Գլխավոր Լրահոս

Սոցիալական կրեդիտների համակարգն անկախ ֆինանսավորում կապահովի մեդիայի և ՀԿ-ների համար. նախարար

Սոցիալական կրեդիտների համակարգն անկախ ֆինանսավորում կապահովի մեդիայի և ՀԿ-ների համար. նախարար

Կառավարությունը նախատեսվում է սոցիալական կրեդիտների նոր համակարգ ներդնել, որը քաղաքացիներին հնարավորություն կտա իրենց վճարած եկամտահարկի հաշվին ֆինանսական միջոցներ ուղղել լրատվամիջոցներին, հասարակական կազմակերպություններին և կուսակցություններին։ Այս մասին «Լրատվական ռադիո»-ի եթերում հայտարարել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Նախարարն ընդգծել է, որ նախագիծը միտված է ապահովելու այս ինստիտուտների անկախ ֆինանսավորումն ու գործունեությունը՝ բացառելով պարտադրված օրակարգերը։

«Վաղուց էինք քննարկում, թե ինչպես կարող ենք անել, որպեսզի այն ինստիտուտները, որոնք կոչված են հանրության այս կամ այն խմբի շահերը պաշտպանել, կարողանան լինել անկախ, անկախ ֆինանսավորում ունենան։ Օրինակ՝ ինչպես են ֆինանսավորվում հիմա հասարակական կազմակերպությունները, կամ ընդհանրապես վերջին տասնամյակներում ինչպե՞ս են ֆինանսավորվել. իրենք դիմում են որևիցե գրանտի, որևիցե միջազգային կազմակերպության՝ որևէ գործ անելու համար, և ըստ էության այդ գրանտի տեխնիկական առաջադրանքի կամ հրավերի մեջ գրված ա, թե ինչ պատվեր պետք է իրենք կատարել»,- ասել է նախարարը:

Նախարարի խոսքով՝ համակարգից օգտվելու համար կազմակերպությունները պետք է համապատասխանեն թափանցիկության որոշակի պահանջների և իրենց հաշվետվությունները ներկայացնեն Պետական եկամուտների կոմիտե։ Այդ տվյալները հասանելի կլինեն հատուկ հարթակում, որպեսզի քաղաքացիները նախքան ֆինանսական միջոցներ ուղղելը կարողանան ծանոթանալ տվյալ սուբյեկտի եկամուտների աղբյուրներին և ծախսերին։ Համակարգը նախատեսվում է գործարկել առաջիկա տարիներին՝ ծառայելով որպես ժողովրդավարական ինստիտուտների զարգացման գործիք։

«Մենք մի պարզ ձևաչափ կսահմանենք, որպեսզի այդ բոլոր հաշվետվություններն ուղարկվեն ՊԵԿ, որպեսզի ՊԵԿ-ը կարողանա այդ հարթակում դնել այդ հաշվետվությունները, որպեսզի երբ որ դուք մտել եք որոշելու, թե ում տաք, կարողանաք այդ տեղում ինֆորմացիային ծանոթանալ ձեր ցանկացած հասարակական կազմակերպության, կուսակցության կամ լրատվամիջոցի հաշվետվության հետ և տեղում կարողանաք որոշում կայացնել»,- նշել է նախարարը:

Անդրադառնալով հնարավոր ռիսկերին ու սահմանափակումներին՝ ֆինանսների նախարարը նշել է, որ ծրագրին մասնակցելու են միայն եկամտահարկ վճարող քաղաքացիները, քանի որ սոցիալական կրեդիտները ձևավորվում են վճարված հարկերից։ Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ մեխանիզմը չի պարունակում մեծ ռիսկեր և երկարաժամկետ հեռանկարում կապահովի դրական արդյունքներ՝ հնարավորություն տալով հանրությանն ուղղակիորեն որոշելու անկախ ինստիտուտների ֆինանսավորման ուղղությունները։

Նախագիծը պետք է ներկայացվի Ազգային ժողով։ Այն ընդունվելու դեպքում կգործի 2026-ի և հաջորդ հարկային տարիների եկամտային հարկի մասով։

Հարկային օրենսգրքի գործող կարգավորումը սոցիալական ծախսերի շրջանակում նախատեսում է առողջապահության, կրթության և բնակարանային ապահովության նպատակով կատարված ծախսերի փոխհատուցում։ Նոր նախագծով առաջարկվում է «փոխհատուցում (վերադարձ)» ձևակերպմանը ավելացնել նաև «հատկացում» հասկացությունը։

Ֆինանսների նախարարության հիմնավորման մեջ ասվում է, որ լրատվամիջոցների կայուն և շարունակական գործունեությունը կարևոր է ազատ և անկողմնակալ խոսքի զարգացման համար։ Նախարարությունը նաև նշում է, որ Հայաստանում լրատվամիջոցներին ֆիզիկական անձանց կողմից ֆինանսական աջակցություն տրամադրելու ինստիտուցիոնալ մեխանիզմներ դեռ ձևավորված չեն։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում