Սիրանուշ Ադամյան
Երևանում հոկտեմբերի 18-ի երեկոյան պաշտոնապես բացվեց ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովը՝ COP17-ը։ Հոկտեմբերի 19-30-ը նախատեսված քննարկումների առանցքում կենսաբազմազանության պահպանման ուղղությամբ միջազգային պարտավորությունների կատարումն է։
Բացման արարողությանը ելույթ են ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի գործադիր քարտուղար Աստրիդ Շոմակերը։
«Սերունդներ շարունակ մենք մեր տնտեսություններն ու քաղաքները կառուցել ենք այն պատկերացմամբ, թե կարծես բնությունն անսպառ ռեսուրս է, որը մենք կարող ենք կառավարել և ի վերջո ամբողջությամբ ենթարկել մեզ։ Բայց բնությունն այդպես չի գործում»,- հայտարարել է Փաշինյանը։
Նրա խոսքով՝ Երևանի համաժողովի գլխավոր առաքելությունը մինչ այժմ արձանագրված առաջընթացը գնահատելը, բացերը բացահայտելն ու հետագա առաջնահերթ գործողությունների շուրջ համաձայնության հասնելն է։
«Թող սա լինի այն պահը, երբ խոսքերից անցնում ենք գործի և մասնատվածությունից՝ համագործակցության»,- ասել է նա։
Արարատ Միրզոյանն ընդգծել է բազմակողմ համագործակցության կարևորությունը՝ բնապահպանական խնդիրները լուծելու համար։ Աստրիդ Շոմակերն իր հերթին անդրադարձել է միջազգային պարտավորությունների կատարման ընթացքին և բնության պահպանության համար համատեղ գործողությունների անհրաժեշտությանը։
Համբարձում Մաթևոսյանը հայտարարել է, որ Հայաստանը Կոլումբիայի հետ նախաձեռնում է 17 երկրների մասնակցությամբ համագործակցություն՝ վտանգված տեսակների վերականգնման նպատակով։
COP17-ի ընթացքում առաջին անգամ գլոբալ մակարդակով գնահատվելու է 2022-ին ընդունված Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջընթացը։ Փաստաթղթի հիմնական նպատակներից է մինչև 2030 թվականը ցամաքային և ծովային տարածքների առնվազն 30 տոկոսի պահպանության ապահովումը։
Համաժողովին նախորդել էր հոկտեմբերի 16-ին Երևանում անցկացված առաջնորդների գագաթնաժողովը, որի ընթացքում ընդունվեց Երևանի հռչակագիրը։
Համաժողովը՝ Ամուլսարի հանքի գործարկման ֆոնին
COP17-ն անցկացվում է Հայաստանում բնապահպանական խնդիրների շուրջ շարունակվող բանավեճի պայմաններում։ Հոկտեմբերի 10-ին՝ համաժողովի մեկնարկից ութ օր առաջ, վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ պաշտոնապես գործարկվեց Ամուլսարի ոսկու հանքը։
Հանքի շահագործումը տարիներ շարունակ բնապահպանական կազմակերպությունների և ակտիվիստների քննադատության առարկա է։ Հոկտեմբերի 12-ին հրապարակված հայտարարությամբ բնապահպաններն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները պահանջել են դադարեցնել հանքի շահագործումը՝ ահազանգելով շրջակա միջավայրի համար հնարավոր հետևանքների մասին։
Հանքը շահագործող ընկերությունը պնդում է, որ նախատեսված բնապահպանական միջոցառումները թույլ են տալիս կառավարել ռիսկերը։












