ճեմարանի ընթացիկ ծախսերը։ «Բնականաբար, օրինակ, Բագրատ սրբազանի [Բագրատ արք. Գալստանյան] համար ռուպոր առնելը դժվար թե դա ֆինանսավորվի պետական բյուջեով»,- ասել է պատգամավորը։
Հարցին՝ եթե եկեղեցականները շարունակեն քննադատել իշխանություններին, հնարավո՞ր է ֆինանսավորումը դադարեցվի, Եղոյանը պատասխանել է՝ անդրադառնալով քննադատության ձևին և քաղաքական գործունեության սահմաններին։
«Բա որ ասում եք եկեղեցին և պետությունը անջատ են, բա ո՞նց են անջատ, թե՞ մենակ պետությունն է անջատ եկեղեցուց, իսկ եկեղեցին անջատ չէ՞ պետությունից: Եկեղեցին, կաթողիկոսը կամ արքեպիսկոպոսը երբ ուզի, կարո՞ղ է քաղաքական երթ սկսի ու անունն էլ դնի՝ սրբազան»,- ասել է նա։կ
Այս պատասխանները չեն պարզաբանում՝ գումարի վերադարձը լինելու է օրենքով սահմանված իրավունք, թե կախված է լինելու առանձին ծրագրերի ֆինանսավորման որոշումներից։ Դեռ ներկայացված չեն նաև ծրագրերի ընտրության և ֆինանսավորումը մերժելու չափանիշները։
Ինչ արտոնություններ ունի Եկեղեցին այսօր
Եկեղեցու հարկային արտոնությունները սահմանված են 2007-ին ընդունված՝ Պետության և Եկեղեցու հարաբերությունների մասին օրենքով և Հարկային օրենսգրքով։
2007-ի օրենքը հարկումից ազատում է Եկեղեցու ստացած նվիրատվություններն ու ընծաները, ինչպես նաև ծիսական նշանակության առարկաների և պարագաների արտադրությունն ու իրացումը։
Հարկային օրենսգիրքն էլ (64-րդ հոդված) ԱԱՀ-ից ազատում է կրոնական ծիսակատարությունների կազմակերպման ծառայությունները, կրոնական կազմակերպություններին կրոնական պարագաների վաճառքը և այդ կազմակերպությունների կողմից դրանց վաճառքը։ Այս արտոնությունը միայն Հայ առաքելական եկեղեցուն չէ, որ վերաբերում է։
Անշարժ գույքի հարկի արտոնությունը նույնպես չի սահմանափակվում պատմամշակութային եկեղեցիներով։ Հարկային օրենսգիրքը (230-րդ հոդված) ներառում է նաև Մայր Աթոռին պատկանող՝ հուշարձանի կարգավիճակ չունեցող եկեղեցիները, որոշ հոգևոր-մշակութային և կրթադաստիարակչական կառույցներ, ծիսական պարագաների արտադրության ու վաճառքի համար օգտագործվող անշարժ գույքը և ներքին սպասարկման արհեստանոցները։ Համապատասխան գույքերի ցանկը սահմանում է կառավարությունը։
Հետևաբար, առաջարկի շրջանակը հասկանալու համար անհրաժեշտ է հստակեցնել՝ գործող արտոնություններից որոնք են վերացվելու և որ գույքի նկատմամբ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վերստուգիչ հանձնախմբի համաատենապետ Արարատ եպիսկոպոս Գալթագճյանի խոսքով՝ մոմերի ու ծիսական պարագաների վաճառքից ստացված եկամուտը ծածկում է Մայր Աթոռի ծախսերի ընդամենը 10-15 տոկոսը։ Նա այդ գործունեությունը բիզնես չի համարում։
Եպիսկոպոս Գալթագճյանը հարկային հարցերի շուրջ տարաձայնությունների օրինակ է բերում նաև մոմի հումքի՝ պարաֆինի ներմուծումը։ Նրա խոսքով՝ մինչև 2018-ը ներմուծումը ճանաչվում էր բարեգործական ծրագրի մաս, իսկ հետագայում այդ մոտեցումը փոխվել է։
Եկեղեցու դիրքորոշումն այն է, որ ծիսական պարագաների արտադրության հարկային արտոնությունը պետք է տարածվի նաև անհրաժեշտ հումքի վրա։
Օրենսդրությունը, սակայն, բարեգործական ծրագրով ներմուծման համար նախատեսում է առանձին կարգավորում։ Հարկային օրենսգրքով այդպիսի ներմուծումը կարող է ազատվել ԱԱՀ-ից։ Օրենքով ուղղակիորեն չսահմանված դեպքերում ծրագրի բարեգործական բնույթն ու արտոնության շրջանակը որոշում է կառավարության լիազոր մարմինը։ Այսպիսով, պատրաստի կրոնական պարագաների վաճառքի և բարեգործական ծրագրով հումքի ներմուծման արտոնությունները տարբեր իրավական հիմքեր ունեն։
Թափանցիկության պահա՞նջ, թե՞ քաղաքական ճնշում
Հարկային առաջարկը Եկեղեցու ղեկավարության և իշխանությունների հակամարտության միայն մեկ բաղադրիչն է։
Վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի պատրաստած զեկույցը ֆինանսական անթափանցիկության մասին պնդումների հետ մեկտեղ առաջարկում է Գարեգին Բ կաթողիկոսի հեռացում, եկեղեցական կառավարման նոր կանոնների ընդունում և նոր կաթողիկոսի ընտրություն։ Սրանք զեկույցի հեղինակների գնահատականներն ու առաջարկներն են։
Մայր Աթոռում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած ժողովի մասնակիցները դատապարտեցին խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծումը՝ այն համարելով Եկեղեցու ինքնավարությանը միջամտելու փորձ։ Նրանք խորհրդարանական մեծամասնությանը կոչ արեցին գործել սահմանադրական լիազորությունների շրջանակում և հրաժարվել Եկեղեցու ներքին կյանքին միջամտելուց։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարկային առաջարկը կապում է Եկեղեցու և կաթողիկոսի դեմ քաղաքական պայքարի հետ։ Որպես օրինակ՝ նա հիշատակում է նաև «Շողակաթ» հեռուստաընկերությանը հանրային մուլտիպլեքսով հեռարձակվելու հնարավորությունից զրկելը։

«Հիմա իրենք կարող են ասել հարկ է, թող բոլորը տան, բայց իրական պատճառը հասկանում ենք չէ՞։ Սա հակաեկեղեցական պայքար է, անձամբ վեհափառ հայրապետի դեմ սանձազերծած պայքար է»,- ՍիվիլՆեթին ասել է Խաչատրյանը։
Եղոյանը չի ընդունում ճնշման մասին գնահատականը և ֆինանսական թափանցիկության պահանջը համարում է պետական պարտականություն։
«Դա կարող է համարվի ճնշում մի դեպքում, եթե այնտեղ կա ստվերային շահույթ, որը իրենք չեն ուզում ցույց տալ և էս համակարգի բերումով արդեն ստիպված են լինելու ցույց տալ»,- ասել է նա։
Եպիսկոպոս Գալթագճյանը, իր հերթին, հարկային վեճը համարում է Եկեղեցու նկատմամբ տարիներ շարունակվող ճնշման մաս։ Նրա խոսքով՝ հարցադրումները հարկերից անցել են թափանցիկությանը, գույքին և ֆինանսավորման վերահսկողությանը։
Հովհաննիսյանը փոփոխությունների ժամկետ չի նշում՝ ասելով, որ անհրաժեշտ է հանրային քննարկում։ Եղոյանը չի առարկում քննարկումներին, սակայն կարծում է, որ դրանք կարող են նաև չլինել, քանի որ քննարկումն արդեն վարում են ժողովրդի ընտրված ներկայացուցիչները՝ պատգամավորները։
Հարկային օրենսգիրքը, մինչդեռ, իր սկզբունքների թվում նշում է, որ օրենսգրքի փոփոխություններն ու լրացումները պետք է նախապես քննարկվեն մասնագիտական ու հասարակական կազմակերպությունների, գործարար միջավայրի ներկայացուցիչների և շահագրգիռ պետական մարմինների հետ։
Մինչև նախագծի ներկայացումը բաց են մնում ոչ միայն հարկման ծավալի, այլև գումարի վերադարձի պայմանների հարցերը․ որքան է նախատեսվում հավաքել, ով է ընտրելու ֆինանսավորվող ծրագրերը և արդյոք այդ ֆինանսավորումը կախված է լինելու Եկեղեցու քաղաքական դիրքորոշումներից։












