Հայաստանը Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդկունենա։ Ըստ Պաշտպանության նախարարության մշակած որոշման նախագծի՝ Կանադայում ռազմական կցորդի պաշտոնը համատեղելու է ԱՄՆ-ում ՀՀ ռազմական կցորդը։ Համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության հոկտեմբերի 15-ի օրակարգում։
Նախատեսվում է, որ կցորդն իր պարտականությունների կատարմանը անցնելու է 2027-ի հունվարի 1-ից՝ Կանադայի արտաքին գործերի նախարարությանը ծանուցելու և հավատարմագրման ընթացակարգերն անցնելուց հետո։
Կցորդի հիմնական գործառույթներն են լինելու երկու երկրների ռազմական գերատեսչությունների միջև կապերի հաստատումը, համագործակցության ծրագրերի մշտադիտարկումը, պատվիրակությունների այցերի կազմակերպումը, ինչպես նաև զորավարժություններին, զորահանդեսներին ու ռազմատեխնիկական ցուցահանդեսներին հայկական կողմի ներկայացվածության ապահովումը:
Ռազմական կցորդի պահպանման ծախսերը նախատեսվում է հոգալ 2027-ից՝ Պաշտպանության նախարարությանը հատկացվող ընդհանուր բյուջետային միջոցների հաշվին:












