Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը կարճատև այցով հոկտեմբերի 16-ին կժամանի Երևան՝ մասնակցելու Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների ղեկավարների 17-րդ համաժողովին (COP17)։ Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Իսմայիլ Բաղային, գրում է Irna գործակալությունը։
«Նախագահի կարճատև այցը Երևան տեղի կունենա ուրբաթ օրը՝ Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի անդամ պետությունների ղեկավարների 17-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։ Նախատեսված է նաև համաժողովի շրջանակում զրույցներ և մտքերի փոխանակում ունենալ մասնակից որոշ ղեկավարների հետ»,- ասել է Բաղային։
Իսմայիլ Բաղային հավելել է, որ Թեհրանը մտադիր է միջազգային հարթակում բարձրացնել բնապահպանական վնասների հարցը։
«Իրանը կօգտագործի յուրաքանչյուր առիթ՝ մեր երկրի և տարածաշրջանի շրջակա միջավայրին, այդ թվում՝ Պարսից ծոցում և Օմանի ծովում ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի ռազմական ագրեսիայի հետևանքով հասցված վնասներն ու հանցագործությունները փաստաթղթավորելու և ներկայացնելու համար»,- ասել է Բաղային։
Հոկտեմբերի 19-30-ը Երևանը հյուրընկալում է ՄԱԿ-ի Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը՝ տարվա խոշորագույն բնապահպանական իրադարձություններից մեկը։ Համաժողովին կմասնակցեն 196 անդամ երկրի ներկայացուցիչներ, միջազգային կազմակերպություններ, գիտնականներ և տասնյակ հազարավոր հյուրեր ամբողջ աշխարհից։












