Քաղաքացիները կարող են հնարավորություն ստանալ իրենց վճարած եկամտային հարկի հաշվին տարեկան մինչև 3000 դրամ հատկացնել հասարակական կազմակերպություններին, լրատվամիջոցներին և կուսակցություններին։ Նման կարգավորում նախատեսող Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագծին նոյեմբերի 11-ին Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել՝ 5 կողմ և 3 դեմ ձայներով։
Նախագիծը ներկայացրել է ֆինանսների նախարարի տեղակալ Համլետ Սահակյանը։ Նրա խոսքով՝ նախատեսվում է, որ քաղաքացին եկամուտների հայտարարագրման համակարգում կկարողանա ընտրել մեկական ՀԿ, լրատվամիջոց և կուսակցություն՝ յուրաքանչյուրին ուղղելով մինչև 1000 դրամ։ Հատկացումների ընդհանուր առավելագույն չափը կարող է կազմել 3000 դրամ։
Գումարը քաղաքացու ընտրության հիման վրա կազմակերպություններին փոխանցելու է Պետական եկամուտների կոմիտեն։ Նախագծով նախատեսվող գումարների վերջնական չափերը, շահառուներին ներկայացվող պահանջներն ու ընթացակարգերը սահմանելու է կառավարությունը։
Սահակյանի խոսքով՝ կազմակերպությունները պետք է առնվազն երկու տարի գրանցված լինեն, չունենան հարկային պարտավորություններ և ՊԵԿ-ին ներկայացնեն իրենց եկամուտների ու ծախսերի վերաբերյալ տեղեկություններ։ Այդ տվյալների հիման վրա կձևավորվեն կազմակերպությունների ցանկեր, որոնք հասանելի կլինեն հայտարարագրման համակարգում։
«Ոչ մի ուղղության բովանդակային որևէ չափանիշ չի նախատեսվում»,- հայտարարել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ լրատվամիջոցների հրապարակումների բովանդակությունը գնահատման ենթակա չի լինելու։
Քննարկման ընթացքում, սակայն, մտահոգություններ են հնչել ֆինանսավորում ստացող կազմակերպությունների շրջանակի ձևավորման և քաղաքացիների ընտրության գաղտնիության վերաբերյալ։
«Ժողովուրդ» օրաթերթի հիմնադիր, նախկին պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարց է բարձրացրել, թե ինչպես կարող են լրատվամիջոցները, ՀԿ-ներն ու կուսակցությունները անկախ լինել, եթե ֆինանսավորում ստանալու չափանիշները սահմանելու է կառավարությունը։
«Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանն էլ կարևորել է երաշխիքների առկայությունը, որպեսզի քաղաքացիների՝ որևէ լրատվամիջոցի կամ կուսակցության աջակցելու վերաբերյալ տեղեկությունները չօգտագործվեն քաղաքական նպատակներով։ Նա նաև հարց է բարձրացրել նախաձեռնության նախնական քննարկումներում ոլորտի ներկայացուցիչների ոչ բավարար ներգրավվածության վերաբերյալ։
Սահակյանը վստահեցրել է, որ կազմակերպությունների ցանկերը ձևավորվելու են սահմանված պահանջներին համապատասխանության հիման վրա, այլ ոչ թե նրանց գործունեության բովանդակության գնահատմամբ։ Նա պատրաստակամություն է հայտնել շարունակել քննարկումները և անհրաժեշտության դեպքում լրամշակել նախագիծը։
Կառավարությունը նախաձեռնությանը հավանություն էր տվել սեպտեմբերի 17-ին։ Այն ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ փոփոխության նպատակը քաղաքացիներին իրենց վճարած եկամտային հարկի հաշվին ՀԿ-ներին, լրատվամիջոցներին և կուսակցություններին աջակցելու հնարավորություն տալն է։
Հովհաննիսյանը հետագայում պարզաբանել էր, որ նախաձեռնությունը միտված է այդ կառույցների ֆինանսական անկախության ամրապնդմանը՝ հնարավորություն տալով քաղաքացիներին որոշելու, թե որ կազմակերպությանն աջակցել։
Նախագիծն ընդունվելու դեպքում նոր կարգավորումները տարածվելու են 2026-ի և հաջորդող հարկային տարիների համար հաշվարկված ու վճարված եկամտային հարկի վրա։ Օրենքի ընդունումից հետո կառավարությունը երեք ամսվա ընթացքում պետք է սահմանի դրա կիրառման մանրամասն կարգը։












